Logo
Print this page

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՈՒՇ-ՄՐՑԱՇԱՐ

Ապրիլի 14-ին Հադրութի մշակույթի տանը կայացավ  բռնցքամարտի հուշ-մրցաշար` նվիրված բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար, Հադրութի մանկապատանեկան  մարզադպրոցի նախկին տնօրեն Գեղամ Բարեյանի հիշատակին։

Մրցաշարին մասնակցում էին Մարտունու (ՀՀ),  Ստեփանակերտի,  Կարմիր շուկայի, Ճարտարի, Մարտունու, Մարտակերտի և Հադրութի մանկապատանեկան մարզադպրոցների 10-16 տարեկան 70  մարզիկներ։ Այն  բացեց Հադրութի քաղաքային համայնքի ավագանու անդամ, ՙԴիզակ՚ շրջանային  թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյանը։ 

Ռինգ են հրավիրվում մրցող թիմերը։  Բռնցքամարտի հանրապետական կարգի մրցավար Մանուշակ Դավթյանը Հադրութի քաղաքապետ Վիգեն  Հարությունյանին զեկուցեց, որ թիմերը պատրաստ են  մրցաշարն սկսելուն։ Իր ելույթում Հադրութի քաղաքապետը նշեց, որ նման մրցաշար առաջին անգամ է  կազմակերպվում շրջկենտրոնում։ Այս միջոցառումը մի կարևոր ուղերձ է մատաղ սերնդի  ռազմահայրենասիրական  դաստիարակության գործի նվիրյալներին։ Նա բոլորին ցանկացավ առողջ մրցակցություն և ազնիվ պայքարում հաղթանակներ։ 

Այնուհետև Լիանա Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց Գեղամ Բարեյանի կենսագրությունը, նրա  մարտական և, որպես մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրենի` աշխատանքային ուղին։  Ներկաները մեկ րոպե  լռությամբ հարգեցին Գեղամ Բարեյանի հիշատակը։ 

Հուշ-մրցաշարի գլխավոր մրցավար Գևորգ Սարգսյանը ներկայացրեց բոլոր թիմերի  մարզիչներին, ապա ազդարարեց մրցաշարն սկսելու մասին։ Համառ պայքար ընթացավ բոլոր թիմերի միջև։ Ավելի պատրաստված էին ՀՀ Մարտունու,  Ստեփանակերտի, Հադրութի բռնցքամարտիկները, որոնք էլ համապատասխանաբար բաժանեցին մրցանակային տեղերը, արժանացան պատվոգրերի, հուշամեդալների և նվերների։ Պատվոգրերի և նվերների արժանացան նաև մնացած թիմերի մարզիկները։

 Հուշ-մրցաշարը մի գեղեցիկ նվեր էր Գեղամ Բարեյանի  ծննդյան 68-ամյակին։

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.