ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼՍԱՐԱՆԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Արցախում աշխատանքային այցով գտնվող` ՀՀ հեռուստաընկերությունների ղեկավար աշխատողները հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ օրերս հանդիպում ունեցան ԱրՊՀ լրագրության բաժնի դասախոսների և ուսանողների հետ:
Ողջունելով հյուրերին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն: Քննարկման թեման էր ՀՀ և ԱՀ լրատվամիջոցների համագործակցությունն առկա մարտահրավերներին դիմակայելու շրջանակներում:
Ներկայացնելով գործընկերներին՝ Գագիկ Բունիաթյանը մասնավորապես անդրադարձավ լրագրության և լրագրողի դերին ու նշանակությանը: Այսօրվա պատերազմները հիբրիդային բնույթ ունեն, ինչի կարևոր բաղկացուցիչը տեղեկատվությունն է: Այն ուժը, որը կարողանում է տեղեկատվական պատերազմում հաղթել, գործի կեսն արդեն ապահովում է: Այսօրվա պայմաններում լրագրողի մասնագիտությունը շատ կարևոր, ստեղծագործական մեծ ներուժ ու հնարավորություններ ունեցող մասնագիտություն է, մասնավորապես ասաց ՀՌԱՀ նախագահը:
Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը, ներկայացնելով Հ1-ի ուղղվածությունը, նշեց, որ այն հիմնականում մշակութային և կրթական հենքի վրա կառուցված քաղաքականությամբ աշխատող հեռուստաալիք է: ՙԻրոք, ժամանակակից աշխարհը տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհ է, և տեղեկատվական պատերազմներն էլ ամենաուժեղն են: Այս համատեքստում մեզանից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս արդյունավետ դարձնել իր աշխատանքային գոյատևման բոլոր մեթոդները՚,- ասաց նա:
Դիմելով ուսանողներին՝ Հանրայինի գործադիր տնօրենը կոչ արեց ուսումնառության ընթացքում, մինչև մասնագիտական աշխատանք գտնելը, հայթայթել և համացանցում տեղադրել Արցախի մասին ուշագրավ նյութեր: Ցանկացած մարդ այսօր կարևոր իրադարձությունները տեսագրելու, մոնտաժելու և տարածելու տեխնիկական լայն հնարավորություններ ունի, իսկ աշխարհն Արցախի զարգացումը տեսնելու անհրաժեշտություն ունի: Պետք է հավատալ սեփական ուժերին և համարել, որ այսօրվա արած գործն իրոք կարևոր է երկրի համար: Մեծ շանս է տրված, և սովորելուն զուգահեռ պիտի գործնական ջանքեր գործադրել մասնագիտական գիտելիքների խորացման ուղղությամբ:
Հյուրերը նաև պատասխանեցին ուսանողների հարցերին:
Հարց հնչեց ցածրորակ հեռուստասերիալների առնչությամբ, որոնք ակնհայտորեն իջեցնում են մշակութային ուղղվածության որակը: Ի պատասխան՝ Գ. Բունիաթյանն ասաց, որ հեռուստատեսությունը միայն լրատվական հարթակ չէ, այն միաժամանակ ժամանց է. ՙԳործնականում բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարներն էլ կցանկանային, որ իրենց եթերը լիներ մեր պատկերացումների չափորոշիչներով, բայց հարկ է նաև ընդունել, որ այսօր 21-րդ դարն է, և կա լայն հնարավորություն` դիտելու հարյուրավոր ալիքներ, ուստի լսարան գրավելու խնդիր էլ է առաջանում: Բոլորը չէ, որ լրատվություն են դիտում կամ հետաքրքրվում քաղաքականությամբ: Մյուս կողմից, այդ սերիալները չեն կարող լինել մեր պատկերացրած անաղարտ լեզվով ու գեղարվեստական բարձր մակարդակով, բայց եթե այսօրվա սերիալները համեմատենք 10 տարի առաջվա ստեղծածների հետ, կտեսնենք, որ զգալի առաջընթաց է ապրել մեր հեռուստաարտադրությունը թե՜ լեզվի, թե՜ տեխնիկական, և թե՜ գեղարվեստական առումներով՚:
Մ. Գրիգորյանն էլ պատասխանեց, որ եթե հանրային հեռուստաընկերությունն իրեն կարող է թույլ տալ ավելի շատ մշակութային հաղորդումներ ունենալ, ապա շատ բարդ է կոմերցիոն հեռուստատեսությունների խնդիրը. նրանք պետք է կարողանան շուկայում իրենց գոյատևումն ապահովել: Գովազդատուն ավելի շատ կանգնում է սերիալի, քան որևէ մշակութային ծրագրի կողքին:
Մասնավոր հեռուստաընկերության ներկայացուցիչն այս առնչությամբ կարծիք հայտնելով, նշեց, որ իրենք գործում են բիզնեսի օրենքներով: Երբեմն հեռարձակվում է անճաշակ բան, բայց պարզվում է, որ դա ավելի շատ է հետաքրքրում հեռուստադիտողին, քան մյուս լուրջ հաղորդումները: Խնդիրը հեռուստադիտող ապահովելն է, և դա ամենուրեք է այդպես:
ՙԱյսօրվա զարգացումների փուլում չափորոշիչներն էլ են ապականվում: Ինտերնետը, նոր տեխնոլոգիաները, հաղորդակցության նոր ձևերը շատ անորոշ պատկեր են ստեղծում: Մի օր սահմանները ջնջվելու են, և արդյունքում մնալու է մի բան` մարդու ստեղծագործական աշխատանքը: Կմնա նաև հեռուստադիտողը: Ձեզ մնում է սիրել ընտրած մասնագիտությունն ու նվիրվել դրան, իսկ ցանկալի արդյունքներ անպայման կլինեն՚,- հավաստիացրեց Գագիկ Բունիաթյանը:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ