Logo
Print this page

ԿԵՍ ԴԱՐԻՑ ԱՎԵԼԻ՝ ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ ԲԵՄԻ ՎՐԱ

Ապրիլի 17-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցավ ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի 70-ամյա հոբելյանին նվիրված երեկո, որին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ։Հոբելյանական երեկոն վարում էր Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը։

Միջոցառման կազմակերպիչները հետաքրքիր ձևաչափ էին ընտրել ներկայացնելու հոբելյարին, և դա` մայր¬թատրոնի անցած ճանապարհի համապատկերի վրա։ Լավագույնս օգտագործվել էին  տեսանյութեր թատերական ներկայացումներից, փոքրիկ տեսարաններ՝ բեմադրություններից (կենդանի խաղով), երաժշտական համարներ։

Երեկոյի սկիզբը խորհրդանշական էր. հնչեցին երախտավորների անունները, որոնց ավանդը մեծ է թատրոնի ստեղծման, կայացման գործում, որոնց շնորհիվ թատրոնը դարձել էր հայապահպանության և գեղագիտական դաստիարակության դարբնոց արցախահայության կյանքում։ Նրանք են՝ Կարո Ալվարյան,  Միքայել Կորգանյան, Գուրգեն Հարությունյան, Իվան Հովհաննիսյան, Թամարա Մելքումյան, Սուրեն Համզոյան, Բենիկ Օվշյան, Մամիկոն Միքայելյան, Մարգո Բալասանյան, Զինավոր Գևորգյան...

Թատրոնի երախտավորների գործը շարունակել են Քաջիկ Հարությունյանը և նրա սերնդակիցները, ովքեր այսօր էլ շարունակում են աշխատել` իրենց փորձը փոխանցելով երիտասարդ սերնդին, ովքեր այդ օրը բեմի վրա իրենց դրվագային  խաղով, իրենց ջերմ խոսքով, ելույթներով հետաքրքիր դարձրին երեկոն։ Նշենք, որ այս տարի լրանում է նաև դրամատիկական թատրոնի 85-ամյակը,  ժողովրդական արտիստի հոբելյանով մեկնարկը տրվեց, տարվա ընթացքում սպասվում են այլ միջոցառումներ։

Ողջույնի խոսք ասաց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, մասնավորապես ընդգծելով, որ հոբելյարը կես դարից ավելի բեմի վրա է, որ սիրված ու ճանաչված դերասան է, որ այն երջանիկ մարդկանցից է, ով կարողացել է գնալ իր երազանքի հետևից և այն իրականություն դարձնել։

Դեռ ուսանողական տարիներից  ճակատագիրը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին հանդիպեցրել է Ք. Հարությունյանին, ու նա շփվել է, մտերմացել  մարդու այն տեսակի հետ, ով անսահման սիրում է իր գործը, ով նվիրվածության օրինակ է հանդիսանում շրջապատի համար։ Խորհրդարանի  խոսնակի ուսանողության տարիներին Հարությունյանը ղեկավարել է թատերական խմբակ, դրել է ներկայացում, որով խումբը շրջել է Արցախով մեկ, ծանոթացել երկրին ու նրա մարդկանց։ Դա Ղարաբաղյան շարժմանը նախորդած ժամանակներն էին, ընդհատակյա շրջանը, և օդը լցված էր վերածննդի գաղափարներով ու շնչով։ Խաղացած դերերով Ք. Հարությունյանը նպաստել է երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, իր փորձը փոխանցել  մատաղ սերնդին, և պատահական չէ, որ նրա սաները միշտ հաջողություն են ունեցել հանրապետության և նրա շրջանակներից դուրս մրցույթներում ու փառատոներում։ Եվ այդ հաջողությունն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Ա.Ղուլյանը  նաև փաստեց, որ թատրոնի համար գուցե փայլուն ժամանակներ չեն, բայց համոզմունք հայտնեց, որ կվերականգնվի թատրոնի նախկին փառքը, որ Հարությունյանը հանդիսատեսին կհիացնի իր դերակատարումներով։

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը երկար տարիներ եղել է Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, ծանոթ է եղել  թատրոնի անդրկուլիսյան կյանքին, ներկայացում ստեղծելու խոհանոցին, ու միշտ հիացել է դերասան և քաղաքացի Քաջիկ Հարությունյանով։  Նա նշեց, որ թատրոնն ազգի ազնվականության վկայությունն է, Արցախի թատրոնը՝ հատկապես, որ արվեստին պետք է ծառայել բոլորանվեր, ինչպես աշխատել է հոբելյարը, ստեղծելով 100-ից ավելի դերեր, խտրություն չդնելով մեծ ու փոքր դերերի միջև, և այսօր նրա այս ճանապարհն օրինակելի է երիտասարդ սերնդի համար։

ԱՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը և հոբելյարը միասին երկուսուկես տասնամյակ համագործակցել են Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում։ Պատգամավորը բնութագրեց դերասան-խմբակավարին որպես գործիմաց, կարգապահ, նվիրված աշխատողի՝ սիրված ու հարգված սաների ու գործընկերների կողմից։ Նրա թատերախմբի սաներից ոմանք դերասաններ են դարձել, իսկ Ջիվան Ավետիսյանն իր ՙԹևանիկ՚ ֆիլմով հաջողություն է ունեցել միջազգային կինոփառատոներում։

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը, ով ակտիվորեն մասնակցել է թատրոնի ստեղծագործական աշխատանքներին, հնարավորություն է ունեցել ամբողջությամբ թափանցելու հոբելյարի դերասանական կարողությունների ու ստեղծագործական դրսևորումների մեջ։ Ողջույնի իր խոսքում նա նշեց, որ հոբելյարը մնայուն էջեր է ստեղծել մշակույթի պատմության մեջ, որ Բենիկ Օվչյանի, Սուրեն Համզոյանի, Մամիկոն Միքայելյանի, Ժորա Մովսիսյանի, Մարգո Բալասանյանի և այլ վարպետների հետ պատվով է կրել թատրոնի ՙծանր խաչը՚, ինչպես նաև հիանալի ասմունքով հնչեցրել է հայ դասական և ժամանակակից գրողների ընտիր էջերը։ 

Քաջիկ Հարությունյանին` որպես դերասանի և մարդու, բնութագրեցին ԱՀ ԱԺ պատգամավոր, գրող-հրապարակախոս Վարդգես Բաղրյանը, ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը, հաղորդավար, դերասան Աշոտ Սարգսյանը։ 

Հոբելյարը ասմունքում է Եղիշե Չարենցի ՙԽմբապետ Շավարշը՚, հատված Մուրացանի ՙԱռաքյալը՚ վիպակից (տեսաֆիլմ), ապա նրա մասնակցությամբ հատվածներ են ցուցադրում տարբեր տարիների բեմադրություններից՝ ՙՌուզան՚, ՙԳիքորը՚, ՙՀառաչանք՚, ՙԱղջիկը փեսացու է փնտրում՚։  

Մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները ողջունում են ասմունքով (Գևորգ Էմին) և պարով (երաժշտությունը` Խաչատուր Ավետիսյանի)։ 

Հրաշալի ասմունքով հանդես եկավ հոբելյարի թոռը՝ Անի Հարությունյանը՝ ներկայացնելով հատված Խաչատուր Աբովյանի ՙՎերք Հայաստանի՚ վեպից։ 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.