[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է։ Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառանգության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ և այլն։

 Նման ձևով հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգությանը, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերին: 

Օրն ավանդաբար նշվում է նաև Արցախում. ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հատկապես այդ օրն է գումարում իր հերթական նիստը, որտեղ ամփոփվում են նախորդ տարվա կատարված աշխատանքներն ու նախանշվում առաջիկա անելիքները։

Ապրիլի 18-ին տեղի ունեցած՝ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստը վարում է նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, ուսումնասիրման և օգտագործման բաժնի պետ Սլավա Սարգսյանը։ 

Նախքան նիստի մեկնարկը նախարար Սերգեյ Շահվերդյանը գերատեսչության պատվոգրով պարգևատրեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում տարբեր ներդրումներ ունեցած և ֆինանսական աջակցություն ցուցաբերած մի խումբ անձանց, մասնավորապես՝ ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանին, ՙԱրևելյան պատմական ժառանգության վերածնունդ՚ բարեգործական հիմնադրամին, ճարտարապետ, բարերար Մաքսիմ Աթայանցին, Արցախի մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանին, ՙՖլորենս Գարդեն՚ ՍՊԸ տնօրեն Արայիկ Աղաջանյանին, ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային ծառայության պետ Նվեր Դադամյանին, նույն ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային ծառայության հուշարձանի պահապան Վրեժ Այդինյանին և ՙՏողի մելիքական ապարանք՚ պատմամշակութային արգելոցի հուշարձանների պահապան Ալեքսանդր Եգանյանին։ 

Շնորհավորելով պարգևատրվածներին և բոլոր մյուս ներկաներին օրվա առիթով՝ Ս. Շահվերդյանն ընդգծեց հուշարձանների պահպանության կարևորությունը հայ ազգի անցյալի ժառանգության պահպանման և պատմական այդ ժառանգությունը հետագա սերունդներին փոխանցելու գործում։ Նա միաժամանակ կարևորեց հասարակության լայն շրջանակների կողմից պատմական արժեքների հանդեպ սրտացավությունը՝ նշելով, որ միայն պետական միջոցներով հնարավոր չէ իրականացնել պատմական ժառանգության պահպանության գործը։ Բոլոր այն երկրներում, որտեղ հասարակությունն ակտիվորեն ներգրավված է դրանում նշված ոլորտը բարվոք վիճակում է, ասաց նախարարը։ Պարգևատրմանը հաջորդած նիստին հանրապետությունում պեղումների և ուսումնասիրությունների ուղղությամբ 2017-ին կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան 9 տեղանքների արշավախմբերի ղեկավարները։ 

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքում գտնվող ՙՔարին տակ՚ (Ալեքսանա ղուզե) քարանձավի պեղման և ուսումնասիրման աշխատանքներ իրականացնող արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ ՙՔարին տակ՚-ը 2011-ին առանձնացրել են որպես հեռանկարային և հուսալի քարանձավ։ Նախորդ տարի իր գործընկերները ԱՄՆ-ից և Լեհաստանից էին։ Արցախից, ցավոք, այս անգամ գործընկեր չի ունեցել. բացը կփորձեն լրացնել այս տարի։ Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ հիմնական լայնածավալ աշխատանքներն իրականացվել են 2015-2016 թվականներին, իսկ մինչ այդ հետախուզական աշխատանքներ են կատարվել։ 2017-ին պեղումները կատարվել են քարանձավի ներսում, հնարավորություն ունեցան կատարել նաև երկրաֆիզիկական աշխատանքներ։ Հիմնական աջակցությունն ստացել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։ ՙՄեր նպատակն է ունենալ եռաչափ հատակագիծ, որը, հուսով եմ, մոտ ապագայում կհաջողվի ունենալ։ Աշխատանքներն իրականացնելիս մենք կարողացանք կիրառել ոչ միայն հնեաբանական, այլև ժամանակակից մեթոդներ, քանի որ այստեղ շատ լավ հնարավորություններ կան ԴՆԹ-ով աշխատելու համար։ Աշխատանքները կատարում են մանրակրկիտ՝ օգտագործելով նաև ատամնաբույժի գործիքները, բավականին լավ է լուծված լուսավորության հարցը։ Օգտագործելով այն նմուշը, որը ձեռք ենք բերել Քարին տակի քարանձավում, մեզ հաջողվեց ստանալ մի մոդել, որի հիման վրա ապացուցեցինք, որ մայրական գծով ունենք գենետիկական անընդհատություն՚,- ասաց Լ. Եպիսկոպոսյանը։ Նա միաժամանակ իր դժգոհությունը հայտնեց թե՜ մարդկային, և թե՜ ֆինանսական ռեսուրսների բացակայության համար։ 

Նախորդ տարի Տիգրանակերտի պեղումներն ընթացել են երկու հատվածներում՝ վաղ քրիստոնեական թաղամասում և ամրացված հատվածում, ասաց Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքներ իրականացնող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ ՙՏիգրանակերտն այն հուշարձանն է, որն ունի այս համակարգի բոլոր մանրամասները։ Տարեկան 25-30 մետր առաջ գնալը գրեթե հատակագծի վրա չի երևում։ Երբ որ մենք ստիպված ենք 4,5 մետր խորությամբ փորել, որպեսզի հասնենք հիմքերին, և տասնյակ օրեր ծախսենք դրա վրա, բնականաբար, ստացվում է, որ կրիայի քայլերով ենք առաջ գնալու՚,- ասաց արշավախմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ Տիգրանակերտի թվագրման համար այս պեղումները շատ էական են, քանզի դրանք երևան հանեցին հազվագյուտ նյութեր: Խնդիրն այսօր այդ աշխատանքներն ընդլայնելն ու ֆինանսական հնարավորությունները մեծացնելն է։ Հ. Պետրոսյանի հավաստմամբ՝ արշավախմբի անդամներից մեկը ներկայում ատենախոսություն է գրում Տիգրանակերտի վերաբերյալ։ 

Հ. Պետրոսյանը նաև ներկայացրեց Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի   Ս. Ստեփանոս եկեղեցու տարածքի և մերձակայքի պեղման, ուսումնասիրման և Դադիվանք վանական համալիրի գմբեթավոր փոքր եկեղեցու տարածքում հնագիտական պեղումների արդյունքները, խոսեց ընթացիկ տարվա ծրագրերի մասին։ 

Հանձնաժողովի նիստը լսեց նաև Շուշի քաղաքի Վերին մզկիթի և Ս. Ամենափրկիչ ՙՄեղրեցոց՚ եկեղեցու  տարածքում պեղման աշխատանքների (արշավախմբի ղեկավար՝ Նժդեհ Երանյան), Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի գերեզմանատան պեղման-մաքրման և Տող գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու տապանաբակի պեղման, ինչպես նաև՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում գտնվող ՙՄիրիկ՚ կիկլոպյան ամրոցի պեղման և ուսումնասիրման աշխատանքների (արշավախմբի ղեկավար՝ Հայկ Ավետիսյան) վերաբերյալ հաշվետվությունները։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ