[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ ՈՒ ԶԱՐԳԱՆԱՆՔ՚

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի պետական ջազ-նվագախումբը Ջազի միջազգային օրվա առթիվ համերգներ տվեց մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության համար: Համերգներն անցան մեծ հաջողությամբ: Ո՞րն է հաջողության գրավականը: Ինչի՞ շնորհիվ նվագախումբը տարեցտարի ավելի ու ավելի լավ ելույթներ է ունենում:

Արդյունքներն ամփոփում է ջազ-նվագախմբի հիմնադիր-ղեկավար, դաշնակահար, Ջազի հայկական ասոցիացիայի անդամ Տիգրան ԼԱԼԱՅԱՆԸ:

-Ամեն համերգով նվագախումբն ակնհայտ ավելի հետաքրքիր ծրագիր է ներկայացնում, ավելի բարձր պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերում: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

-Ճիշտն ասած, եղածով չենք բավարարվում: Հատկապես ես, որ պատասխանատու եմ ամեն ինչի համար: Այս փոքր քաղաքում ժամանակս այնքան շուտ է անցնում, որ չեմ էլ զգում: Թույլ չեմ տալիս, որ ժամանակը հենց այնպես անցնի: Ամեն օր մի բան շտկվում է, մի բան փոխվում: Եվ այդպես քայլ առ քայլ առաջ ենք գնում: Արդյունքն էլ այն է, որ ամսեամիս նոր մակարդակ ենք ապահովում: Կարևորն այն է, որ նվագախմբի անդամներն ինձ հավատում են և պատրաստ են տքնել և ավելի բարձր որակ ստանալ:

Նրանք հասկացել են, որ ճիշտ ճանապարհը դա է` շատ պարապենք, որ լավ որակ ստանանք: Որպեսզի կողքից լսողը, իսկական մասնագետը, մեզ գնահատողը զգա մեր համն ու հոտը: Գիտե՞ք, մեզ փրկում է բնությունից մեր մեջ դրված տաղանդը: Մարդու մեջ մի անկյունում թաքնված տաղանդն ի հայտ գալու համար աշխատանք է պահանջվում: Մեր արված աշխատանքի ամենամեծ քննադատը ես եմ: Եվ այսօր կարող եմ ասել, որ նրանց մեջ տեսնում եմ այն ներուժը, հնարավորությունները, ինչի շնորհիվ կարող ենք ավելի ու ավելի զարգանալ և հասնել մեծ բեմերի:

- Համագործակցության մասին: Փաստորեն այս երկու համերգների մեկ երրորդը համագործակցությունից ծնված ելույթներ էին:

-Ընդհանրապես, ճիշտ եմ գտնում տարբեր խմբերի հետ համագործակցությունը: Դա և՜ մեծ խթան է տալիս, և՜ մեծ որակ: Որտեղ կա շփում, այնտեղ կան և՜ նոր մարդիկ, և՜ նորություններ, և՜ նոր հնարավորությունների բացահայտում: Համագործակցությունն այն երակն է, որն առավել ամուր հավատ է սերմանում սեփական ուժերի նկատմամբ:

-Այսինքն` համագործակցության համար, առաջին հերթին, ձեր մակարդակը պետք է լինի բարձր, որ դա հիմք լինի, որպեսզի վստահաբար հրավիրես լավ երաժիշտին ու համոզված լինես, որ դրանից մի հետաքրքիր բան կստացվի:

-Այո, մենք հասել ենք այն աստիճանին, որ մենք կարող ենք մեզ իրավունք վերապահել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց հետ համագործակցելու: Այսօր մենք կարող ենք նման համագործակցություն ապահովել:

-Եվ ինչպե՞ս ես գնահատում այս երկու օրվա համերգները:

- Մեր հանդիսատեսը մեծ կարիք ունի նման համերգների: Եվ դա բնական է: Չէ՞ որ նա կարոտ է այն բանին, ինչն անում ենք: Այսինքն, կենդանի ձայն է հնչում մեր համերգներին,  ոգի կա, ապրումներ: Մի երևույթ խիստ պակասում է մեզանում: Ասեմ, որ նման համերգներին շատ կարևոր է կապը հանդիսատեսի հետ: Երկրորդ օրը շատ ավելի սերտ ու անմիջական կապ ստեղծվեց նվագախմբի, մենակատարների և հանդիսատեսների միջև: Արդյունքում դահլիճի մթնոլորտը ջերմացավ, և բոլորս էլ խանդավառվեցինք: Ինչքան անմիջականորեն է արձագանքում հանդիսատեսը, այնքան ավելի լավ է նվագում երաժիշտը, և ինչքան լավ է նվագում երաժիշտը, այնքան շատ է խանդավառվում հանդիսատեսը: Այս երկուստեք ընթացքն ինչքան խորանում ու ընդլայնվում է, այնքան հաջող են ընթանում ելույթները:

-Խնդիրների մասին: Որքան հիշում եմ` գործիքների պակաս կար:

-Առայսօր էլ շարունակում է մեզ մտահոգել նույն խնդիրը: Մի երկու չինական նոր գործիք ունենք, բայց հիմնականում մեր հին գործիքների վրա ենք նվագում: Այնինչ, մեզ անհրաժեշտ են լավ գործիքներ մեր վարպետության իսկական մակարդակն արտահայտելու համար:

-Ըստ իս, ձեզ անպայման պետք է մի բարերար, ով ջազի մոլի սիրահար լինի, որպեսզի լավ հասկանա լավ գործիք ունենալու անհրաժեշտությունը և ով ի զորու է ձեռքբերել ձեզ համար այդ թանկարժեք գործիքները:

-Հա, դժվար է նման բարերարին գտնելը: Բայց որ գտնվեր, շատ լավ կլիներ թե՜ նվագախմբի և թե՜ հանդիսատեսի համար: Բայց ժամանակ չեմ վատնում դրա համար: Իմը երաժշտությունն է, արվեստը, և համոզված եմ, որ ամեն ինչ իր հունով է ընթանում: Բարերար կգտնվի` լավ, չգտնվի` մենք մեր գործն առաջ կտանենք: Մենք պետք է հնարավորինս շատ աշխատենք ու զարգանանք:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ