[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐՔԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի տնօրինությունը հանդիպման էր հրավիրել  արցախցի գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանին, ով 25 գրքերի հեղինակ է։ 

 Միջոցառումը բացելով՝ գրադարանի տնօրեն  Անահիտ Բաղրյանն ասաց, որ կներկայացվեն  ոչ թե գրողի ստեղծագործության ամբողջական բնութագիրը, այլ հայրենասիրական թեմայով գրված ստեղծագործությունները։ 

Գրադարանի աշխատակից Անուշ Համբարձումյանը խոսեց  վերջին 10 տարվա գործերից, որոնցով  հեղինակն  անդրադարձ է կատարել հայ ժողովրդի պատմական անցյալին, արցախյան պատերազմին, Հայոց ցեղասպանությանը։ Հայրենասիրական պաթոսով գրված  նրա առաջին ստեղծագործությունը ՙՂարաբաղի ճակատագիրը՚ պատմավեպն է, որի հիմքում 18-րդ դարի վերջին տասնամյակի օտար բռնապետությունների դեմ Ղարաբաղի հայության մղած ազգային-ազատագրական պայքարի պատմությունն է։ Կին պատմավիպասանը գրել է մի գործ,  որն արդիական հնչողություն ունի նաև մեր օրերի համար։ ՙԱրյան հիշողություն՚ վեպի դեմքերն ու դեպքերը մտացածին չեն, Արցախյան գոյամարտի թոհուբոհով անցած մարդիկ են` ընկերների  կորստյան ցավով, հոգեկան տագնապներով, խեղված ճակատագրերով։ Հիմնական գաղափարն այն է, որ արցախցիներն ազատ ապրելու իրենց իրավունքը հաստատեցին պատմական հայրենիքում։

 ՙԳրչով և զենքով՚ գիտական մենագրությունը նվիրված է Մեծ Հայրենականին, պատերազմում զոհված տաղանդավոր բանաստեղծ  Թաթուլ Հուրյանին։ Արցախի անկախության հռչակման 20-ամյակին էր նվիրված ՙԱրյան վրեժ՚ վեպը, որտեղ ներկայացված են անցյալ դարի 60-ական թվականներին կատարված ծանր դեպքերը, Ադրբեջանի հայահալած  քաղաքականությունը։ Սյուժեի հիմքում 9-ամյա հայ տղայի դաժան սպանությունը և նրա շուրջը զարգացող դեպքերն են։ Գրքում առանձնանում է Գրողների միության Արցախի բաժանմունքի քարտուղար Բագրատ Ուլուբաբյանի կերպարը, ում հետ Հակոբյանը բարեկամական ջերմ կապերի մեջ է եղել,  զրուցել-քննարկել են ազգային պաշտպանական  խնդիրներ։ 2015-ին հրապարակվեց ՙԳողգոթայի երդվյալ վրիժառուն՚, որտեղ գրողը ներկայացնում է 1915-ին հայ ժողովրդին պատուհասած եղեռնը։ Ի դեպ, հեղինակի տատն ու նախատատը վերապրել են 1920թ. Շուշիում կատարված ջարդերը։ Իսկ մեկ տարի անց լույս տեսավ ՙՉսպիացող հոգիների ցավը՚ գիրքը, որն ՙԱրյան հիշողություն՚ վեպի վերամշակված տարբերակն է։ Ապրիլյան քառօրյա պատերազմի տաք հետքերով Ժ. Հակոբյանը գրեց և նույն տարում ընթերցողի սեղանին դրեց ՙԱպրիլյան հերոսամարտը՚ վիպակը։ Արձակագիրն իրական հենքի վրա ստեղծել է մի գործ՝ կենդանի և լիարյուն կերպարներով, ստեղծելով Սասունցի Դավթի զարմից սերված երիտասարդների մի պատկերասրահ։

Ժաննա Հակոբյանի հայրենասիրական թեմայով գրված գրքերի գեղարվեստական արժանիքները, երիտասարդ սերնդի՝ ռազմահայրենասիրական  դաստիարակության գործում կատարած դերի ու նշանակության  մասին են խոսել ՙՍտեփանակերտ՚ քաղաքային թերթի խմբագիր, գրող Սոֆյա Սարգսյանը, բանաստեղծ, լրագրող Սիրվարդ Մարգարյանը, ճանապարհային ոստիկանության աշխատակից Գագիկ Բեգլարյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանը, ռադիոլրագրող Վարսիկ Հարությունյանը, գրադարանի ակտիվ ընթերցող Գայանե Ծատրյանը։ 

 

Մեր ճեպազրույցը Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ 

-Գիրք ընթերցելու տեսակետից կարծես թե հիմա լավագույն ժամանակները չեն։ Ընթերցողը հեռացել է գրքից, հատկապես խուսափում է ծավալուն վիպակներից ու վեպերից։ Իսկ Ձեր ստեղծագործության գերակշիռ մասը կազմում են վեպերն ու վիպակները։ Կցանկանայի խոսեք Ձեր ընթերցողական լսարանի մասին։

-Իմ կարծիքով, բոլոր ժամանակներում էլ գիրք ընթերցվում է։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ ընթերցանությունը կարող է նվազել կամ աճել, բայց լավ գրքի հանդեպ հետաքրքրությունը միշտ պահպանվում է։ Հենց վերջին օրինակը բերեմ. այս ՙթավշյա հեղափոխության՚ օրերին ինձ զանգում էին իմ գրքերից ձեռք բերելու համար։ Իսկ, ինչպես գիտեք, այդ օրերին տրանսպորտը խաթարումներով էր աշխատում։ Արցախյան հերոսամարտի թեմայով իմ գրքերից էին պահանջում։ Մայիսի 3-ից, երբ մայրաքաղաքը խաղաղվեց, ես կարողացա գրքեր հասցնել գրախանութ։ Ինչ ասեմ, ես Արցախում եմ գտնվում, իսկ այսօր Երևանից հեռախոսազանգ ստացա. ընթերցողներս ուզում էին հանդիպել ինձ հետ։ Այնպես չէ, որ գրադարանների տնօրենները ինձ ճանաչում և հանդիպում են կազմակերպում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին իմ գրքերն ավելի պահանջված էին, ու ես հանդիպում էի իմ ընթերցողների հետ։ Այդ ժամանակ սահմանում կռիվ էր գնում, և իմ ընթերցողները հետաքրքրվեցին՝ կանդրադառնա՞մ այդ թեմային։ 

-Իսկ ինչպե՞ս եք լուծում Ձեր գրքերի տպագրության խնդիրը։

-Դա իսկապես խնդիր է։ Պատահում է՝ հովանավորներ եմ գտնում, պատահում է, որ ծախսերն ինքս եմ հոգում գրքերի վաճառքից, կամ ընկերուհիներս են օգնում։ 

Ի դեպ, 2018-ին ՙԱպրիլյան հերոսամարտ՚ վիպակն արժանացավ ՀՀ գրողների միության և Հայաստանի պաշտպանության նախարարության մրցանակին։ 

-Ժաննա, ինձ թվում է, Ձեր ստեղծագործության թեման, հատկապես սկզբնական շրջանում, ընտանիքն էր, կինը, սերը... Թեման սպառե՞լ եք, թե՞...

-Ոչ։ Չեմ սպառել։ Հիմա էլ եմ անդրադառնում այդ թեմային: Մեկ-երկու տարի առաջ տպագրվեց իմ ՙՈ՞ւր է սիրո հրեշտակս՚ գիրքը, դրանից առաջ՝ ՙՕտար երազները՚։ Այնպես որ, սիրո, ընտանիքի, ամուսնության հավերժական թեմաները միշտ էլ ինձ հետաքրքրել ու հետաքրքրում են։ Այս պահին աշխատում եմ մի վիպակի վրա՝ ՙԿյանք թունելի միջով՚, որտեղ արծարծում եմ սիրո, գթասրտության, մերձավորի ցավին  հաղորդակից լինելու գաղափարները, ներկայացնում եմ ընտանիքում տարբեր սերունդների բախումը, ճակատագրերի տարբերությունները։ Տեքստն արդեն հավաքում եմ, շուտով պատրաստ կլինի։ 

-Առաջիկայում ի՞նչ ունեք դնելու ընթերցողի սեղանին։

-Տպագրության է պատրաստ ՙՀայի գենը՚ վեպը։ Թեման թուրքահայերի ճակատագիրն է, ծպտյալ հայերի կյանքը, թե ինչպես են վերադառնում իրենց ինքնությանը։ Անդրադառնում եմ Հրանտ Դինքի գաղափարախոսությանը, այն թուրքերի ճակատագրերին, ովքեր ընդունում են ցեղասպանությունը։ Գլխավոր հերոսն իրական դեմք է։ Մի խոսքով, ընթանում են ինտրիգներով լարված գործողություններ։ Կարծում եմ, ընթերցողին կհետաքրքրի։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ