[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳՈՒ ԵՎ ԵՐԱԶԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ -70

 Տարիներ առաջ Վարդան Հակոբյանին ուղղված  մի նամակում գրել եմ. ՙԴրմբոն գյուղի ավերված գրադարանում  (դա Արցախյան պատերազմի ժամանակ էր.-Ռ.Ե.) գտա ձեր ՙՄեղեդիներ՚ գիրքը, որ ժամանակի իր կտրվածքով դեռևս հաղորդվում էր կյանքի վառոդով սքողված ակունքներին և երանգափոխում բնության անդրադարձներն իր շնչառության ափերի մեջ՚։

 Քարե ուսերով երգեր են դրանք, որ անդադար հղկում են ժամանակի հայացքը և վերադարձնում բնությանը ջերմություն ու երանգ։ Շնչառությունս երազի պես ձգվում է ՙՄեղեդիներից՚ մինչև ՙՋրի հիշողությունն՚  ու  ՙՄակագրություն լուսնի վրա՚, և հայացքս բողբոջի պես պայթում է հայտնությունների տաք շնչից. ՙթեքվում է պահն իր ցողունի վրա՚ և  ՙարցունքներից աչքեր են ընկնում՚, ՙծառը ծովային պարզ ալիքների մի փունջ է ասես. թե հովը դիպավ, պիտի փշրվի ավազի վրա՚, ՙջուրն եմ նետում գլխարկս՝ որպես կապույտ հավքի բույն՚…

 Վարդան Հակոբյանի բանաստեղծությունը, անցնելով առեղծվածի սարսռազդու հունով, կարողացել է վերստանալ հետաքրքիր ու անակնկալ արտահայտություններ։ Հոգու կրակի մեջ եփելով ու հալեցնելով բառամթերքը, արտահայտման ձևերն ու միջոցները, խոսքին տվել է լույսի հատկություններ։

    ՙԱրցախի սերը, դա տաճար է աստվածային՚,- խոստովանում է բանաստեղծը։ ՙԲարև, Արցախ՚ խոսքով Վ.Հակոբյանն  ընդգծում է այն միտքը, որ մեր դիմաց ոչ թե պատմությունն է, այլ…ցավերով քարտեզագրված իրականությունը,  վտանգված ու բազմաչարչար հայրենիքը։ Սերն է, որ առաջնորդում է բանաստեղծին։ Սերն է, որ տարանջատված տողերն ի մի է բերում, դարձնում յուրօրինակ լեգենդ։ Բանաստեղծական բազմազան հմուտ ձևերի կիրառությամբ Վ.Հակոբյանն ընդլայնում է պոեզիայի հնարավորությունները և ստեղծում  բոլորովին նոր խոսք՝ իր անակնկալ խորքով ու հոգեբանությամբ։ Անկրկնելի վիճակներով հաղորդակցվելով ժամանակի հետ` բանաստեղծն ավելի է ընդգծում բառերի բնավորությունները, որոնք բացահայտվում են ոչ միայն զգացմունքների շիկացման պահին, այլև ողջ ստեղծագործության արարման ընթացքում։ Հաճախ էլ այնպես են միաձուլվում բանաստեղծության իրականությունն ու ընթացիկ կյանքը, որ թվում է, թե  բանաստեղծությունն իրեն վերագտնում է մարդկային երևակայության սահմաններից դուրս։ Եվ դժվարանում ես որոշել, թե Վ.Հակոբյանի պոեզիայում ինչպես են  ագուցվում երազն ու իրականությունը, գույնն ու տեսարանը, սլացքն ու խոսքը, օդն ու վայրկյանը։ ՙԵրբ համբուրում եմ մատներիդ ճերմակը՝ //ընդառաջ եմ գնում ծաղիկներին…՚։ Վ.Հակոբյանի տողերն  ուղեցույցներ են, որոնցով կողմնորոշվում է ստեղծագործության հերոսը, որպեսզի չմնա երազանքների լաբիրինթոսում, հաղթահարելով դժվարությունները` կարողանա հասնել հանգրվանին Հույսի։ Պատահական չէ, որ բանաստեղծի տողերը Դավիթ Հովհաննեսը բնորոշել է որպես ՙԱրցախաշունչ տողեր, որոնցում ամփոփված են հայրենի լեռնաշխարհի ցավն ու կսկիծը, հույսն ու հպարտությունը, սերն ու ակնածանքը…՚։ Հեղինակը գնում է ոչ թե դեպի ՙամենուրեք՚, այլ դեպի տիեզերական շարժումը, որը խլրտում է բանաստեղծական հորիզոնների երկնաբույր թևերում։ Եվ բանաստեղծն իր հոգու ճանապարհի հեռուն տեսնելու համար հոգու խորքն է նայում։ Գրող Արտաշես Ղահրիյանի բնորոշմամբ՝ ՙներքին ձայնին ունկնդիր՝ նա ՙվերանայում է՚ իր  ճանապարհի հոգեբանությունը՝ դուրս գալու ՙհակաճանապարհ՚։ Շատ համբավավոր ստեղծագործողներ են ոչ միայն նոր ժամանակներում, այլև անցյալում  ապրել այդ ՙտիեզերական դինամիկան՚։

Վարդան Հակոբյանի բանաստեղծական քնարն արտահայտվում է հոգևոր հնարքների մի շարք ճյուղավորումներով, որոնք ստեղծագործական ոգին  կատարելագործելու հավասարաչափ միտումներ են դրսևորում։ Նախ՝ հեղինակին հրապուրում և մինչև վերջ անկեղծանալու ու մերկանալու լիցքեր է հաղորդում ազատ, անկաշկանդ խոսքը, որի  հակոբյանական տեսակը՝ հաղթահարված մի շարք գրքերում (ՙՏաճարն Աստծո՚, ՙՍոսե՚, ՙՄենարան՚, ՙԱնդրադարձի տեսիլներ՚), յուրօրինակ և ինքնատիպ  երանգավորում ու շնչառություն է ձեռք բերել, ընդգրկելով թե՜ քնարական և թե՜ էպիկական ոգու ալիքավորումները, մղել բանաստեղծին դեպի  ինքնաձաղկումի շիկացումները։ Վ. Հակոբյանի ստեղծագործական որոնումների դաշտը որևէ սահմանագիծ ու պատնեշ չի ճանաչում։ Բանաստեղծը ժանրային համադրումների միջոցով ՙորակափոխել է՚ բանաստեղծությունը.

              

Մոմի վերընձյուղված  լույսի տակ,

երկնքի շառավիղներով

 շարժվում են ձիավոր ու լեռ՝ 

 որպես ստվերներ մոտեցող Աստվածների։

 

Հայրենի գյուղը  բանաստեղծի մեջ  ՙմշտահոլով՚  ապրումներ է արթնացնում, որոնք թղթին հասնելով՝ ուրույն պատկեր են հաղորդում ժամանակի երթին, որն իր մեջ կրում է ՙդիմադրական հեռուն՚։

 

Արփագետուկ

Չոր ցախի ճարճատյուն թոնրահացի համում։

Կռանում, համբուրում եմ  ճաքճքված 

շուրթերը   լքված թոնրի

 ու ամբողջ կյանքում կրակ եմ ծամում։                   

 

Բանաստեղծի համար բառը գործող կերպար է, որով բացահայտվում է Անհայտի ոգին։ Գնանք Ոգու հետքերով, և Նոր պոեզիայի կենարար լույսն ընդառաջ կգա մեզ՝ ապրեցնելու, վերափոխելու և վերածնելու համար մեր հոգեկերտվածքը, շունչը, երազը… Հեղինակը  պատկերը հայտնաբերում է հուզական ապրումների նոր առնչություններում, որոնք հատում են իրականի սահմանը և հաղորդակցվում առասպելի բաբախող ոգուն, միֆի և տեսիլքի գծերին։ Վ.Հակոբյանի ստեղծագործական որոնումներում բառերն ազատվում են իրենց կեղևներից, դառնում խորհրդանիշեր։ ՙԹվում է, թե Ծառ, Մոմ, Աղավնի խորհրդանիշերի տեսիլային մեկնությունը կտանեն դեպի հավաքական մի գաղափար և, սակայն, խոհերը սուզվում են հեռուների անորոշության մեջ՚,- գրել է ակադեմիկոս Ս. Սարինյանը։ Ժամանակակից բանաստեղծությունն ազատվում է գաղափարի պատյաններից, ռիթմերի տարրերից և միտվում դեպի Ոգու ազատության զիգզագները, որտեղ ՙիմաստավորվում են՚ կարոտի տեսիլները, ընդգծվում է իրականության աբսուրդը։ Նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ունի իր լռությունը, որ կրակե լավայի մեջ է առնում պոետական զգացողությունները և մղում դեպի Անհունը։ Սպիտակ թղթին շարված տողերում չի միայն ամփոփվում բանաստեղծությունը. տարածվում է նաև տողերի ու բառերի տարածությունից դուրս և իր ազդեցության յուրօրինակ մթնոլորտում հայտնաբերում կամ վերակերտում է ժամանակակից ընթերցողին։ Վ.Հակոբյանն իր բանաստեղծություններով և պոեմներով ընդարձակում է հայ պոեզիայի հնարավորությունները ՝ մոտենալով մի կետի, որ Հոգու և Երազի սահմանն է…

Կարող ենք ասել, որ Վարդան Հակոբյանը ստեղծել է բանաստեղծության իր  դպրոցը։ ՙԱմեն  ինչ աշխարհում լեզու ունի, ոճ ու բույր, //ծաղիկների այբուբենը// սկսվում է քեզանով՚։ Բանաստեղծի ստեղծած հոգեվիճակները վարակում են ոչ միայն նորությամբ ու թարմությամբ, այլև ներքին դրամատիզմով։ Նա իր էությամբ նրբազգաց բանաստեղծ է, որ հոգեաշխարհ է արարում անգամ ծաղկի թերթերից, լույսի փշրանքներից, որոնք անդրադառնում են տողերի էկրաններին և ստանում բոլորովին նոր իմաստ ու նշանակություն։ Ահա անհասանելին։ ՙԹռչուններն իրենց կտուցին մի կտոր հեռու բերեցին, ես նրանով նորոգեցի իմ երազը՚։

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

Բանաստեղծ

***

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

ԽՈՏԵՐԻ ՆՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԱՆՁՐԵՎԻՑ ԱՌԱՋ

 

Ոչինչ այնքան չի շատացնում իմ մեջ

ապրելու ավիշները, որքան

իմ ուղղությամբ արձակված գնդակը:

Եվ մտքիս ստվերը  իմ մտքից առաջ է 

անցնում,

չի թողնում, որ հանգը այլասերի 

տողը,

չի թողում, որ բառի ու  աշխարհի 

միջև այլ միջնորդ լինի`

ինձանից բացի: Հեռուն 

դառնում է տարածության 

բազմապատկումը` 

բանաստեղծության   

անվերջանալի նշաններով. 

սերը, գնդակը, թռչունը, 

աստղը,  շարժման ինտենցիան,

շեշտում են

ժամանակի արագությունը` 

հաստատելով,

ի վերջո, բառը միակն է բոլորի մեջ,

ով գիտե ճանապարհը: Եվ  Աստված

ներում է միայն նրան,

ով ինքն իրեն չի ներում, ով աչքերում

ունի լույսի զուլալ արտասանություն,

ով ամեն վայրկյան

իրենով փոխում է ինտերիերն 

աշխարհի:

 

Բոլոր գնդակները երբևէ կորսված 

հասցեներ են,

իսկ բառերը` սիրուց խաբված 

դերվիշներ: 

 

…Շարունակում  է ճանապարհը 

հաղթահարել 

ինձ` բարձրանալով

խոտ ու ծաղիկների ցողուններն ի վեր:

 

 

ԼՌՈՒԹՅՈՒՆ

 

Եթե եղել ես ինձ մոտ, թեկուզ՝ 

մի վայրկյան,

քո հեռանալուց հետո

բուրելու է ներկայությանդ 

չմարող պահը,

բուրելու են կարոտը,

երազի մանուշակը,

հիշողությունը, չասված խոսքը,

լռությունը չարտաբերված...

Մի խոսքով, քանի եղել ես դու ինձ մոտ,

թեկուզ՝ մի վայրկյան,

քեզանից հետո չի լինելու 

քեզանից հետո:

 

Օրը կհեռանա առանց ինձ՝ 

պատկերս թողած

անցյալում, և երբ վերադառնա, 

ես արդեն

չեմ գտնվի: Իմ ափի մեջ

պահում եմ այն հեռուները, որոնք

ես երբևէ նշել եմ ցուցամատով,

դրանց մեջ հազարավոր 

հորիզոններ կան:

 

Լեռը շատ ծանր է, որպեսզի թռչունը

կարողանա երբևէ պոկվել նրանից:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԻՄ ՏՈՒՆ

(Ողբերգություն՝ մեկ արարով)

 

Վաղ առավոտյան արթնացավ տղան,

մորեմերկ կանգնեց տեղաշորերում

և, քիթը սեղմելով պատուհանի 

ապակուն,

սկսեց զարմանքից չռված աչքերով

նայել դուրս. ձյունը ճերմակ-ճերմակ,

մեծ-մեծ կարկատանների պես 

թափվում

ու վարագույր էր դառնում հանդերի,

Սաքյունց սարի և մեր տան 

արանքում...

 

Տղան երկա՛ր, շատ երկար նայեց, 

որովհետև

նա կյանքում առաջին անգամ էր 

տեսնում ձյուն: Եվ

երբ շրջվեց՝ տան պատերը չկային,

և երբ շրջվեց՝ չկային դուռ ու 

պատուհան, ցրվել էին

աշխարհով մեկ՝ տնեցիների պես, 

կամ՝

գնացել էին այլ մի,

այլ մի աշխարհ...

 

Իսկ պատուհանի ապակին այնքան 

թափանցիկ էր,

մաքուր էր այնքան, ասես չկար:

 

ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1

Ինքնազոհություն է 

պոեզիան և 

բանաստեղծել 

նշանակում է  դառնալ 

թիրախ: 

 

2

Ես թյուրիմացություն 

չունեմ կարծելու, 

թե երբևիցե աշխարհում 

կգտնվի որևէ մեկը, 

ով կկարողանա  տալ 

պոեզիայի

ճշգրիտ սահմանումը: Այն 

գոյություն չունի, թեև, 

այնուամենայնիվ, 

յուրաքանչյուր փորձ 

ինչ-որ չափով 

մեզ մոտեցնում է դրան:

 

3

Դու կարող ես միայն 

կատարյալ  բանաստեղծություն 

գրելով ասել, թե 

ինչ է պոեզիան: Դա էլ, ցավոք, 

հնագույն ժամանակներից մինչև 

Շեքսպիր, 

մինչև Ուիթմեն ու Սևակ, 

մինչև մեր օրերը 

ոչ մեկին չի հաջողվել:

 

4

Մայրական ձեռք է 

բանաստեղծությունը, 

իջնում է ճակատիդ 

և բոլոր ցավերդ ու հոգսերդ 

միանգամից վերանում են, 

մանավանդ, որ տարիների հետ 

մարդ ավելի է երեխա դառնում:

 

 

5

Ափսոս է բանաստեղծությունը, 

որ գրվում է, 

առավել ևս` ընթերցվում, 

դառնում վանդակված առյուծ 

կամ 

հազվագյուտ թռչուն, 

որին մեկ-մեկ հացի 

փշրանքներ են նետում 

ժամանցային

այցելուները՝ ճաղերի արանքով:

 

6

Ինքնաբացարկ է 

բանաստեղծությունը: