[ARM]     [RUS]     [ENG]

Կարեն ՇԱՀՆԱԶԱՐՈՎ. ՙԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՄԵԿՆԵԼ ԱՐՑԱԽ՚

Ռուսական ՙՄոսֆիլմ՚ կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր Կարեն ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ` հայկական արմատների, Երևանում սիրելի վայրի ու ղեկավար պաշտոնում իր գործունեության 20-ամյա հոբելյանի մասին։

 Ղարաբաղից՝ Բաքու

– Կարեն Գեորգիևիչ, Դուք սերում եք ղարաբաղյան հին իշխանական Մելիք-Շահնազարով տոհմի՞ց։

– Այո, հոր կողմից պատկանում եմ հին ղարաբաղյան տոհմին։ Մեր նախնիները կապ են ունեցել Արցախի հիմնադրման հետ, իսկ ավելի ուշ, երբ մարզը մտավ Ռուսական կայսրության կազմ, նրանք արդեն ծառայել են ռուսական բանակում։ Պահպանվել են բազմաթիվ հին փաստաթղթեր, որոնց շարքում նախնիներիցս մեկի՝ շտաբս–կապիտան Շահնազարովի ուղերձն է կայսրին, որում նա խնդրում է հաստատել մեր կալվածքները տոհմական բնօրրանում՝ Շուշիում։ Ի դեպ, այդ փաստաթուղթը երկլեզու է՝ պարսկերենով, քանի որ Արցախը որոշ ժամանակ եղել է Պարսից թագավորության կազմում, և ռուսերենով։

Մեր տոհմը շատ մեծ է, ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ասում են, որ մենք ազգականներ ենք։ Ամենայն հավանականությամբ, դա այդպես է, բայց շտաբս–կապիտան Շահնազարովի ուղերձը կայսրին, որը փոխանցվում է ավագ որդիների գծով, խոսում է այն մասին, որ հենց մենք ենք Մելիք–Շահնազարովների անմիջական հետնորդները։ Եվ ես նույնպես այդ փաստաթուղթը կհանձնեմ որդուս։

– Բայց Դուք ինքներդ Ղարաբաղում այդպես էլ չեք եղել։ Չե՞ք ուզում մեկնել նախնիների հայրենիք։

– Շատ եմ ուզում։ Մի անգամ կրտսեր որդուս հետ եղել եմ Երևանում, ինչ-որ ֆիլմ էի ներկայացնում, և ինձ առաջարկեցին գնալ Արցախ։ Մենք արդեն պատրաստվել էինք մեկնելու, բայց, չգիտես ինչու, ստիպված էի շտապ հետ գալ, և այդ գաղափարը հետաձգեցինք անորոշ ժամկետով։ Եթե կրկին կանչեն, և ես ազատ ժամանակ ունենամ, անպայման կմեկնեմ Արցախ։

Իսկ առայժմ Արցախը պատկերացնում եմ միայն հորս պատմելով։ Նա, ի դեպ, հիշում էր Շուշիում մեր տունը։ Երբ հայրս փոքր էր, տեսել էր տան ավերակները, կալվածքն ավերվել էր անցյալ դարի սկզբին Բաքվի իրադարձությունների ժամանակ։

– Իսկ Դուք չե՞ք ցանկացել ֆիլմ նկարահանել հայկական թեմայով, Հայաստանի մասին։

– Եթե ինչ-որ թեմա լիներ, որն ինձ հոգեհարազատ լիներ, անպայման կնկարահանեի։ Բայց չեմ կարող ասել, որ ներգրավված եմ այդ իրականության մեջ։ Հատկապես Հայաստանի կյանքում։ Բուն Հայաստանում երբեք ազգականներ չենք ունեցել։ Շահնազարովները պատկանում են Բաքվի հայերին, իսկ նրանք շատ յուրահատուկ են ու ավելի ռուսացած` այն պատճառով, որ Բաքուն միջազգային քաղաք էր։

Նախապապս պատկանել է բուրժուազիայի վերնախավին, եղել է Նոբելի կառավարիչը, նավթային աշտարակների տերը։ Ճիշտ է՝ հեղափոխությունից հետո բավական աղքատ են ապրել, թեև պապիկս իրավաբան էր։

Հայրս Բաքվից մեկնել էր ռազմաճակատ։ Ուզում եմ նշել, որ ծագումն ընդհանրապես չի ազդել իմ ազգականների վրա, ոչ ոք բռնաճնշման չի ենթարկվել, հայրս 1944-ին ռազմաճակատում անդամակցել է կոմունիստական կուսակցությանը, իսկ ավելի ուշ լավ կարիերա է ստեղծել։

– Դուք ինքներդ ավելի շատ ի՞նչ եք Ձեզ զգում՝ հա՞յ, թե՞ ռուս։

– Ես գնահատում եմ իմ արմատները՝ որպես մշակույթի մաս, որին պատկանում եմ, բայց ինձ համարում եմ ռուս կինոռեժիսոր։

– Հայաստանում լինո՞ւմ եք։ Կա՞ն սիրելի վայրեր Երևանում կամ երկրի այլ անկյուններում։

– Այո, պարբերաբար լինում եմ, թեև վերջին անգամ եղել եմ երեք տարի առաջ։ Երևանում իմ սիրելի վայրը ջազ ակումբն է (խորհրդավոր ծիծաղում է)։ Այնտեղ ելույթ են ունենում հիանալի երաժիշտներ, հավաքվում են իմ ընկերները, սիրում եմ գնալ այնտեղ։

Ինձ ընդհանրապես շատ է դուր գալիս Երևանը, այնտեղ յուրահատուկ մթնոլորտ է, գողտրիկ սրճարաններ։ Հայաստանը գեղեցիկ, շատ հետաքրքիր երկիր է։ Իսկ հայերը հումորի հիանալի զգացում ունեն։ Իսկ գիտե՞ք՝ ես նկատել եմ, որ Հայաստանում սկսել են շատ լավ գինիներ պատրաստել։ Խորհրդային շրջանում նման բան չի եղել։ Հիմա ես հաճույքով եմ փորձում հայկական չոր կարմիր գինու տարբեր տեսակները։ Դրանք հենց իմ ճաշակով են։

Ցեղասպանության թեման մինչև վերջ 

բացահայտված չէ

– Երկու տարի առաջ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Դուք ասել էիք, որ հայկական կինեմատոգրաֆի ապագան Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի մեջ է։ Ինչու՞ նման նախագծեր այդքան հաճախ չեն հայտնվում։

– Դա կախված չէ մեզանից։ Այո, ես գտնում եմ, որ Հայաստանում շուկան շատ փոքր է կինեմատոգրաֆը զարգացնելու համար։ Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի կապերը, այստեղի մեծ սփյուռքը, հայերի ու ռուսների մշակութային կապը, ռուսական շուկան շատ օգտակար կլիներ հայկական կինեմատոգրաֆի համար։

Ի դեպ, մեզ մոտ աշխատելու են գալիս հայեր, մենք նրանց օգնում ենք, ինչով կարողանում ենք, բայց համատեղ նախագծեր չկան։ Նախաձեռնությունը պետք է բխի հենց հայերից՝ Հայաստանի քաղաքացիներից, իսկ մենք պատրաստ ենք դիտարկել նման նախագծերը և մասնակցել դրանց։ 

– Լրացավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103–րդ տարելիցը: Ի՞նչ է այն նշանակում Ձեզ համար։

– Որպես ցանկացած նորմալ մարդ՝ ես կարծում եմ, որ դա հայ ժողովրդի ահռելի ողբերգությունն է։ Վերք, որ երբեք չի սպիանա, և այդ ամենի միջով անցած հայ ժողովուրդն ընդմիշտ կհիշի այդ ողբերգության մասին։ Ցեղասպանության մասին գեղարվեստական ու վավերագրական շատ ֆիլմեր են նկարահանվել։

Ի դեպ, ոչ միայն հայկական։ Ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերից մեկն իտալացի հիանալի ռեժիսորներ Տավիանի եղբայրների աշխատանքն է։ Իմ ընկերը՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նույնպես ֆիլմ է ստեղծել Հայոց ցեղասպանության մասին։ Ինձ թվում է, որ այդ թեման մինչև վերջ բացահայտված չէ։

– Միգուցե հենց դա՞ է հայկական այն թեման, որով պետք է զբաղվեք։

– Հնարավոր է։ Բայց այն շատ ծանր է, իհարկե։ Այդ թեման հենց այնպես չես նկարահանի, դա շատ պատասխանատու թեմա է, նախապատրաստական մեծ աշխատանք է պահանջում։ Բայց ես կմտածեմ այդ ուղղությամբ։

Ճակատագրի 

զարմանալի շրջադարձ

-Ապրիլի 20-ին լրացավ ՙՄոսֆիլմ՚ կինոկոնցեռնի գլխավոր տնօրենի ու վարչության նախագահի պաշտոնում Ձեր նշանակման ուղիղ 20 տարին։ Արդյունքներն ամփոփելու լավ առիթ էր։  Արդյո՞ք արվել է այն  ամենը, ինչը ծրագրել էիք, անելիքներ դեռ կա՞ն։

-Ես մենակ չեմ աշխատել, ունեի ընկերներ, համախոհներ, և մեզ հաջողվեց շատ լուրջ գործեր անել։

Պետք է հաշվի առնել, որ ՙՄոսֆիլմը՚, չնայած որ այն պետական կարգավիճակ ունի, հակառակ ամեն տեսակ ասեկոսեների, պետությունից միջոցներ չի ստանում։ Ողջ այս 20 տարիների ընթացքում ինքներս էինք փող վաստակում, դրանով վերակառուցում ու արդիականացնում ստուդիան։

Հիմա արդեն բոլորը մոռացել են, բայց երբ ես եկա ՙՄոսֆիլմ՚, այն շատ ծանր վիճակում էր։ Սկսած նրանից, որ ասֆալտի վրա հսկայական անցքեր էին բացվել, և վերջացրած կիսաքանդ տաղավարներով ու տեխնիկայի բացակայությամբ։ Մեզ հաջողվեց ամեն ինչ նորոգել, արդիականացնել ստուդիան։ Այսօր տեխնոլոգիաների տեսակետից ՙՄոսֆիլմն՚ աշխարհում ոչ մեկին չի զիջում։ Եվ այն, որ մեզ հաջողվեց անել դա առանց պետական միջոցների, իմ կարծիքով, ինքնին բավականին լավ արդյունք է։ Մենք կարող ենք հպարտանալ, որ մեծ ֆիլմադարան ունենք, ֆիլմերի վերականգնման աշխատանքներ ենք տանում, այդ ֆիլմերն ամեն տարի մասնակցում են խոշոր փառատոներին։ 

Այսպես, անցյալ տարի Վենետիկում վերականգնված ֆիլմերի հատուկ մրցույթում մենք մրցանակ ստացանք։ 

Իհարկե, կցանկանայի մեծապես զարգացնել և սեփական կինոարտադրությունը։ Մենք դա անում ենք, և ահա վերջերս ավարտեցինք ՙԼիկվիդացման մասին որոշում՚ ֆիլմի վրա տարվող աշխատանքը, որի պրոդյուսերը ես եմ։ Մենք նկարահանեցինք իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմ` տխրահռչակ ահաբեկիչ Բասաևին վերացնելու` Անվտանգության դաշնային ծառայության գործողության մասին։ Ֆիլմում նկարահանվեցին հրաշալի դերասաններ, այդ թվում՝ չեչենական։ Հունիսին լույս կտեսնի լիամետրաժ ֆիլմ, իսկ աշնանը՝ սերիալ։ Ուրախ եմ, որ դարձյալ ամեն ինչ նկարահանեցինք սեփական միջոցներով՝ առանց Կինոյի հիմնադրամի ու Մշակույթի նախարարության մասնակցության։

-Համարվում է, որ արվեստագետն ու ղեկավարը դժվար համատեղելի դիրքեր են արվեստում։ Ձեզ հաջողվե՞լ է համատեղել այդ երկուսը։

-Ըստ երևույթին՝ այո, եթե արդեն 20 տարի է՝ ղեկավարում եմ ՙՄոսֆիլմը՚։ Չեմ ուզում պարծենալ, բայց դա շատ դժվարին աշխատանք է, մանավանդ որ, կրկնեմ, ստուդիան պետությունից ոչինչ չէր ստանում։ Պետք էր չէ՞ բոլոր այս տարիներին մարդկանց տարրական աշխատավարձ վճարել։ Հաշվի առնելով, որ մենք միշտ մեր առջև հավակնոտ խնդիրներ ենք դրել, ցանկանում էինք վերակառուցել ու արդիականացնել ստուդիան, պետք էր և հսկայական գումարներ ներդնեինք ՙՄոսֆիլմում՚։ Ընդ որում, վարկեր երբեք չենք վերցրել։

Իսկ անձամբ ինձ համար դա բիզնես է՝ առանց բոնուսների։ Որպես միացյալ ձեռնարկության տնօրեն՝ ես ստանում եմ աշխատավարձ և տարվա վերջում` պարգևավճար։ Եվ դա ամենն է։ Եթե դա բիզնես լիներ, հավանաբար, ես արդեն Forbes-ի ցուցակում կլինեի (ծիծաղում է)։ Բայց ես չեմ դժգոհում, քանի որ ուրիշ հավակնություններ ունեմ։

Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց մասնակցել ՙՄոսֆիլմի՚ վերակենդանացմանը, թեև, մեծ հաշվով, մենք նոր ստուդիա կառուցեցինք։ Ամեն ռեժիսորին չէ նման բախտ վիճակվում։ Ես ուրախ եմ, որ իմ կյանքում ունեցա այդ փորձը։ Աշխարհում շատ քիչ ռեժիսորների է նման հնարավորություն տրվում, իսկ ինձ ընձեռեցին այն։  Դա զարմանալի շրջադարձ էր իմ ճակատագրում։ Եվ ես ուրախ եմ, որ անցա դրանով։

Ալեքսեյ ՍՏԵՖԱՆՈՎ

Sputnik