[ARM]     [RUS]     [ENG]

ՃԻՇՏ ԸՆՏՐԵԼ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ կամ` Արցախի զբոսաշրջային արդյունքը պետք է դիվերսիֆիկացնել

Զբոսաշրջային ոլորտի   պետական քաղաքականության, խնդիրների,  անելիքների շուրջ է ՙԱԱ՚-ի հարցազրույցը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի  և զբոսաշրջության նախարար Սերգեյ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ հետ։

 -Պրն Շահվերդյան, համառոտ ներկայացրեք, խնդրեմ, զբոսաշրջության ոլորտի ընդհանուր վիճակը: Տարեկան որքա՞ն զբոսաշրջիկ  է ընդունում  մեր փոքրիկ հանրապետությունը։ Որքանի՞ն ենք ի վիճակի պատշաճ մակարդակով սպասարկել։

-Ինչպես գիտեք, զբոսաշրջությունն Արցախում համարվում է տնտեսության գերակա ճյուղերից մեկը, ուստի բնագավառի զարգացմանը  երկրի իշխանությունները ձգտում են ամեն կերպ սատարել։ Սկսած 2007 թվականից Արցախում նկատվում է զբոսաշրջիկների քանակի զգալի աճ։ Անցյալ տարի  արձանագրեցինք, որ տասը տարվա ընթացքում զբոսաշրջիկների քանակը քառապատկվել է, իսկ  նախանցյալ տարվա համեմատ գրանցվել է 66 տոկոս աճ։ Զբոսաշրջության նման տեմպերով զարգացումը խոսում է այն մասին, որ ունենք  մեծ ներուժ, արդեն նախագծում ենք տարբեր ծրագրեր այն ճիշտ ու կայուն ձևով իրացնելու համար։ 

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա Արցախում մեկ օրվա մեջ հաշվառված հյուրանոցների օրական տարողունակությունը կազմում է գրեթե 1400 հյուր։ Նախորդ տարիների համեմատ, զգալի աճ է գրանցվել նաև այդ ասպարեզում։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հյուրանոցային ֆոնդը հիմնականում կենտրոնացված է Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում, փորձելու ենք իրականացնել նաև դրանց ապակենտրոնացման քաղաքականություն։

-Ի՞նչ զբոսաշրջային գրավչություններ կան, ի՞նչ է  առաջարկվում մեր երկրի հյուրերին, որքանո՞վ են նրանք  բավարարված այդ  առումով։

-Արցախ այցելած զբոսաշրջիկներին հիմնականում առաջարկվում է մշակութային զբոսաշրջության հետ կապված արտադրանք։ Այսինքն՝ թե՜ տեղական, թե՜ հայաստանյան տուրօպերատորների կողմից առաջարկվում են այնպիսի երթուղիներ, որոնք կապված  են այս կամ այն պատմամշակութային կամ բնական զբոսաշրջավայրերի հետ՝  համեմված գաստրոտուրիզմի տարրերով։ Գրեթե նույն պատկերն է նաև ինքնուրույն զբոսաշրջիկների համար առաջարկի առումով` այն տարբերությամբ, որ նշված զբոսաշրջիկները նախընտրում են նաև արկածային տուրիզմ. քայլարշավներ, լեռնամագլցում, հեծանվային ճանապարհորդություն և այլն։ Իհարկե, մեր երկրի բնական և պատմական միջավայրը նման ակտիվությունների հնարավորություն ընձեռում է, բայց մենք աշխատում ենք նաև զբոսաշրջության այլ ձևերի զարգացման ուղղությամբ։ Օրինակ՝ ագրոտուրիզմի, գաստրո- և իրադարձային տուրիզմի զարգացման համար ևս մեծ նախադրյալներ ունենք, և կարծում եմ՝ մոտ ապագայում դրանց զարգացմանն ուղղված քայլեր կձեռնարկենք։  

-Ըստ Ձեզ, ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ  զբոսաշրջության բնագավառում: Բնականաբար, դրանք բոլորը չէ, որ  պիտի իրականացվեն հենց այդ  ոլորտի պատասխանատուների կողմից. հիմնախնդիրների մի մասը պետք է լուծվի հենց պետական մակարդակով։ Կա՞ համալիր, ռազմավարական ծրագիր՝ ուղղված ոլորտի զարգացմանը, առկա հիմնախնդիրների լուծմանը։

-Ընդհանրապես, զբոսաշրջությունը որպես սոցիալ-տնտեսական, մշակութային բնագավառ, բավականին բարդ  է, և խնդիրներ, բնականաբար, գոյություն ունեն։ Շատ կարճ կարող եմ խոսել երկու ուղղության մասին, որոնց վրա,  գոնե միջնաժամկետ կտրվածքով, կփորձենք առավել մեծ ուշադրություն դարձնել։ Առաջինն Արցախի զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն է, որի մասին հպանցիկ անդրադարձել եմ վերևում։ Երկրորդը զբոսաշրջային ճիշտ նկարագրի ձևավորման միջոցով Արցախի ճանաչելիության բարձրացումն է թիրախային շուկայում։ 

Մենք դեռևս չունենք հայեցակարգային փաստաթուղթ, որում ամրագրված լինեն բնագավառի երկրարաժամկետ զարգացման դրույթները։ Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի բացակայությունը որոշակի խոչընդոտներ, իհարկե,  ստեղծում է։ Չնայած դրան, մենք աշխատում ենք բնագավառում մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով իրագործման պարագայում կարող են ռազմավարական նշանակություն ունենալ հետագա առաջընթացի համար։ Խոսքս, օրինակ, Հյուսիսային ու Հարավային զբոսաշրջային երթուղիների զարգացման ծրագրերի մասին է։ Վերջինս ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ առաջինի մշակման ու կառավարության հաստատման անհրաժեշտությունն ավելի է մեծացել հատկապես Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումից հետո։

-Որպես ոլորտի պատասխանատու, բավարարվա՞ծ եք ծառայության տարբեր ենթաոլորտներում առկա կադրերի արհեստավարժությամբ, սպասարկման մակարդակով։ Եթե այո, ապա ո՞ր օղակներն են դրանք, եթե ոչ՝ ի՞նչ կարելի է անել (կամ ի՞նչ է արվում) իրավիճակը շտկելու համար։ Չէ՞որ, վերջին հաշվով, դրանք խնդիրներ են, որոնք  արգելակում են զբոսաշրջիկների  բավարար հոսքը մեր երկիր։ 

-Սպասարկման ոլորտն Արցախում, իհարկե, վերջին տարիներին որոշակիորեն բարեփոխվել է։ Բայց ասել, որ այստեղ խնդիր չունենք՝ ճիշտ չէր լինի։ Ոլորտում կա վերապատրաստված մասնագետների խնդիր, այն էլ` գրեթե բոլոր օղակներում։ Պետությունը որոշակիորեն կարող է ազդել իրավիճակի վրա՝ մշակելով ստանդարտներ, որակավորելով այս կամ այն բիզնեսը, որն ուղղակի առնչություն ունի զբոսաշրջության հետ։ Այսօր, օրինակ, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը պարտադիր բնույթ չի կրում, ինչի պատճառով հավուր պատշաճի վերահսկողության մեխանիզմների կարիք է առաջանում։ Դրա համար դեռևս այս փուլում փորձում ենք ժամանակ առ ժամանակ բիզնեսի համար տարբեր անվճար դասընթացներ անցկացնել թե՜ սպասարկման, թե՜ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման համար։ Նման ծրագրերն, իհարկե, շարունակական բնույթ են կրելու, բայց պետք է  նաև հասկանալ, որ պետության ռեսուրսները չեն կարող հերիքել բնագավառում աշխատող հարյուրավոր աշխատակիցների վերապատրաստման համար։ Հենց այստեղ է, որ կարող ենք ունենալ պետություն-մասնավոր հատված արդյունավետ  համագործակցություն։

-Տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները հիմնականում մասնավոր են: Ձեր կարծիքով, Արցախում նրանց համար կա՞ բարենպաստ բիզնես-միջավայր, գո՞հ եք  այդ  ընկերությունների զարգացման տեմպերից: Նախարարությունը ինչպե՞ս է կարգավորում կամ  վերահսկում տուրիստական գործակալությունների և զբոսաշրջիկների հետ աշխատող  այլ կառույցների աշխատանքը: 

-Նախ նշեմ, որ ոլորտում բիզնես-գործունեություն ծավալող բոլոր ընկերություններն էլ մասնավոր են։ Բիզնես-միջավայրի բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով ևս աշխատանքներ տարվում են։ Օրինակ՝ զբոսաշրջային տներ հաշվառող անհատ ձեռնարկատերերի համար գործում է արտոնագրային վճարի հարկատեսակ, ավելացված արժեքի հարկից ազատված են զբոսաշրջային փաթեթի շրջանակներում մատուցվող ծառայությունները և այլն։ 

Բացի այդ, նախատեսում ենք մշակել ներդրողների համար ուղեցույցներ՝  զբոսաշրջության բնագավառում բիզնես-նախագծերի մշակումն ու իրականացումն ավելի դյուրին դարձնելու համար։ Արդեն իսկ ձեռնարկված աշխատանքների շնորհիվ վերջին տասը տարիներին եռապատկվել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների քանակը, իսկ 2015 թվականից հաշվառված զբոսաշրջային օպերատորների թիվը հասել է 9-ի՝ հաջորդ տարիներին աճի միտումներով։ 

Բնագավառի կարգավորման առումով լիազոր մարմինն ունի հյուրանոցային բիզնեսի հաշվառման ու որակավորման, զբոսավարների լիցենզավորման ու զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հաշվառման ու վերահսկման լիազորություններ ու մեխանիզմներ։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ