Logo
Print this page

ՍՊՈՐՏԸ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՊՐԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

Մեր հարցազրույցը աշխարհահռչակ մարզիկ, բրազիլական ջիու-ջիցուի ամերիկացի

մարզիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբերտո ՔՐԵՅՆԻ հետ։

 -Ծանոթանանք...Ի՞նչ նպատակով է Արցախ ժամանել Ալբերտո Քրեյնը։

-Արդեն 25 տարի է ես բրազիլական ջիու-ջիցու մարզաձևի մարզիչ եմ։ Ապրում եմ Լոս-Անջելեսում, ավելի ստույգ` Գլենդելում։ Պարապում եմ թե՜ երեխաների և թե՜ մեծերի հետ։ Տասը տարի է նաև խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիչ եմ։ Հայաստան եմ եկել  ընտանիքով, եկել եմ որպես տուրիստ, բայց հայաստանաբնակ  իմ մարզիկ ընկերն ինձ առաջարկել է   մեկնել Արցախ և, բնականաբար, ես նման գայթակղիչ առաջարկը բաց չթողեցի: Արցախ եկել եմ երկու օրով և, հաճելին օգտակարի հետ համադրելով, ձգտում եմ իմ փորձը փոխանցել Արցախի խառը մենամարտերի ասոցիացիայի մարզիկներին։ Իմ նպատակը մարզիկներին  նոր հնարքներ սովորեցնելն է։ Կարծում եմ` այս երկօրյա սեմինար-մարզումների ընթացքում իմ փորձով օգտակար կլինեմ։

-Դուք չխոսեցիք  Ձեր  ձեռքբերումների մասին։ 

-Ջիու-ջիցուի աշխարհի կրկնակի չեմպիոն եմ, նաև` Եվրոպայի չեմպիոն։ Խառը մենամարտերի գծով էլ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եմ։ Ամերիկայի  ազգային մրցախաղերի ժամանակ նույնպես չեմպիոն դարձա։ Մասնակցել եմ նաև  բրազիլական ազգային խաղերին։ Աշխարհով մեկ մասնակցել եմ  բազմաթիվ մրցումների և համարյա թե միշտ էլ տուն եմ դարձել հաղթանակով։

-Ժողովրդական խոսքն ասում է՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան թե տասն անգամ լսել։ Ինչպիսի՞ն է Ձեր մեկ անգամ տեսած Արցախը։ 

-Շատ գեղեցիկ է Արցախը։ Թեկուզ մեկ օր է, ինչ այստեղ եմ, բայց հասցրել եմ լինել Հունոտի կիրճում, հիացել եմ ՙԶոնտիկ՚-ներով, եղել եմ Գանձասարում։

Ուրախ եմ, որ արցախցի մարզիկների հետ կարողացա կիսվել իմ փորձով, իմ սիրած  մարզաձևերի հնարքները փոխանցեցի ձեր պատանի մարզիկներին, ովքեր, ինչպես նկատել եմ, շատ են սիրում սովորել և շատ  աչքաբաց են։ Ես նրանց հետ կիսվել եմ սիրով։ Եվ չի բացառվում, որ կրկին կվերադառնամ Արցախ։ Հաջորդ անգամ կայցելեմ այն բոլոր տեսարժան վայրերը, որոնք չհասցրի այս այցիս լինել։ Ընտանիքս այս պահին գտնվում է Տիգրանակերտում, իսկ ես գերադասեցի պարապել մարզիկների հետ։

-Սպորտը, առավել ևս մեծ սպորտը, միայն առողջ ապրելակերպ չէ, մարմինը կոփելու լավագույն միջոց։ Սպորտը նաև քաղաքական երկխոսություն է ազգերի միջև, միմյանց հետ շփվելու ու ճանաչելու լավագույն միջոց...Ի՞նչ է ձեզ համար սպորտը։ 

-Սպորտն ինձ համար կյանք է։ Ջիու-ջիցուն իմ կյանքի մի զգալի մասն է կազմում։ Սպորտը շփման լավագույն ձև է թե՜ երեխաների, թե՜ մեծահասակների համար։

Այն նպատակներին հասնելու հրաշալի միջոց է, գեղեցիկ, ներդաշնակ  ապրելու լավագույն հնարավորություն։ Դա միայն իրար միջև մրցելու, պայքարելու միջոց չէ, այլ նաև  կյանքի ճանապարհ, որը մարդուն կոփում է բոլոր առումներով։

-Մեր հյուրերն արցախյան տպավորությունների հետ նաև մեր պայքարից մի պտղունց տանում են իրենց հետ, Դուք ի՞նչ եք տանում ձեզ հետ...

-Ձեր հարցին ի պատասխան միայն կասեմ՝ իմ կինը հայուհի է, ունեմ երեք դուստր՝ Սևան, Սոնա, Սարինե...Այդ երեք հայկական անունները ձեզ ինչ-որ բան պիտի հուշեն։ Ես ուսումնասիրել եմ  ղարաբաղյան հակամարտության պատմությունը և շատ ընկերներ ունեմ, որոնց հետ այդ հարցը հաճախ ենք քննարկում։ Շատ տպավորված էի, երբ Աշխարհի առաջնության ժամանակ հայ մարզիկներից մեկը կանգնելով չեմպիոնի պատվանդանին, իր ուսերին գցելով Հայաստանի դրոշը` հընթացս հանեց մարզաշապիկը, և մենք նրա կրծքին տեսանք ապրիլյան պատերազմի  հերոս, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը։ Չեմպիոնն իր հաղթանակը նվիրել էր նրան։ 

-Ասացինք, որ սպորտը երկխոսելու լավագույն միջոց է, Դուք շփվում եք աշխարհի հետ մի լեզվով, որը խաղաղության, փոխըմբռնման լեզուն է: Դուք հնարավորություն ունեք պատմել աշխարհին, որ արցախցիները պատերազմ չեն ուզում, նրանք պարզապես ուզում են ապրել իրենց նախնիների հողում ազատ ու երջանիկ՝ ինչպես բարի կամքի տեր բոլոր մարդիկ աշխարհի տարբեր ծերերում։

-Եթե դուք գիտեք Էնթոնի Բուրգենին` նա վավերագրական ֆիլմ է նկարահանել Արցախի և Հայաստանի մասին։ Այնտեղ հրաշալիորեն  ներկայացված է այդ կոնֆլիկտը, ցավոք, նա մահացել է, բայց իր ֆիլմով մեծ հաղորդագրություն է տարածել աշխարհով մեկ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի մասին։ Նա նաև ջիու-ջիցուի մեծ վարպետ էր։ Ինչ վերաբերում է ինձ ու իմ ընտանիքին, ես աշխարհին կպատմեմ իմ, կնոջս ու երեք հայանուն դստրերիս տպավորությունների մասին։ Դա կլինի  Արցախն ու արցախցիներին ներկայացնելու լավագույն միջոցը։ Եվ, ինչպես դուք եք ասում, սպորտը, առավել ևս` մեծ սպորտը, երկխոսելու, շփվելու, հասկանալու լավագույն ձևերից է, ես այդ ձևահարթակն էլ կօգտագործեմ։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.