[ARM]     [RUS]     [ENG]

ՙԴԻԶԱԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ՚` ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի  29-ին տեղի ունեցավ ՙԴիզակի գույնը՚ նկարչական սիմպոզիումի փակման հանդիսավոր արարողությունը, որն անցավ ոչ թե Հադրութ շրջկենտրոնում, այլ մերձակա Տյաք գյուղում, մի հին առանձնատան մեջ, որն էլ պետք է դառնա Հադրութի ապագա պատկերասրահը:

Եվ, ինչպես խոստացել ենք, ներկայացնում ենք մի խումբ մասնակիցների` թե՜ երիտասարդ և թե՜ փորձառու նկարիչների տպավորությունները, կարծիքները սիմպոզիումի, մեր երկրի մասին:

Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանող. - Այնքա~ն բան կա ասելու, որ այս 7 օրվա ընթացքում ապրեցինք, զգացինք: Եղան նոր շփումներ, ինչի արդյունքում ձեռք բերեցինք նոր ընկերներ, տեսանք այդ մարդկանց անկեղծությունը, յուրաքանչյուրի յուրահատկությունը: Առաջին անգամ էի մասնակցում այդ սիմպոզիումին: Բացի ինձնից կային ուրիշներ, ովքեր ևս առաջին անգամ էին այդտեղ, առաջին անգամ` Արցախում: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գևորգ Ընծա Բաբախանյանին, ումից այս հրաշալի ծրագրին մասնակցության առաջարկ ստացա: Այն ինձ շատ բան տվեց: Ահա թե ինչու սիմպոզիումը երկար կմնա իմ մեջ: 

Նատալյա ՍՅՈՒԶԵՎԱ, նկարիչ, ՌԴ, քաղաք Պենզա. - Անշուշտ, շատ երախտապարտ ենք կազմակերպիչներին, որ այս յոթ շքեղ օրերը պարգևեցին մեզ: Շնորհակալ եմ մասնակից գործընկերներիս: Ինչու՞ իրենց: Որովհետև լինել նկարիչ, նշանակում է լինել մի յուրահատուկ ընկերակցության մեջ: Մենք եղբայրներ ու քույրեր ենք ձգտումներով, կոչումով: Տարբերվում ենք հասարակ մարդկանցից, հաճախ անհասկանալի ենք լինում մեր ներաշխարհով, արժեհամակարգով: Մի քանի օր առաջ մենք իրար բացարձակապես չէինք էլ ճանաչում, իսկ այստեղ լինելն այս յոթ օրերին այնպես մեզ միաբանեց, որ կարծես վաղեմի ընկերներ ենք եղել: Իսկ ամենակարևորը` մենք ընդհանուր մի գործ էինք անում: Այս ոչ բարենպաստ պայմաններում նկարելն ամեն մարդու գործ չէ: Եվ ահա մենք` 18 նկարիչներս, ոչ թե մեկը մյուսին խանգարելով էինք դա անում, այլ հակառակը` միմյանց ձեռք մեկնելով: Եվ դա անում էինք մեր հոգու կանչով: Շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել հայտնվել այս չքնաղ երկրում, ճանաչել այս հիանալի ժողովրդին, շփվել և ամբողջ այս ջերմությունը, գույները, տպավորություններն ինձ հետ տանել իմ հարազատ քաղաք:

Աննա ՆԱՍԻԲՅԱՆ, նկարիչ, Կողբի արվեստի դպրոցի ուսուցիչ. -  Ես երկրորդ անգամ եմ մասնակցում սիմպոզիումին: Իմացել եմ  պլեների մասին և հրավեր ստացել Գևորգ Ընծա Բաբախանյանից, ում հետ միշտ շփման մեջ ենք: Մենք միշտ նրան հրավիրել ենք Կողբի արվեստի դպրոցի կողմից կազմակերպած պլեներներին: Այս անգամ էլ ինքը մեզ հրավիրեց: Ես էլ մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ Շուշիում, Ստեփանակերտում արդեն եղել եմ, իսկ գյուղերում` ոչ: Փաստորեն կարող էի շատ բան կորցնել, եթե չգայի, որովհետև գյուղեր գալով, գյուղացիների հետ շփվելով է հնարավոր ճանաչել Արցախը: Բառերով դժվար է արտահայտել այն, ինչ զգացել եմ այս յոթ օրվա ընթացքում: Քեզ թվում է, թե դու գալիս ես ինչ-որ բան անելու, բայց իրականում դու այնքան էներգիա, ջերմություն ես վերցնում, որ մի ամբողջ տարի կարող ես ստեղծագործել այդ տպավորությունների հիշողություններով: Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին, բնակչությանը՝ ոչ միայն պատշաճ կերպով ամեն ինչը կազմակերպելու, այլև ջերմ, հոգատար, սրտացավ վերաբերմունքի համար: Երբ էլ հրավիրեն, պատրաստ եմ մեծ հաճույքով մասնակցելու: Մի քանի տարի առաջ Շուշիի Նարեկացի արվեստի միությունում մեր դպրոցը ՙՍահմանից սահման՚ խորագրով ցուցահանդես է կազմակերպել: Հետաքրքիր ու կարևոր միջոցառում էր: Բայց այս սիմպոզիումը մեկ այլ կարևորություն ունեցավ ինձ համար: Մեր գյուղն էլ  Տավուշի շրջանի սահմանամերձ վայրերից է: Ուստի շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ապրել նման վայրում: Ինչքա~ն ջերմություն կա այդ մարդկանց վերաբերմունքի մեջ, մեծ կարոտ`մարդկանց հետ շփվելու, հաղորդակցվելու: Շատ հուզիչ պահեր ապրեցինք: Անչափ ուրախ կլինենք, եթե սիմպոզիումը համոզի մարդկանց վերադառնալ իրենց հայրենի գյուղերը: Կուզենայի անմիջական կապ ստեղծել հենց Հադրութի շրջանում գործող մշակութային հաստատությունների հետ: Այո, մի նոր կամուրջ կուզենայի կառուցենք մեր երկու շրջանների միջև և սերտ կապեր հաստատենք:

 

Արամ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, նկարիչ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ. - Առաջին անգամ եմ մասնակցում: Ինձ համար այս սիմպոզիումի գաղափարը շատ հետաքրքիր էր: Ուրախությամբ ընդունեցի մասնակցելու առաջարկը և շատ շնորհակալ եմ հրավիրելու համար: Անչափ տպավորված եմ: Եթե մյուս տարի նորից հրավիրեն, մեծ սիրով կգամ: Պատրաստ եմ ցանկացած հարցով օգնել նրանց: Այո, խմբում կային և՜ ծանոթ, և՜ անծանոթ նկարիչներ: Եվ այդ բոլոր յոթ օրերի ընթացքում ընկերացանք: Ոչ մի խնդիր չի եղել: Կուզենայի, որ մյուս տարի ավելի ընդլայնված, ավելի մեծ թափով կազմակերպվի: Այո, գիտեի, որ նվիրատվություն պետք է անենք: Շատ ուրախ եմ, որ Հադրութում պատկերասրահ հիմնելու այս  գաղափարի հիմքում ունեմ նաև իմ լուման: Բոլոր 6 կտավներն էլ նվիրաբերել եմ պատկերասրահին: Մեկ կիսատ մնացած նկար եմ տանում ինձ հետ Հայաստան, բայց երբ դա էլ ավարտեմ, դարձյալ կուղարկեմ Հադրութ: Անգամ պատրաստ եմ իմ անձնական հավաքածուից նվիրաբերել ապագա  պատկերասրահին:

Կոնստանտին ԴՈԼԳԱՇԵՎ, ՌԴ Չուվաշիայի Հանրապետության ժողովրդական նկարիչ. - Վերջին տասը տարիներին աշխարհը պատերազմների է գնում: Հիմա ժողովուրդները պետք է զսպեն իրենց: Նկատի ունեմ թե՜ ողջ աշխարհում, թե՜ Ռուսաստանում և թե՜ Կովկասյան տարաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները: Ահա թե ինչու մշակույթն այսօր շատ կարևոր դեր պետք է խաղա ողջ աշխարհում: Նախ` մեր երեխաներին դաստիարակելով արվեստով, մենք պահպանում ենք մեր իսկ գենոֆոնդը: Իսկ դա շատ կարևոր խնդիր է: Ահա թե ինչու նկարիչների շարժումը, որը Ռուսաստանում մեծ թափ է առել ու անընդհատ ընդլայնվում է, այստեղ էլ մեծ կարևորություն ունի: Հատկապես նման նախաձեռնությունները պահանջված են ծայրամասային շրջաններում, որտեղ մշակույթի կարոտը, պահանջարկը շատ ավելի մեծ են: Աշխարհը փրկելու է մշակույթը: Այո, ես հավատում եմ դրան: Ավելին ասեմ, ինքս  իմ հնարավորությունների չափ անում եմ ամեն ինչ, որպեսզի թե հարազատ քաղաքում, թե Ռուսաստանի այլ քաղաքներում, վայրերում մշակույթին առաջնահերթություն տրվի: Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները կտրվեցին մեկը մյուսից, որոշների միջև թշնամություն առաջացավ: Յուրաքանչյուրում զինված ուժերին անհամաչափ ուշադրություն տրվեց, իսկ մշակույթը մնաց ստվերում: Սակայն, այս ամենի համատեքստում, իմ խորին համոզմամբ, մշակույթի դերը շատ ավելի է մեծանում, քանի որ միայն մշակույթն իր խաղաղասիրությամբ և լուսավորչությամբ կարող է արգելք դառնալ զանազան արկածախնդրությունների: Ահա թե ինչու մեծ պատրաստակամությամբ ընդունեցի Գևորգ Բաբախանյանի հրավերը: Հրաշալի օրեր անցկացրինք: Հին երկիր, կուտակված հզոր մշակույթ: Ես ինձ չէի խնայում, օրը 3-5 տեսարան էի նկարում: Մոտ 40 գործեր ստեղծեցի, որից 5-ը նվիրաբերեցի ապագա պատկերասրահին, մնացածը տանում եմ ինձ հետ, որպեսզի իմ մյուս գործընկերների հետ համատեղ այս այցելությունից ծնված գործերի ցուցահանդեսը կազմակերպենք: Բարեկամության այս կամուրջը երկար պետք է ապրի և նոր նախաձեռնությունների հարթակ հանդիսանա: Մենք էլ մեր կողմից սրտանց հրավիրում ենք Արցախի և Հայաստանի մեր գործընկերներին` հաջորդ տարի մասնակցելու Չեբոքսարիում անցկացվող ամենամյա ՙՌուսաստանի աղբյուրները՚ փառատոնին: Չափազանց կարևորում եմ ՙԴիզակի գույները՚ նկարչական սիմպոզիումի շնորհիվ ստեղծված բարեկամությունը Չուվաշիայի և Արցախի հանրապետությունների միջև: Ես ու իմ գործընկերները պատրաստ ենք խորացնել, ընդլայնել այս կապը:

Հիշեցնենք` ՙԴիզակի գույներ՚ նկարչական սիմպոզիումի յոթ օրվա ընթացքում ստեղծված ավելի քան 200 գործերից 61-ը նվիրաբերվել է Հադրութի ապագա պատկերասրահին:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ