Logo
Print this page

ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵԿՑԻ ՈՂՋ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Գիտելիքի և դպրության օրը խանդավառությամբ է նշում մեր ժողովուրդը. դարեր շարունակ Մաշտոցյան գրի  և հայ քաջարի մարտիկների բազկի զորությամբ  սերունդները երկիր են պահել:

Հայրենասիրության դարբնոցը եղել ու մնում է դպրոցը: Այստեղ են ձևավորվում հայրենիքի ապագա պաշտպանը, երկիրը շենացնող գիտնականը, շինարարը, մանկավարժը… Իսկ դրան հասնելու ճշմարիտ ուղին բարձրակարգ ուսումն է, գրին ու դպրությանը հավատարիմ մնալը: Այդպես են մեզ սովորեցրել հայոց դարերը, և դա է գալիքի մեր խորհուրդը: 

Ձևավորված ավանդույթի համաձայն` Գիտելիքի և դպրության օրը ուսումնական հաստատություններ են այցելում մեր երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների, հասարակական-քաղաքական, գիտության ու արվեստի ներկայացուցիչներ, զինվորականներ, պետականաշինության գործընթացում մեծ ավանդ ունեցող անձինք:

 Սեպտեմբերի 1-ին Ասկերանի Էդ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց է այցելել և անկախության դաս վարել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, իսկ Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հ. 7 հիմնական դպրոց` պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: 

Մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան հ.1 հիմնական` հանրապետության ամենախոշոր դպրոցի Առաջին զանգի արարողությանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: 

Ի դեմս այս կրթօջախի` նախարարը շնորհավորել է բոլոր ուսումնական հաստատություններին` ուստարվա մեկնարկի և Արցախի Հանրապետության հռչակման առթիվ: ՙՍեպտեմբերի 1-ը հիրավի տոն է բոլորիս համար. առաջին զանգի ղողանջների հետ կարծես մեր կյանքը լցվում է նոր գույներով ու երանգներով, նոր իմաստով ու բովանդակությամբ: Պատմական իրադարձությունների բերումով՝ Գիտելիքի և դպրության օրն Արցախում նշվում է Անկախության տոնի հետ միասին: Եվ արդեն 27-րդ անգամ ուսումնական տարին մեր հանրապետությունում մեկնարկում է անկախության դասով: Սրա մեջ մեծ խորհուրդ կա, քանի որ ամենակարևոր դասը երեկ, այսօր և վաղը որ կա և պետք է լինի` ամուր պահել պետության հիմքերը և մեր գիտելիքներով, մեր աշխատանքով ու հայրենիքին մեր ծառայությամբ ամեն օր մի քար ավելացնել այդ հիմքի վրա: Որովհետև պետականությունն է, որ երաշխավորում է անվտանգություն և կրթության, աշխատանքի և զարգացման հնարավորություն՚,-իր ուղերձում ասել է Ն.Աղաբալյանը: 

Շնորհավորելով աշակերտներին,  առանձնահատուկ` առաջին դասարանցիներին` նախարարը մաղթել է նրանց հետաքրքիր ճանապարհ դեպի գիտելիքների զարմանահրաշ աշխարհ,  ուսուցիչներին` ուժ ու կորով, վստահեցնելով, որ  փնտրելու և ստեղծելու են նոր հնարավորություններ  երեխաներին ավելի լավ կրթություն տալու համար:    

Այս տարի Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան  հ. 1 դպրոցն իր հարկի տակ ընդունել է 208 առաջին դասարանցու: Իհարկե, դա նաև դպրոցում  լավագույն մանկավարժների առկայությամբ է պայմանավորված:  

Առաջին անգամ դպրոցի շեմին ոտք դնող մանուկների պես հուզումնառատ են նրանց ծնողները, ուսուցիչները:

Նրանց կողմից շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր են ուղղվում առաջին դասարանցիներին.  դպրոցի շեմին ոտք դնելը նրանց համար կյանքի նոր շրջափուլ է նշանավորում: Բոլորի ակնկալիքները և մաղթանքները նույնն են`  նրանց համար ուսման առաջադիմությունը լինի գլխավոր նպատակ, և նրանք վաղվա արժանի քաղաքացի դառնալու առաջին աստիճանին կանգնեն գիտակցված պատասխանատվությամբ: 

Առաջին զանգի ղողանջները բոլորին հրավիրում են դասասենյակներ: Եվ սկսվում է առաջին դասը` անկախության դասը` ՙԱրցախի Հանրապետությունը 27 տարեկան է՚:

 

ՙԱԱ՚

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.