[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈՓՈԽ Է

Արցախի 217 հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին հնչել է առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնականի մեկնարկը։

Մայրաքաղաքի և շրջանների կրթօջախներում Գիտելիքի և դպրության տոնի առթիվ տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ։ Տոնական տրամադրությամբ դպրոցներում ընդունել են նորեկներին՝ ավագ դասարաններում անցկացնելով արիության դասեր։

2018-2019 ուսումնական տարում մեր երկրի առաջին դասարանցիների թիվը 2441 է, որից 905 առաջին դասարանցի դպրոց է հաճախելու Ստեփանակերտում։ Ի տարբերություն դրանց, մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան համար 1 և Ե. Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցներում շարունակելու են աշխատել վեցօրյա ռեժիմով։ Խնդիրն այն է, որ ծանրաբեռնվածության պատճառով այս կրթօջախներում նախորդ տարիներին էլ պարապմունքները կազմակերպել են երկու հերթով։ Հակառակ ծանրաբեռնվածության աստիճանին՝ մանկավարժները վստահեցնում են, որ դպրոցում որակյալ ուսման համար ոչինիչ չեն խնայում։ Տնօրեն Անահիտ Պողոսյանի խոսքով՝ գիտելիք տալով` ուսուցչի աշխատանքը չի ավարտվում. Արցախ աշխարհին պետք են բանիմաց, բարոյական և հայրենասիրական վեհ արժեքներով դաստիարակված զավակներ, ովքեր ձևավորվում են հենց դպրոցում: 

Ստեփանակերտի Չարենցի անունը կրող հիմնական դպրոցն այս ուսումնական տարում ընդունել է 145 առաջին դասարանցու՝ նրանց ընդգրկելով հինգ դասարանում։ Գիտելիքի և դպրության տոնին մայրաքաղաքի համար 7 հիմնական դպրոց է այցելել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, շնորհավորել աշակերտական և ուսուցչական կոլեկտիվներին։ Տոնական միջոցառմանը պետնախարար Մարտիրոսյանը մասնավորապես ասել է. ՙԸնդունված է այսօր շնորհավորել հենց ձեզ, սակայն եթե ավելի խորը նայենք, ապա այս տոնը մարմնավորող երևույթի՝ գիտելիքի և դրա տարածման շահառուներն անխտիր բոլորս ենք, և սա համահասարակական տոն է: Սիրելի՜ աշակերտներ, ձեզնից ոմանք արդեն անցել են այդ դասերը, ոմանք դեռ նոր պիտի անցնեն, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ մերը, ունենում են տարբեր բնական հարստություններ։ Բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ինչքան էլ մեր երկրի ընդերքը հարուստ կամ աղքատ լինի այս կամ այն բնական պաշարներով, մենք միշտ մեր հիմնական հարստությունը համարել և համարում ենք մարդուն և առավելապես՝ երիտասարդ սերնդին: Մարդն է, որ կառավարում է մյուս բոլոր տարերքները, տնօրինում հարստություններն ու բազմապատկում դրանք: Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին սկսեք այս գիտակցումով: Դուք եք մեր երկրի գլխավոր հարստությունը և ձեր կրթության, բարեկրթության, դպրոցական և հանրային առաջադիմության որակից է կախված՝  ապագայում ավելի հարո՞ւստ, թե՞ աղքատ երկիր կունենանք մենք և մեր սերունդները՚,-նշել է Գ. Մարտիրոսյանը։

Հանդիսավոր միջոցառումից հետո կրթօջախի ղեկավարի ուղեկցությամբ պետական նախարարը շրջել է դպրոցում։ Այցելելով դպրոցական նստարանին առաջին անգամ նստող փոքրիկներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նրանց, նրանց դասվարներին և ծնողներին։ Ուրախ էին երեխաները, հուզված՝ նրանց ծնողները, իսկ ուսուցիչները չէին թաքցնում, որ իրենք էլ սեպտեմբերի 1-ին մանկանում են ու մանկան թրթիռով սպասում առաջին զանգի արարողությանը։ Տարիներն անցնում են, փոխվում են սերունդներն ու կրթական համակարգերը, բայց նույնն է մնում մանկավարժի առաքելությունը։ Ժպիտով են նշում՝ երեխաների հետ աշխատելով, մնում են երիտասարդ։

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ