[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՍՏԱԿԱԾ ՈՒ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 4-ին Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել լիբանանահայ հայտնի խմբավար Զաքար Քեշիշյանի` Արցախում 1992-ին իր կողմից հիմնված ու մինչ օրս ղեկավարվող ՙՎարանդա՚ երգչախմբի մենահամերգը:

Նշենք` երգչախմբի կողմից սեպտեմբերին տրվող համերգները վաղուց բարի ավանդույթի են վերածվել, ինչը տեղի ունեցավ նաև այս տարի: Այս տարվա համերգն առանձնացվեց Զաքար Քեշիշյանի 50-ամյա հոբելյանով: Արցախի արվեստի բնագավառում նշանակալի ավանդ ունենալու համար և ԱՀ 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ նախագահի հրամանագրով Զաքար Քեշիշյանին շնորհվել է Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Ի դեպ, ԱՀ իշխանությունները Զ. Քեշիշյանի կողմից արված աշխատանքը` ի նպաստ Շուշիի մշակութային կայնքի զարգացմանը, բարձր գնահատվեց դեռևս 2002-ին, երբ լրացավ ՙՎարանդա՚ երգչախմբի 10 տարին. նա պարգևատրվեց ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով, իսկ 2004-ին արժանացավ Շուշիի պատվավոր քաղաքացու կոչման: 2005-ին պարգևատրվեց Եղիշեի անվան մրցանակով: 2007-2008թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության պատվոգրերով, 2007-ին` ԼՂՀ ՙԻ. Աթայան՚ հուշամեդալով, ինչպես նաև ԼՂՀ գրողների միության պատվոգրով, 2014-ին` ՙԱրցախյան շարժում. 25-ամեակ՚ շքանշանով: 2017-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության ՙԿոմիտաս՚ շքանշանով: -Զաքար, շնորհավորում եմ ԱՀ արվեստի վաստակավոր գործչի շնորհման կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողություններ: Ի՞նչ զգացմունքներ ունեցաք, երբ լսեցիք կոչումը շնորհելու մասին:

-Նախ` զգացված եմ նման բարձր կոչում շնորհելու համար: Անշուշտ, Արցախում պարգևի արժանանալը այլ բան է, քան արտասահմանում: Որովհետև արտասահմանում դրանք օտարի գնահատականներն են, փառքի պսակներ են, իսկ Արցախում` նոր մարտահրավերներ, որպեսզի մենք առավել ուժեղ, միասնական, ավելի մեծ եռանդով նվիրվենք մեր առաքելությանը, որովհետև ծառայում ենք մի ժողովրդի, ով անկախություն է կերտել, ով պատերազմած է հաղթել, ով խաղաղություն է կերտում, ով ամրապնդում է իր տնտեսությունը, այն ժողովրդի, ում համար արժե և՜ ապրել, և՜ մեռնել:

-Իսկ կեսդարյա հոբելյանն ինչ-որ բան փոխե՞ց Ձեր կյանքում:

-Ո՜չ, պարզապես 50-ից հետո ետ պետք է հաշվենք` 49, 48, 45… 

-Իսկ խմբավարի գործունեության մե՞ջ…

-Պարզապես նշանավորվեց նոր տողով: ՙՎարանդա՚-ի երգչախմբերի կազմն է փոխվում, օրվա խմբավարն է փոխվում, երգացանկերի ծրագրերն են փոխվում, սակայն կյանքը պետք է շարունակվի, և երգչախմբերն Արցախում պետք է շարունակեն երգել: Խոսքը ոչ միայն ՙՎարանդա՚-ի երգչախմբերի մասին է, այլև արվեստի բոլոր բնագավառների` լինի դա նկարչություն, թատրոն, պարարվեստ: 

-2018-ի ամառն ինչո՞վ առանձնացավ:

-Նախ` մեր տղան փողոցային շուշեցի դարձավ և արցախյան բարբառը լավ սովորեց: Դա մեր ուրախություններից մեկն է: Այս տարին նշանավորվեց մեր ընտանիքի համար ևս մեկ իրադարձությամբ. կնոջս` Կամիլայի նոր գրքի` բանաստեղծությունների ժողովածուի արցախյան շնորհանդեսով: Ուրախ եմ, որ մի նոր գիրք ծնվեց մեր ընտանիքում: Նշանավորվեց նաև նրանով, որ ՙՎարանդա՚ երգչախմբին միացավ շնորհալի մի երիտասարդ խմբավար Մարիամ Բեգլարյանը, ով իր փորձառության ուղին անցավ Տողի, Ճարտարի արվեստի դպրոցներում: Հուսով եմ, որ նա կունենա իր ստեղծագործական ձեռագիրը, իր ստեղծագործական կյանքը, ինչպես դա ստացվեց մյուս խմբավարների մոտ: Եվ ես նրան բարի երթ եմ մաղթում:

-Իսկ ՙՎարանդա՚ երգչախմբի համար ստեղծված պայմանները բարելավվեցի՞ն, թե՞ դեռևս խնդիրներ կան: 

-Ուրախ եմ ասելու, որ այսօր, առաջին հերթին, ունենք ընդունելություն կատարելու համար նորոգված փորձասենյակ: Արդեն հինգ տարի մեր գրասենյակը գտնվում է Մշակույթի և երիտասարդության պալատի նորոգված շենքում: Պարապմունքներն անցկացնում ենք կահավորված դահլիճում: Պատկերացրեք` 20 տարի նման պայմաններ մենք չենք ունեցել: Չենք ունեցել, բայց մեզ սիրով ու ջերմությամբ են հյուրընկալել Շուշիի Աբովյանի անվան հանրակրթական դպրոցում, երաժշտական դպրոցում: Ինչի համար անչափ շնորհակալ ենք նշված հաստատությունների ղեկավարությանը: Բայց երգչախմբերի հետ աշխատելու առումով, մանավանդ երիտասարդ խմբի հետ և հատկապես իմ բացակայության ժամանակ, խնդիրներ դեռ կան: Այս հարցը միշտ բարձրացնում եմ, բայց մինչ այսօր այն լուծված չէ: Խոսեցինք դրա մասին նաև նոր նախարար` Լեռնիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես Ստեփանակերտի երգչախմբերի պարագայում, այնպես էլ Շուշիում պետք է ունենալ պրոֆեսիոնալ երգչախմբեր: Դրա համար պետք են լրացուցիչ հաստիքներ, որոշակի վարձատրություն, որպեսզի իմ բացակայության ժամանակ ամբողջ տարի պրոֆեսիոնալ աշխատանք տարվի երգչախմբի հետ: Հույս ունեմ, որ նախարարությունը կաջակցի, և մենք կլուծենք նաև այս խնդիրը:

-ՙՎարանդա՚-ն գոյություն ունի արդեն 26 տարի: Կա՞ տարբերություն կատարողական վարպետության առումով 90-ականներին ընդգրկված և այսօր երգող երեխաների միջև:

-Գիտեք, այն ժամանակ սոված, հագուստ ու կոշիկ չունեցող երեխաների հետ էի աշխատում, բայց նրանք մեծ պատրաստակամությամբ, մեծ սիրով էին ընդգրկվում երգչախմբում: Իսկ այսօր նման խնդիրներ չկան բացարձակապես. երեխաները խնամված են, կոկիկ հագնված, ապահովված են ամեն ինչով: Բայց դժվարությամբ են գալիս երգչախմբում երգելու: Կարծում եմ, խնդիրը նրանում է, որ գրեթե ցանկացած երեխա ունի ժամանակակից հեռախոս, համացանցի մուտք ունի, մեծ տեղեկատվական հոսքը հասանելի է: Անշուշտ, դա խանգարում է նրանց ներաշխարհը, արժեհամակարգը ճիշտ ձևավորվելուն: Բայց դա միայն Շուշիում ապրող երեխաների խնդիրը չէ: Խնդիրը կա և՜ Լիբանանում, և՜ Երևանում, և՜ ամենուրեք: Շատ դժվար է երեխաներին այսօր համախմբել երգչախմբային արվեստի շուրջ…

-Բայց ՙՎարանդա՚-ի թե՜ կրտսեր խմբի երեխաների և թե՜ ավագ խմբի երիտասարդ երգչուհիների մեջ ես տեսա երգը գեղեցիկ ու վարպետորեն կատարելու մեծ ցանկություն:

-Այո: Բավական է, որ նրանք ընդգրկվեն երգչախմբում, որպեսզի արժեհամակարգն արագորեն փոխվի: Կարևորն ընդգրկվելն է: Երգչախմբում նոր երեխաներ ընդգրկելու նպատակով դպրոցականների համար տալիս ենք համերգներ: Եվ եթե գոնե մի հինգ նոր երեխա գա ու ընդգրկվի երգչախմբում, կհամարեմ, որ մեր նպատակին հասել ենք:

-Ձեր բազմակողմանի գործունեության մեջ նորանոր հաջողություններ ենք ցանկանում:

-Խորին շնորհակալություն:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ