[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՙՄՈՒՐԱՑԱՆՅԱՆ ՕՐԵՐԸ՚

Գրեթե չորս տասնամյակ է, ինչ Արցախում անց է կացվում ՙՄուրացանյան օրեր՚ գրական-մշակութային միջոցառումը, որի ՙերկարակյաց՚ լինելու գաղտնիքը ոչ միայն հայ մեծանուն դասականի ստեղծագործությունների արդիականության ու հավերժության մեջ է, այլև Արցախի գրողների միության նախանձախնդիր վերաբերմունքի՝ դեպի ճշմարիտ  գրողը, ճշմարիտ գրականությունը։

Մուրացանյան օրերը, որ մեկնարկեցին Շուշիում սեպտեմբերի 30-ին, անցկացվում էր ՙՄուրացանագիտությունն անկախության շրջանում՚ կարգախոսով։ 

Հայաստանից ժամանած պատվիրակության կազմում էին Հայաստանի գրողների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի  անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը,  ՀԳՄ քարտուղար, բանասիրական  գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության  ինստիտուտի  ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Մանե Սարինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից մանկավարժ, գրող Հովսեփ Նալբանդյանը։ 

Մուրացանի արձանին ծաղկեպսակադրությունից հետո միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան  Հակոբյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր անգամ հայ մեծանուն դասականը նորովի է բացահայտվում, որ նրա ստեղծագործությունները մշտապես  արդիական են, չեն կորցնում իրենց հնչողությունը,  որ նրա ՙԳևորգ  Մարզպետունի՚ պատմավեպը ոգեշնչում ու պայքարի է տանում հայոց պատմության բոլոր փուլերում։  Խորունկ հայրենասեր և ժողովրդասեր գրողի խոսքն այսօր էլ որպես պատգամ է հնչում. ՙԱմենից ավելի սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատռում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում...՚։ Մուրացանը երջանիկ անձնական կյանք չունեցավ, բայց ունեցավ անանձնական նվիրում ազգին, ժողովրդին, նա իր կյանքով ու ստեղծագործություններով սովորեցնում է ամեն թանկ բան զոհել հանուն հայրենիքի, և նրա իսկ բառերով ՙնա կբերե ձեզ և ձեր որդոց այն երջանկությունը,  որին շատերն են որոնում, բայց քչերն են ժառանգում՚։

ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանն իր ելույթում նշեց, որ ՙԳևորգ Մարզպետունի՚ պատմավեպը հայրենասիրական հսկայական լիցք է հաղորդում, իսկ գործերն ինքնաճանաչողության մեջ մեծ դեր են կատարում պատանի հասակից մինչ ծերություն։ Գևորգ Մարզպետունու կերպարն  ազգային ճակատագիր է թրծում, վկայելով, որ ՙմի ծաղկով էլ է գարուն լինում՚, որ նրա նմաններն են ժամանակը և հասարակությունը առաջ շարժում։ 

Վարդան Դևրիկյանը գրողին և նրա գործերը բնութագրեց որպես բարձր բարոյականության արտահայտություն, որ մեր ապրած ժամանակում հենց այդ բարոյականության շնորհիվ հաղթանակ ու երազ իրականացրինք։

Պետրոս Դեմիրճյանն  իր խոսքում ընդգծեց, որ Մուրացանն իդեալներ է փոխանցել և փոխանցում է ժողովրդին, հասարակությանը. որքան ամուր է ընտանիքը, այնքան հզոր է ազգը։

Սոկրատ Խանյանը, Հովսեփ Նալբանդյանը, Արմեն Ավանեսյանը, Զինաիդա  Բալայանն իրենց ելույթներում ընդգծեցին միջոցառման  կարևորությունը, նշելով, որ նման  մեծությունների շուրջ են համախմբվում մտավորականությունը, ժողովուրդը, որ դասականների ստեղծագործությունները մեծ ավանդ ունեն հայոց գոյապայքարի մեջ, որ պարտավոր ենք  ընդունել և արթուն պահել նրանց պատգամները։

Բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ Շուշին շատ մեծություններ է տվել, որոնց շարքում երևույթ է  Մուրացանը, բայց ցավալի է, որ ծննդավայրում գրողի անունով  կոչված որևէ կրթամշակութային հաստատություն չկա։

Օրվա երկրորդ  մասում Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի  արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Հակոբ Այնթապլյան կենտրոնում տեղի ունեցան ՙՄեծ մուրացանագետը. սարինյանական ընթերցումներ՚ և Հովսեփ Նալբանդյանի ՙՄիջազգային պատմություն՚ և ՙՍփյուռքահայ պատմվածքը՚ գրքերի շնորհանդեսները։

 

Մուրացանյան օրերը կտևեն չորս օր՝ ընդգրկելով նաև հանրապետության շրջանները, հոկտեմբերի 2-ին և 3-ին Արցախի գրական ընտանիքի անդամները խմբերով կմեկնեն Ազոխ, Կուսապատ, Մարտունի, Քաշաթաղ, Ասկերան, ինչպես նաև պաշտպանական շրջաններ:

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ