[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶՈԽՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑԸ

 Սեպտեմբերի 28-ը տոնական օր էր Հադրութի շրջանի Ազոխ համայնքում:

 Իրականացավ  բնակիչների տասնամյակների երազանքը. գյուղն ունեցավ դպրոցական նոր շենք: Հիմքերը գցվել էին 1987թ., սակայն տարբեր պատճառներով  այն ավարտին հասցնելու գործն ավելի քան 3 տասնամյակ ձգձգվել է: Պետական միջոցներով օբյեկտի շինարարությունը վերսկսվել է 2012 թվականին, և  վերջապես եկել է բաղձալի պահը`  բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այդ կապակցությամբ Ազոխ էին այցելել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, այլ պետական այրեր:Տոնականորեն զարդարված դպրոցին առանձնակի գեղեցկություն էին հաղորդում  միանման համազգեստով աշակերտները: Դպրոցի վաստակաշատ տնօրեն Իլյաս Պողոսյանն ասաց, որ այդ օրվան երկար են սպասել: Երախտագետ սանի և մանկավարժի խոնարհությամբ իր զգացումներն արտահայտելով 1934թ.  կառուցված  կրթօջախի հանդեպ, որտեղ  8 տասնամյակից ավելի  կրթվել ու  դաստիարակվել են Ազոխի սերունդները` նա  անսքող ուրախություն  հայտնեց, որ գյուղի երեխաները հետայսու սովորելու են եռահարկ, մանկավարժական և  ճարտարապետական ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոցական շենքում`  նախատեսված 240 աշակերտի համար, որտեղ առկա են  ֆիզիկայի և քիմիա-կենսաբանության  լաբորատորիաներ, համակարգչային կաբինետ, գրադարան, դպրոցական միջոցառումների համար դահլիճ, կենտրոնացված  ջեռուցման համակարգ` իր կաթսայատնով: 

Դպրոցը կառուցվել է բացառապես պետական միջոցներով. ՙՄենք  գիտակցում ենք, թե ինչ է նշանակում պատերազմող երկրի սուղ  բյուջեից ավելի քան 600մլն դրամ հատկացնել այսպիսի շենքի կառուցման համար: Դա ևս վառ ապացույց է կրթական համակարգի  նկատմամբ պետության ցուցաբերած ուշադրության և հոգատարության՚,-ասաց Ի. Պողոսյանը` երախտագիտություն հայտնելով երկրի ղեկավարությանը, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել Ազոխում նորակառույց դպրոց ունենալու, այն կահավորելու, խմելու ջուրը մինչև դպրոց հասցնելու, երեխաների` միանման դպրոցական հագուստ կրելու  հարցում: Եվ թեպետ այս դպրոցի կոլեկտիվը միշտ էլ աչքի է ընկել իր գործի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով` նորակառույց դպրոցում աշխատելն ու սովորելը կրկնակի  պարտավորեցնող է, նշեց տնօրենը` հավելելով, որ կձգտեն ստեղծել օրինակելի կրթական միջավայր` սովորողների մոտ դաստիարակելով մարդկային լավագույն որակներ, զինելով նրանց խոր գիտելիքներով:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն օրը պատմական համարեց  բոլորի համար, քանզի Արցախ աշխարհում հանդիսավորապես  բացվում է  ևս մեկ նորակառույց կրթօջախ` ևս  մեկ հավաստիք, որ դպրոցաշինությունը,  երեխաների համար  կրթության լավագույն պայմանների ստեղծումը շարունակում  են մնալ մեր երկրի ղեկավարության սահմանած առաջնահերթությունների շարքում` անկախ  խնդիրներից և ժամանակի առաջադրած մարտահրավերներից:  Եվ միանգամայն հասկանալի է ազոխցիների, հատկապես ուսուցիչների և աշակերտների ուրախությունը, որովհետև  նրանց նախորդներն այսպիսի հրաշալի  դպրոցի մասին տասնամյակներով են երազել: Նախարարն ընդգծեց  կրթական հրաշալի պայմաններ ունեցող դպրոցում երեխաների` խոր ու կայուն գիտելիքներ ստանալու համար ուսուցիչների նպատակաուղղված աշխատանքի անհրաժեշտությունը` ուշադրություն սևեռելով այն հանգամանքի վրա, որ գիտությունը  պատմական Դիզակի այս հրաշագեղ բնակավայրից այնքան էլ հեռու չէ, այն հենց նրանց մոտ է. Ազոխի քարանձավը վաղուց հանգիստ չի տալիս աշխարհի գիտնականներին, որոնք  լուրջ հիմքեր ունեն կարծելու, որ այս  փոքրիկ հողակտորը Երկիր  մոլորակի այն կետերից է, որտեղից  սկիզբ  է առնում մարդկության ծագման և քաղաքակրթության պատմությունը, և գիտական հետաքրքրությունը ոչ միայն չի մարում, այլև տարիների  հետ  ավելանում է: Նա ուղղակի պատվիրեց. ժամանակն է, որ ազոխցին ինքն էլ լուրջ մասնակցություն ունենա այդ հետազոտություններում,  դպրոցում էլ պատրաստվեն վաղվա գիտնականները: 

Հանդիսությունը վարող դպրոցականներ Վահե Ասրյանն ու Հերմինե Արզումանյանը աշակերտների անունից իրենց ուրախությունն արտահայտեցին օրեցօր բարեկարգ տեսք ստացող ու բարգավաճող գյուղի, նորակառույց դպրոցի առթիվ: 

Դպրոցի շնորհաշատ երեխաները իրենց երգ ու պարով հավաստեցին, որ իսկական տոն է բոլորի համար: 

Նորակառույց դպրոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց տնօրեն Իլյաս Պողոսյանին և 11-րդ դասարանի աշակերտ  Վահե Ասրյանին: Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մաթևոս քահանան կատարեց նորակառույց դպրոցի օրհնության կարգ: 

Նախագահ Բակո Սահակյանը ուղեկցող անձանց հետ ծանոթացավ  դպրոցի պայմաններին,  շրջեց դպրոցի տարածքում, հետաքրքրվեց մարզադահլիճի կառուցման  ընթացքով: 

Իսկ դպրոցի բակում աշակերտները շարունակում էին  ուրախ հանդեսը`  շուրջպարով և ազգային խաղերով: 

Բոլորի ցանկութունն է, որ  Արցախ աշխարհի լուրթ երկնքում միշտ թևածեն  խաղաղության աղավնիները, իսկ դպրոցի աշակերտների թիվը  հասնի ու անցնի նորակառույցով նախատեսված թվին: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ