ՄՈՒՐԱՑԱՆԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԿՐՈՂ

Հոկտեմբերի  1-ին ՙՄուրացանյան օրերի՚ շրջանակում Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի  Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Հակոբ Այնթապլյան կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով ՙՄուրացանագիտությունն  անկախության շրջանում՚ թեմայով, որը ներածական խոսքով բացեց Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ  Վարդան Հակոբյանը:

Ըստ նրա` ռուս դասականներից մեկը գրականությունն անվանել է մարդակերտություն և, համաձայն այդ մտքի, Մուրացանի սկսած վաղ շրջանի ՙՌուզան՚-ով մինչև վերջին ստեղծագործությունները ձևավորվում է  հայ մարդու հոգեկերտվածքը։ Այսօր սահմանը վերահսկող  զինվորի մեջ առկա է Գևորգ Մարզպետունու կերպարը։  ՙԱռաքյալը՚, ՙՆոյի ագռավը՚, ՙԳևորգ Մարզպետունին՚, ՙԱնդրեաս Երեցը՚ ներծծված են աստվածաշնչյան գաղափարներով. Մուրացանը և Դոստոևսկին հավատքի առումով առնչություններ ունեն, նրանք եզակի են և իրենց ստեղծագործություններով մի նոր աշխարհ են երևան բերել։

Հայ դասականի գրքերը հերոսներ են դաստիարակում։ Մուրացանն արծարծել է  երեք կարևոր գաղափար. առաքելություն, որն ազգի ապագան է, ընտանիք, որը պետության հիմքն է, միաբանություն, որի քարոզն այսօր էլ  արդիական է, և ազգի համար ճակատագրական պահերին գրողը հուշում է ճշմարիտ քայլը՝ միաբանություն։ Հրանտ Մաթևոսյանը մեծ սիրով էր խոսում Մուրացանի մասին, և նրանց հարազատությունը բնական է, քանի որ երկուսն էլ մեծ գեղագետներ են։ 

Բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի զեկուցման մեջ հնչեց այն միտքը, որ Մուրացանն արդիական  շեշտադրումներ ունի, որոնցից մեկը ծրագրային մոտեցումն է հայրենիքը հզորացնելու գաղափարին (ՙԱռաքյալը՚, ՙԽորհրդավոր միանձնուհի՚). նվիրյալները պետք է գնան գյուղ, զարգացնեն այն: Գրողի մոտ առաքելությունը ձախողվում է, բայց գաղափարն առայսօր էլ արդիական է: Հայ դասականն իր գործերում հայրենիքի գաղափարը տեսնում է ընտանիքի  և բարոյականության մեջ, որոնք, ըստ նրա` հայրենիքի ամրապնդման գործոններ են։ Նա մեծ դերակատարություն է վերապահում անհատին, որի շուրջ պետք է համախմբվի ազգը։ Հայաստանյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին այդ գաղափարի արդիականությունը։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Դեմիրճյանը խոսեց գրականագիտության մեջ էվոլյուցիոն երևույթի մասին` որ ժամանակն իր կնիքն է դնում գնահատությունների վրա։ Սերգեյ Սարինյանը խոստովանել է, որ սկզբնական շրջանում ինքը տուրք է տվել ժամանակի գաղափարախոսությանը և Մուրացանին համարել է ռեալիստ գրող։ Հետագայում Մուրացանը մեկնաբանվում է նորովի՝ որպես ուշացած ռոմանտիզմի ներկայացուցիչ, որպես ազգային ավանդական հիմնարար գաղափարների  կրող, հիմք, որի վրա բարձրանում է ազգի շենքը։ Այսօր էլ արդիական  է անհատի՝ անձնական և պետական կյանքի հակադրությունը և հետևությունը. ով նվիրվում է ազգին,  իր անձը պիտի մոռանա։ 

Բանաստեղծ Դավիթ Միքայելյանը ներկայացրեց Մուրացանի հետքերով կատարած իր պրպտումները։ Նա ներկայացրեց որոշ մանրամասներ Մուրացանի՝ Կուսապատի հետ ունեցած բարեկամական  կապերից, երբ գրողն այցելում էր Կուսապատ, Աթաբեկյանների օջախը հարս գնացած քրոջ տուն, ում խնամքի տակ էր մայրը՝ Հոռոմսիմը։ Իբր այդ գյուղում է կայացել կնոջ՝ Ոսկիի հետ ծանոթությունը։ Կուսապատում է իր մահկանացուն կնքել վիպասանի մայրը, և այժմ նրա գերեզմանը գտնվում է Աթաբեկյանների տոհմի զավակների շիրիմների հարևանությամբ։ Պատմավիպասանը սիրելի է կուսապատցիների համար, և նրա  հիշատակը հավերժացվել է դպրոցի առջև կիսանդրու տեղադրմամբ։ Արցախյան պատերազմի ժամանակ ազերիների կողմից հրդեհվել են  դպրոցը, մշակույթի տունը, Ալ. Բեկզադյանի տուն-թանգարանը, մուրացանյան մասունքներ։ Դպրոցի ներքնահարկում հրկիզումից հրաշքով փրկվել են միայն գրողի մահճակալն ու պահարանը։ Զեկուցողը հետաքրքրվել է նաև գրողի քրոջ ճակատագրով, պարզել, որ մոր մահից հետո նա տեղափոխվել է Երևան, որդու մոտ, մահացել զառամյալ հասակում։

ՙԱնդրեաս Երեց՚ վեպի գաղափարական և գեղագիտական առանձնահատկությունների մասին զեկուցեց ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա  Բեգլարյանը։

ԱՀ ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը մրցանակ հանձնեց Սերգեյ Սարինյանի դուստր Մանե Սարինյանին, բանաստեղծ Դավիթ Միքայելյանին, հեռուստալրագրող Նորայր Հովսեփյանին։ Այնուհետև խոսեց Մուրացանի գրական-հոգևոր արժեքների հանդեպ Շուշիի շրջանային իշխանությունների ոչ համարժեք վերաբերմունքի մասին, որ գրողի ծննդավայրում չկա որևէ հիմնարկ, հաստատություն, փողոց, որ կրի նրա անունը։ Առաջարկ եղավ  գիտաժողովի և մտավորականության  անունից դիմել իշխանությանը Ստեփանակերտում կանգնեցնելու  գրողի հուշարձանը։

Նույն օրը Խաչեն գյուղի (Ասկերանի շրջան)  Ղազարոս Աղայանի անվան դպրոցում տեղի ունեցավ համագյուղացի երկու ակադեմիկոսների՝ Սերգեյ Սարինյանի և Սևակ Արզումանյանի անվան թանգարանի բացումը, որին ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի  և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, շրջվարչակազմի պատասխանատուներ։

Դպրոցում տեղի ունեցավ նաև  Սերգեյ Սարինյանի ՙՀայոց գրականության երկու դարը՚ 7-րդ հատորի, երիտասարդ գրականագետ Ամալյա Գրիգորյանի ՙԲառը ժամանակի զուգահեռականներում՚ և ՙԳեղագիտությունը և բանաստեղծությունը. Սարինյանի հետ՚ ժողովածուների շնորհանդեսը, որից հետո ՙՄուրացանյան օրերի՚ մասնակիցներն այցելեցին գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ