ՆԱ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ԷՐ…
Հուշ-ցերեկույթ` նվիրված ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Էդմոն ԲԱՐՍԵՂՅԱՆԻ 50-ամյակին
Հոկտեմբերի 4-ը Ասկերանի միջնակարգ (հոսքային) դպրոցի համար առանձնահատուկ Է: Այն դպրոցի նահատակ շրջանավարտ Էդմոն Բարսեղյանի (ում անունն է կրում կրթօջախը) ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ ամեն տարի դպրոցի Փառքի սրահում կատարվում է հիշատակի արարողություն. առաջին դասարանցիները հանդիսավոր երդմամբ ընդունվում են ՙԶարթոնք՚ մանկապատանեկան կազմակերպության աստղիկների շարքերը: Այս տարի այն առավել նշանակալից էր. Էդմոն Բարսեղյանի ծննդյան 50-ամյակն էր, և այդ կապակցությամբ մեծ միջոցառում էր նախատեսված: Դպրոց էին այցելել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ով հերոսի այրին է, նրա ընտանիքի անդամները, Էդմոն Բարսեղյանի մարտական ընկերներից: Միջոցառման բացմանն աշակերտներն ավագների ձայնակցությամբ կատարեցին Արցախի օրհներգը: Խմբերի հրամանատարները զեկուցեցին տողանին կազմ ու պատրաստ լինելու մասին:
Առաջին դասարանցիները հանդիսավոր երդվեցին լավ սովորել, լինել կարգապահ, սիրել հայրենիքը: Դասարաններն անվանակոչվեցին հերոսների անուններով. մեկն այսուհետ կկրի Շառլ Ազնավուրի անունը:
Միջոցառման շարունակությունը շրջվարչակազմի դահլիճում էր: Ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ, շրջանի ղեկավարությունը, հյուրեր արտերկրից: Բեմի կենտրոնական մասում հերոսի նկարն էր` լուսապսակված հավերժական կրակով և ծաղիկներով: Հուշ-ցերեկույթը բացեց դպրոցի փոխտնօրեն, միջոցառման կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը: Էդ. Բարսեղյանի կյանքի ուղին ներկայացրին աշակերտները` նրա մասին կամ նրա գրած բանաստեղծություններով, երգերով, մորը, սիրածին, քրոջը հասցեագրած նրա տողերով` լի խոր փիլիսոփայությամբ, լիրիկական քնքշությամբ, հասուն մտքերով: Այդ խոսքերը հնչում էին որպես պատգամ, հավատամք, ապրելու բանաձև: Դպրոցականներին, որոնք հպարտորեն կրում էին ՙԱսկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց՚ մակագրությամբ վերնաշապիկներ, ընկերակցում էին ՊԲ ՙԱսպետ՚ համույթի նվագողներն ու երգիչները` դահլիճում ստեղծելով հայրենասիրության և բարձր հուզական մթնոլորտ:
Աշակերտների ներկայացումին զուգահեռ էկրանին ցուցադրվում էին հերոսի` տարբեր տարիների լուսանկարները` ակնառու դարձնելով ընկերասեր, խելացի, շնորհալի, բազմակողմանի զարգացած, արտակարգ ընդունակություններով օժտված, ազնիվ, շիտակ հայրենասերի նրա կերպարը, մարդ, որի ներքին գեղեցկությունն ու արտաքին բարեմասնությունները հիանալիորեն ներդաշնակված էին: Երեխաների ելույթներին միացան մեծերը` յուրաքանչյուրն իր կողմից մի գունեղ գիծ ավելացնելով նրա դիմանկարին: Թոշակառու ուսուցչուհի Ռայա Մոսյանը ներկայացրեց իր` որպես Էդմոնի դասղեկի, հուշերը:
Բոլոր առարկաները սիրում և տիրապետում էր հավասարապես, ակտիվորեն զբաղվում էր սպորտով, լավ նկարում էր, քանդակում: Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Մեկ տարի հետո զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը: Հանգամանքների բերումով ուսումը շարունակել է Կալինինգրադի համալսարանում: Սակայն հայրենիքում կատարվող իրադարձությունները ստիպեցին նրան կիսատ թողնել ուսումը և վերադառնալ: Առաջիններից էր, որ արձագանքեց հայրենիքի կանչին:
1989թ. աշնանը Էդմոնը հանդիպում է ընկերների հետ, որոնք ընդհատակյա գործունեություն էին ծավալում Ղարաբաղում, ծանոթանում է իրավիճակին և պլաններ մշակում հետագա գործունեության համար: Աշնան վերջին նա տղաների հետ մեկնում է Հայաստան` զենք ու զինամթերք հայթայթելու:
Էդմոնն անձամբ մի քանի անգամ փորձեր է ձեռնարկել ավտոմատ ձեռք բերելու համար. դա նրան հաջողվել է:
1990 թ. դեկտեմբերի 23-ին Էդմոնն ամուսնանում է Նարինե Աղաբալյանի հետ: Ամուսնությունը չի խանգարում, որ նա շարունակի իր պայքարը:
Քույրը` Էվելինան, մեծ հպարտությամբ է պատմում եղբոր մասին: Եղբորը` Սասունին էլ առիթը բաց չէր թողնում իր հայրենասիրությամբ վարակելու, ասում էր. ՙՍիրի՜ր հայրենիքդ անձիդ պես և ամեն վայրկյան պատրաստ եղիր կյանքդ նվիրաբերելու նրան՚:
Ռազմագործողությունները հաջորդում էին իրար: Տղաները մասնակցեցին Հադրութի շրջանի` ազերիների կողմից զավթված հայկական գյուղերի ազատագրմանը: Ժամանակ անց ջոկատը տեղափոխվում է Շահումյան: Այստեղ ընթանում էին ամենաթեժ մարտերը: ՙԵթե Շահումյանը տանք, կտանք նաև Մարտակերտը: Ես պետք է գնամ, իմ գնդացրի վրա մարդ չկա՚,- ասում էր Էդմոնը հարազատներին, որոնք ցանկանում էին թեկուզ մեկ օրով նրան պահել տանը, որ հանգստանա: Էդմոնի մարտական ընկեր Վիլեն Սաֆարյանը պատմեց 1991թ. Խանձաձոր բնակավայրի ազատագրման օպերացիայի մասին: Էդմոնը սխրանքի վառ դրսևորումներ ցուցաբերեց:
1991թ. օգոստոսի 28-ին Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի պաշտպանության համար մղված մարտը Էդմոնի համար եղավ վերջինը … Ակնառու խիզախության և անձնական արիության համար ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահության 1993 թվականի որոշմամբ Էդմոն Ալեքսանդրի Բարսեղյանը հետմահու պարգևատրվեց ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով:
Նրա զոհվելուց մի քանի ամիս անց ծնվեց փոքրիկ Էդմոնը: Այսօր որդի Էդմոնն իր ծնողներին պարգևել է հրաշալի թոռնիկ` Էդվարդ Բարսեղյան:
Էդմոն Բարսեղյանի հայրը` Ալեքսանդր Բարսեղյանը, ցանկանալով որդու վրեժը լուծել, նույնպես պայքարում էր զենքը ձեռքին: Ավա՛ղ, թշնամու գնդակը գտավ նաև նրան:
Մայրը` նվիրյալ մանկավարժ Եպրաքսյա Կարապետյանը, որդու կորստյան վիշտը հոգում անթեղած` ոգեղեն կամքով կարողանում էր մի ամբողջ տոհմածառ իր հետևից տանել արժանապատվորեն: Ցավոք, նա կյանքին հրաժեշտ տվեց մեկ տարի առաջ:
ՊԲ Ն զորամասի սերժանտ Արամ Յավրումյանն իր ելույթում հպարտորեն նշեց, որ էդմոն Բարսեղյանը հավերժ գրանցվել է 5-րդ հրաձգային վաշտի անձնակազմի ցուցակում: Իսկ Ասկերանի դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանը հայտարարեց, որ այս ուսումնական տարում բոլոր միջոցառումներում կրթօջախի բարձր արդյունքի հասած աշակերտները կարժանանան ՙԷդմոն Բարսեղյան՚ մրցանակին, որը նախաձեռնել է եղբայրը` բարերար Սասուն Բարսեղյանը:
Հուշ-ցերեկույթի ավարտին ելույթ ունեցավ ԱՀ ԿԳՍ նախարար, Էդ. Բարսեղյանի այրին` Նարինե Աղաբալյանը: Նա շնորհակալական խոսք ասաց դպրոցի կոլեկտիվին ոչ միայն նրա համար, որ այդպես պատվում և հարգում է նրա հիշատակը, այլև նրա համար, որ էդմոնի գաղափարն ու սկզբունքները ուղենիշ են դարձրել մատաղ սերնդի համար: ՙԱմեն անգամ, երբ անհանգիստ է լինում մայր Հայաստանում և Արցախում, և մենք տագնապալի օրեր ենք ապրում, ես ինքս ինձ հարցնում եմ` ի՞նչ կլիներ, եթե էդմոնը, Սամվելը, Լյովան, Աշոտ Բեկորը, Լեոնիդ Ազգալդյանը, Ավոն ողջ լինեին: Մենք ո՞ր ճանապարհով կգնայինք, ու՞ր կհասնեինք: Դժվար է գուշակել, միայն մի բանում համոզված եմ, որ հաստատ մենք ավելի քիչ սխալներ կգործեինք: Ազնվագույն այդ տեսակը մեր մեջ պահպանելու ու տարածելու խնդիր ունենք: Այսօրվա մեր երեխաներն այդ նույն գեների կրողն են: Ողջերիս վրա շատ մեծ պատասխանատվություն կա դրված` պահել-պահպանել այն ամենը, ինչ ձեռք ենք բերել այսքան թանկ գնով՚,-ասաց նա:
Քանի որ Էդմոնի ծնունդը գրեթե համընկել էր Ուսուցչի օրվա հետ, Ն. Աղաբալյանը շնորհավորեց ուսուցիչներին` մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով ուժ, կորով, նախաձեռնողականություն: Այդ նրանք են իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծում միջավայր, որը ծնում է հայրենիքի նվիրյալ պաշտպաններ:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ