[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

alt2-7 ապրիլի
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին՝ Սբ© Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ։ 
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած  առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ հարությունը։ Ավագ շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ հինգշաբթի։
2 ապրիլի - Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են ՙԱնիծված թզենու՚ պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով. ՙԵւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք՚ (Մատթ. 21։18-22) ։ Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին ՙթլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս եւ պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան՚։  
3 ապրիլի - Ավագ երեքշաբթի հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25։1-13)։ Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը։
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ։ Նրանցից հինգը, ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը՝ հանգած մոմերով, խորհրդանշում են հիմար կույսերին։ 
4 ապրիլի - Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը։
Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. ՙԱղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար՚: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: ՙԻմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց՚,- ասում է Քրիստոս:
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը եւ, հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
5 ապրիլի - Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ իբրեւ Հաղորդության խորհրդի հաստատում։ Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն։ Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին  ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ ապա՝ օծում օրհնված յուղով։
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը։ Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա ձերբակալվելը, Պետրոսի ուրանալը։ 
6 ապրիլի - Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության« մահվան ու թաղման հիշատակության օրն է։ Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է  Թաղման կարգ, երբ  Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։ 
7 ապրիլի - Ավագ շաբաթը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը։ Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր։ Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚։ Այս ավետիսով ավարտվում է Պահքը, և սկսվում Ս. Զատիկը։ 
 
Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն