ՀԱՆԴԻՊՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդույթան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արմեն Սարգսյանն օրերս հերթական հանդիպումն ունեցավ Մարտունի քաղաքի իր ընտրողների հետ։ Հանդիպումը շրջկենտրոնի ուսուցչական կոլեկտիվների հետ էր։
ԱԺ պատգամավորը հանգամանալից ներկայացրեց հանրակրթական ուսումնական հաստատությունների առկա վիճակն՝ ընդգծելով նրանցում նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Նա կարևորեց տնօրենների, նրանց տեղակալների և ուսուցիչների գիտելիքների բարձր մակարդակի ապահովման խնդիրը։ Տարվա ընթացքում անցկացվող վերապատրաստման դասընթացները մի կողմից լավ ուսուցչի պատրաստման ու որակավորման նշանակություն ունեն, մյուս կողմից՝ ճանապարհ են հարթում երիտասարդ մասնագետներին աշխատանքով ապահովելու գործում։ Ա. Սարգսյանը հակիրճ խոսեց նաև կրթական ոլորտում կատարվող բարեփոփոխումների վերաբերյալ, որոնք ներկայումս քննարկվում են ԼՂՀ Ազգային ժողովում։
Անդրադարձ եղավ ղարաբաղյան հակամարտությանը։
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների ստեղծման համար Հայաստանի նախաձեռնած Արձանագրություններին՝ ԱԺ պատգամավորը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ նրանցում տեղ գտած տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու մասին կետը միանշանակ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։
Բանախոսը շնորհակալություն հայտնեց ներկաներին` հանդիպմանը մասնակցելու համար և սիրով պատասխանեց նրանց կողմից առաջադրված այլևայլ հարցերի։ Հանդիպումն իրավամբ անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Այդօրինակ հանդիպումների անհրաժեշտություն, հիրավի, կա։ Հասարակության համար հրատապ հարցերի շուրջ հանդիպումները բացառիկ դեր ունեն իրավիճակը ճիշտ ըմբռնելու ու ճիշտ դիրքորոշվելու համար։
Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի