[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԻ ԿՏՈՐ ԵՐԵՎԱՆ՚-Ը ՇՈՒՇԻՈՒՄ

Արվեստն այն կապող օղակն է, որով միավորվում են սերունդներ։

 Օգտագործելով մեր ազգային հարստություններն ու մշակութային արժեքները` մենք միշտ կարողացել ենք մեր խոսքն ասել աշխարհին։ Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, բայց հենց մշակութային արժեքներն են, որ միավորում են հինը նորի հետ։ 

Օրերս Շուշիի արվեստի կենտրոնի պատկերասրահում ՙ21-20=1 դարի արվեստ՚ խորագրով բացվեց Երևանի ՙԱյբ՚ ավագ դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցահանդես, տեղի ունեցավ ՙՄի կտոր երևանցի՚ նախագծի շնորհանդեսը, որը կազմակերպել է ՙԱյբ՚ ավագ դպրոցի տնօրինությունը ՙՇուշիի արվեստի կենտրոն ՚ հիմնադրամի աջակցությամբ։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Շուշիի արվեստի կենտրոնի տնօրեն Կարո Սարգսյանը, ՙԱյբ՚ ակումբի անդամներ, ուսուցիչներ, սաներ, հյուրեր:

20-ից 21-րդ դարերի արվեստի ուղղություններով ոգեշնչված՝ այբեցիները ստեղծել են գունանկարային աշխատանքներ կուբիզմի, սուպրեմատիզմի, սիմվոլիզմի, սյուրռեալիզմի և փոփ արտի ոճերով: Բացի դրանից, Շուշիում կայացավ նաև ՙԱրվեստանոց՚ ակումբի ՙՄի կտոր Երևան՚ նախագծի արցախյան շնորհանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ցուցադրվեց ՙՄի կտոր երևանցի՚ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, ներկայացվեցին ֆիլմում օգտագործված ճեպանկարները:

Ցուցահանդեսը գրավել է նաև արտերկրի հյուրերի ուշադրությունը, ովքեր իրենց տպավորությունները գրի առան հուշամատյանում:

Սա ժամանակավոր ցուցահանդես է, որը կտևի մինչև նոյեմբերի 1-ը։ Մուտքն ազատ է։ Նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են հենց մեր աշակերտների և ուսանողների համար։ 

ՙԱյբ՚ դպրոցը (պաշտոնական անունը՝ՙԱյբ կրթական հանգույց՚ հիմնադրամ) Երևանում գործող 12-ամյա հայկական դպրոց է, կարգավիճակով՝ հիմնադրամ (շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց): Ստեղծվել է 2011 թվականին ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի կողմից: Ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: Տնօրենն է Արամ Փախչանյանը:

Դպրոցում դասավանդումը կատարվում է ՙԱրարատյան բակալավրիատ՚ (ԱԲ) հայկական կրթական ծրագրով՝ մշակված ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի կողմից։

ԱԲ-ն համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար։  ԱԲ-ն մշակված է հատուկ հայկական դպրոցների համար, ծրագրով ուսուցումը հայերեն է։ Ծրագրում համադրվում են մի շարք հիմնական և ընտրովի առարկաներ, այդ թվում՝ մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, պատմություն, հասարակագիտական առարկաներ, լեզուներ և արվեստ:

2016 թվականին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ) ԱԲ-ն համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և նույն թվականին ՀՀ կառավարությունը ԱԲ-ն հաստատեց որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր:

ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ դպրոցական որակավորումներին և ճանաչումը որպես պետական հանրակրթական ծրագիր` Հայաստանում հնարավորություն է ընձեռում ծրագրով սովորող բոլոր աշակերտներին հայերենով հանձնել իրենց ավարտական քննությունները և այդ քննությունների արդյունքներով ընդունվել ՀՀ կամ միջազգային բուհեր կամ կրեդիտավորել այդ արդյունքներն արտասահմանյան բուհերում:

ՙՏաղանդ, էներգիա, արվեստ և հիանալի արվեստագետներ: Շնորհակալ եմ հիանալի ցուցադրություն կազմակերպելու համար: Անչափ տպավորված և ոգեշնչված եմ ձեր աշխատանքով և ընկերասիրությամբ՚,- հուշամատյանում գրել էր Լոնդոնից ժամանած ֆոտոլրագրողը:

Թամարա ՇԱՀՆԱԶԱՐՈՎԱ