Logo
Print this page

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՊԱՀՔԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՇՈՒՐՋ

altՓետրվարի 20-ից Հայ Առաքելական Եկեղեցին իր հավատացյալ զավակներով գտնվում է պահեցողության շրջանում, որը կավարտվի ապրիլի 8-ին` Հարության տոնով: Պահքի նշանակության, առանձնահատկության, ինչպես նաև Հարության տոնի մասին զրուցեցինք Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի քարոզչական կենտրոնի ղեկավար Կարեն ԱՊՐԵՍՅԱՆԻ  հետ:
-Քրիստոնյա ժողովրդի մեջ պահքը զուգորդվում է Հիսուս Քրիստոսի 40-օրյա ծոմապահության հետ: Ի՞նչ նախապատմություն ունի այդ երևույթը:
-Պահքի խորհուրդը սկիզբ է առնում Ադամի և Եվայի դրախտում գտնվելու ժամանակներից, երբ նրանք խախտեցին Աստծո պատվիրանը և ճաշակեցին բարու և չարի գիտության ծառի պտղից: Երբ նրանք արտաքսվեցին դրախտից` կորցնելով բազում հոգևոր շնորհներ, աստվածատուր կարողություններ, շատ տխրեցին, զղջացին և մի շաբաթ ծոմ պահեցին` ջանալով վերականգնել սերն ու վստահությունը, այսինքն` հոգևոր կապը Արարչի հետ: Աստված, գթալով նրանց, հուսադրեց` հոգևոր կապը կվերականգնվի Փրկչի աշխարհ գալու միջոցով: Ուրեմն, պահքն առաջին հոգևոր նախազգուշացումն է, հոգևոր վստահությունն Արարչի հանդեպ: Դա նաև զգուշացում է, որ մեղք կատարելուց առաջ պետք է հիշել հոգով, փոխանցել խոսքով,  զերծ մնալ մարմնով:
Պահոց շրջանի  մեջ էին մտնում մեր նախահայրերը՝ Ենովքը, Հոբը, Մովսեսը, Դավիթը, Երեմիան, ովքեր հոգով, մտքով, խոսքով և գործով, համբերելով, ճգնելով վերականգնում էին սիրո և վստահության կապը Աստծո հետ և հաստատում հոգու խաղաղության ներդաշնակությունը:
-Իհարկե, պահքը նախևառաջ պահեցողություն է չարամտությունից և ցանկություններից: Սակայն դա նաև գիտակցաբար հրաժարում է որոշ սննդատեսակներից: Ինչպե՞ս են  իրար հետ  կապված հոգու և մարմնի պահեցողությունները:
- Պահքը` խանգարիչ ավելորդություններից հրաժարվելու գիտակցաբար որոշում է: Հոգևոր դաշտում պետք է զգուշավոր լինենք մեղքերի հանդեպ, նամանավանդ մահացու` հպարտության, նախանձի, բարկության, ագահության, որկրամոլության, սնափառության, ցանկասիրության: Հրաժարվելով  հավասարակշռությունը խախտող որոշ սննդատեսակներից (հատկապես կենդանական ծագում ունեցող), ոգելից խմիչքներից, թմբիր առաջացնող նյութերից, մենք նպաստում ենք, որպեսզի ծառայողական մարմինը հնազանդվի իշխանական հոգուն: Նյութական պահեցողությունը, հատկապես ծոմը, մարմնին ստիպում է ինքնամարսման ենթարկել թերի, հիվանդ բջիջները հօգուտ առողջ բջիջների կենսունակության: Նշենք` պահքը չի կարելի նսեմացնել հասարակ դիետայի մակարդակի:
-Մեծ պահքի ժամանակահատվածը նախորդում է բնության զարթոնքին: Դա է՞լ ունի իր խորհուրդը:
-Աստծո գործում ամեն ինչ ունի իր օրինաչափությունը, և մեծ պահքը հենց այնպես չի նախորդում բնության հարությանը: Հոգևոր և ֆիզիկական պահքը նպաստում է, որպեսզի բնության զարթոնքի ժամանակ (որի մի մասն էլ մարդն է), երբ կատարվում է կենդանական և բուսական աշխարհի վերածնունդը, ինչը առավելագույնս ուղեկցվում է նորոգման հզոր ընթացքով, որպեսզի մարդու հոգևոր և ֆիզիկական վիճակը դառնա կայուն: Արդի բժշկագիտական վիճակագրության տվյալները վկայում են` գարնան վերջին և ամռան սկզբին սրվում են բոլոր խրոնիկական` սիրտ-անոթային, հոդային, մկանային, նյարդային հիվանդությունները: Աղոթքը, զղջումը, ապաշխարությունը, պահեցողությունը կասեցնում են այդ ճգնաժամը:
-Ինչպե՞ս է պահքը մարդուն մերձեցնում Աստծուն:
-Երբ Հիսուս Քրիստոսին հարցնում են՝ ո՞րն է Աստծո ամենագլխավոր պատվիրանը, ի պատասխան հնչում է. ՙՍիրիր քո Տէր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ մտքով, զորությամբ և սիրեցեք միմիյանց, ինչպես Տէրը մեզ սիրեց՚: Մեղսահակ մարդկության համար շատ դժվար իրագործվող պատվիրան է: Սակայն հոգևոր պահեցողությունն օգնում է, որպեսզի կարողանանք կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ` ներողամիտ լինելով ազգականների, ընկերների, հարևանների, աշխատակիցների ինչն էլ կմերձեցնի մեզ Աստծուն: Հոգին ծառայական մարմնի կարիքն ունի, քանի որ մարմինը ստեղծված է որպես հոգու տաճար, իսկ հոգին և սիրտը` Աստծո: Առողջ մարմնի մեջ հոգին հաղորդակից է դառնում Արարչի Սուրբ Էությանը:
-Գիտությունը կուռք դարձած դարում ի՞նչ ճանապարհով է հնարավոր մերձենալ Աստծոն:
-Գիտության մեջ որոնումներն անսահման են: Մարդը փնտրելով ճշմարտությունը թերի գիտության միջոցով, որն ամբողջական գիտությունից անընդհատ տրոհվելով, հեռացնում է նրան Արարչից, եւ մարդը սխալվելով, որոնելով, ենթադրելով, ջանք է գործադրում ճանաչելու հավիտենականը, սակայն չի հասնում իր նպատակին: Արարիչն է ճշմարտության հեղինակը և աղբյուրը: Ամենակարճ ճանապարհը` վստահել Հեղինակին` իմաստության և գիտելիքների անսպառ աղբյուրին, որի հայտնությամբ է հնարավոր ճանաչել Արարչին և Նրա ստեղծած աշխարհը: 
-Հիսուս Քրիստոսի Հարության նշանակությունը մարդկության համար:
-Աստծո Որդին` Միածինը, իր մարմնական կյանքով ցույց տվեց ճշմարիտ ճանապարհն առ Աստված, իսկ մահով` հանդերձյալ աշխարհի իրողությունը` հուսադրելով մահկանացուներիս, որ ժամանակավոր մարմնական մահից հետո գոյություն ունի Հավիտենական կյանք: Սուրբ Հարության տոնից առաջ պատրաստվենք վստահել ճշմարիտ Փրկչին` մահն ու դժոխքն ավերած Հիսուս Քրիստոսին, Որն է և ճանապարհը, և ճշմարտությունը, և կյանքը: Նա է Աղբյուրը Սիրո Լույսի և Հարության Հույսի:
Աստծո Որդին մեզ առաջարկում է Իր օգնությունը սիրո, խաղաղության, հոգու և մարմնի կատարյալ ներդաշնակության ճանապարհին, քանի որ միայն մարդկային ջանքերը բավարար չեն:
Ժամանակավոր կյանքն անխուսափելիորեն շարժվում է դեպի ժամանակավոր ավարտ, իսկ Աստծուն վստահողների համար, նրան սիրողների համար Արարիչը պատրաստել է Երկնքի Արքայությունը` սեր, միություն, երանություն: Դա է Բարի Լուրը, դա է կյանքի նպատակն ու իմաստը: Չիմաստազրկենք մեր ժամանակավոր գոյությունը` անտեսելով ճշմարիտ ճանապարհը:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.