[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՊԵՍ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՒՆԵՏԻԿ

Դոկտոր Կարպիս  ՏԵՐ-ԵՂԻՅԱՆԸ ԱՄՆ-ում ՙՄաշտոց՚ միակ հայկական համալսարանի ռեկտորն է: Ինքը հիմնադրել և արդեն  42 տարի է` ղեկավարում է: Նրա հետ մեր ծանոթությունը տեղի ունեցավ վերջերս Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում` Արևմտահայերենի և հայագիտության նորաստեղծ կենտրոնում կազմակերպված մի հանդիպման առիթով, որտեղ Կ. Եղիյանը ներկա էր կենտրոնի ամերիկաբնակ հովանավորներ, իր գործընկերներ Հակոբ և Լութովիկա Այնթափլյանների հետ:

Նա գոհունակություն է հայտնել, որ Արցախը միացել է արևմտահայերենը վերածաղկեցնելու գործընթացին:

Դոկտոր Եղիյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, թե ինչ մեծ ջանքեր են գործադրում ամերիկաբնակ մեր հայրենակիցները հայոց լեզվի պահպանման գործում: Դրանում մեծ ներդրում ունեն Այնթափլյան ամուսինները, մասնավորապես` Հակոբ Այնթափլյանը, ով, լինելով սրտաբան, լեզվաբան, բանաստեղծ, նաև հայերենի անդուլ ջատագով է, հայկական դպրոցների հովանավոր: Չունենալով զավակներ` նրանք իրենց զավակներ են համարում այն հազարավոր երեխաներին, որոնք սովորում են հայերեն: 

Իսկ ՙՄաշտոցը՚ որպես քույր համալսարան է հանդիսանում  Լիբանանի Հայկազյան համալսարանի հետ, որի ռեկտորը` վերապատվելի Փոլ Հայդոսթյանը, Կարպիս Եղիյանի մորաքրոջ տղան է, այսինքն` եղբայրներով, մեկը` Արևմուտքում, մյուսը` Արևելքում, ծավալում են  հայապահպան գործունեություն:

Հայ երեխաները, միջնակարգն ավարտելուց հետո, կարող են ընդունվել այստեղ. ուսանողները 4  տարի  սովորում են հայագիտություն,  մանկավարժություն,  հայոց լեզու,  գրականություն և ևս 15 մասնագիտություն: Լոս Անջելեսի ՙՄաշտոցը՚ նաև քույր ունի Երևանում` ի դեմս ՙՈւրարատու՚ համալսարանի, և համագործակցության քայլ է արել Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի հետ:

ՙՄեր ՙՄաշտոց՚ քոլեջը հայագիտության և մանկավարժության հարյուրավոր շրջանավարտներ ընծայաբերած է մեր  գաղութին: Երբ կըսեն հայագիտություն և մանկավարժություն, այդ բոլորը շատ կարևոր են մեզի համար, քանի որ  մանկապարտեզի, մեր բոլոր վարժարաններու և դպրոցներու համար ուսուցիչներ ենք պատրաստում: Եվ մեր քոլեջը միակն է, որ մտավորականներու այդ փաղանգը`  ուսուցիչներ, կըրնա ընծայաբերել մեր գաղութին, որպեսզի կարենանք սատարել հայակերտումի անհետաձգելի աշխատանքները Լոս Անջելեսի մեր հայախոս գաղութեն ներս՚,-ասաց Կարպիս Եղիյանը: Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ աշխատանքներ են տանում Ամերիկայում հայկական chatrer school(հանրային դպրոց) բացելու ուղղությամբ, որը կկրի Հակոբ Այնթափլյանի անունը: Ինչո՞վ է առավել  հանրային  դպրոցը:  Կարպիս Տեր-Եղիյանի խոսքով` Ամերիկայում հայ երեխաների ընդամենը 3 տոկոսն է հաճախում հայկական դպրոց, որոնց թիվն ԱՄն-ում հազիվ անցնում է 20-ը: Շատ հայ ընտանիքներ կուզենան,  որ իրենց երեխաները հայկական կրթարան հաճախեին, սակայն, կրթությունն այնտեղ թանկ է: Այսպես, եթե մի ընտանիքից երկու երեխա հաճախի հայկական դպրոց, ամսական պետք է վճարեն առնվազն 4000 դոլար: Բոլոր հայերը չէ, որ  կարող են իրենց թույլ տալ նման շռայլություն, և ստիպված երեխաներին ուղարկում են օտարալեզու կրթարաններ: Մեր զրուցակցի տեղեկացմամբ`  ԱՄՆ-ում դպրոցները հիմնականում անվճար են, պետական հոգածությամբ են գործում, բայց մի պայմանով` եթե  դրանք համապատասխանում են  որոշակի չափանիշների. ունեն անհրաժեշտ շենքային պայմաններ, աշակերտների քանակ, նյութատեխնիկական հագեցվածություն, գործառույթներ և այլն: ՙՎճարովի լինելու պատճառով հայկական դպրոցները հետզհետե իրենց  ծիլերը, քանակը և որակը պիտի կորցնեն, ինչպես մի քանի տարի առաջ անոնցմե մեկը արդեն փակվեցավ: Լիբանանի մեջ էլ նույն կացությունն է՚,-մտահոգությամբ արձանագրեց Կարպիս Տեր-Եղիյանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ դոկտոր Հակոբը և տիկին  Լյութովիկան օգնում են, որպեսզի բարձր կարգի հայկական վարժարաններ ստեղծվեն Ամերիկայում: ՙԴա անհետաձգելի առաքելություն մըն է՚,- պարզաբանեց նա: 

Հայերեն հանրային դպրոց բացելը Կարպիս  Տեր-Եղիյանի, նրա ընտանիքի անդամների և համախոհների առաջնահերթ նպատակն է: Մի ուրախալի փաստ ևս. ՙՄաշտոց՚ համալսրանի շրջանավարտներն անգործ չեն մնում, նրանք պահանջված են հայության կողմից:  Բոլորն աշխատանքի են տեղավորվում, հիմնականում` հայկական տներում: Շատ լավ եկամուտ ունեն: Մանկավարժության ուղղության ուսանողների 50 տոկոսը Հայաստանից արտագաղթածներն են, որոնք ապրում են հայերի տներում և նրանց նախադպրոցական երեխաների հետ հայերեն պարապում` արևմտահայերեն և արևելահայերեն: Ինչ-որ չափով սփոփիչ է այս լուրը. Հայաստանից մեկնածները գոնե հայանպաստ գործունեություն են ծավալում: 

Դոկտոր Եղիյանն ասաց, որ  որպես ջահակիրները մայրենի լեզվի` իրենց հպարտ կզգան,  որ ՙվտանգված գոտիեն նոր արշալույսի մը պիտի դիմավորեն արևմտահայերենի վերածաղկումը՚  և այս առումով արժևորեց արևմտահայերենի կենտրոնի բացումն Արցախում.ՙԴուք մեծ գործ ունիք կատարելու այս մարզի մեջ, քանի որ դուք եք առաքյալները, դուք եք դեսպանները և երբ հունդը կցանենք, կտեսնենք, որ բազմաթիվ պտուղներ, բազմաթիվ ծաղիկներ պարտեզ կունենա: եվ ահա ահավասիկ այդ հունդերն  այստեղ ցանված են, և ես վստահ եմ, որ արևմտահայերերնը և դասական ուղղագրությունն իրենց տեղը կգտնեն և մեր  լեզվում կվերամիացնե  մեկ ժողովուրդ ըլլալու և ոչ թե բաժանելու՚:

Անդրադառնալով ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի հետ համագործակցությանը` ասաց, որ  պատրաստ են ուսանողների, դասախոսների փոխանակումներ կատարել, ամառային դասընթացներ կազմակերպել:  Ամեն տարի Համշենից չորս  ուսուցչուհի են վերապատրաստվում ՙՄաշտոց՚-ում: ՙՀամշենում այսօր իսլամացած հայեր կապրեն, սակայն այնտեղ  մեր հայոց լեզուն կսովորեցնեն  մեր երեխաներուն,  մենք ատոնց մեծ արժեք կուտանք և հրավիրել ենք նրանց, որպեսզի մեր քոլեջում  8-շաբաթյա  վերապատրաստություն անցկացնեն և  վերադառնան ավելի մեծ եռանդով լծվեն Համշենի  փոքրիկներին մայր լեզուն սովորեցնելուն՚:

Եթե ասվածին ավելացնենք այն, որ ամեն տարի Կարպիս Եղիյանի գլխավորությամբ ամերիկահայերի խումբ է այցելում Արևմտյան Հայաստան, ինչպես այս տարի էր, ավելի ցայտուն կդառնա մեր հայրենակիցների հայրենասիրությունը: Դոկտոր Կարպիսն այս տարի իր  30-րդ այցն է կատարել նախնիների հայրենիք: Ամեն այցից հետո գիրք է հրատարակում հայերեն: Իսկ այս տարի հրատարակել է այդ բոլորի հանրագումարն անգլերենով` որպեսզի օտարազգիներն էլ կարողանան ծանոթանալ:  

ՙՁայներ լռության մեջ՚ նրա այս գիրքն ընդգրկում է միայն հազարից ավելի հայկական քաղաքների, հուշարձանների լուսանկարներ` դրանց պատմությամբ:  

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ