[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

Արցախի գիտական կենտրոնը (ԱԳԿ) կարգավիճակի փոփոխության խնդիր ունի. այս առումով Կենտրոնի կանոնակարգում լրացումներ կատարելու հարցն է քննարկվել գիտական խորհրդի՝ հոկտեմբերի 30-ի հերթական նիստում, որին հրավիրվել և մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը և ԱՀ ԿԳՆ մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ Լուսինե Ղարախանյանը։

Կառույցի ղեկավար Ստեփան Դադայանի խոսքով՝ կանոնադրական մի շարք կետեր խոչընդոտում են կենտրոնի լիարժեք գործունեությանը։ Խոսքը մասնավորապես գիտական հետազոտությունների արդյունքների իրացման մասին է։ Այսպես, օրինակ, Արցախի գիտական կենտրոնում առաջին անգամ պրոբիոտիկ հատկություններով օժտված բակտերիաների հիման վրա ստեղծվել են համակցված մերաններ, որոնք կարելի է կիրառել կաթնամթերքի՝ մածնի, յոգուրտների արտադրությունում՝ որպես նոր ֆունկցիոնալ սննդամթերք։ ՙԱրցախկաթ՚ ընկերությունն այդ մերաններն արդեն օգտագործում է իր նոր արտադրատեսակի՝ ՙԱրցախլակտ՚-ի համար։ Կանոնակարգում կատարվելիք փոփոխությունը հնարավորություն կտա Գիտական կենտրոնին՝ իրենց իսկ կողմից արված հետազոտությունների հիման վրա տեղում ստեղծել սեփական արտադրանքը և շուկա դուրս գալ։ Այս առումով կենտրոնի հետ աշխատելու և համագործակցելու ցանկություններ կան դրսից։ Այսօրվա դրությամբ ՌԴ Պյատիգորսկ քաղաքի բժշկական կենտրոններից մեկում փորձարկում են ԱԳԿ կաթնաթթվային բակտերիաներից որոշները։ Նույնը ասվեց նաև տեղական դեղաբույսերը գործնականում կիրառելու վերաբերյալ։ Ըստ Ս. Դադայանի՝ կարելի է Արցախի գիտական կենտրոնը վերանվանել՝ դարձնելով Արցախի գիտաարտադրական կենտրոն։ ՙԳիտահետազոտական աշխատանքը դա միայն տեսականը չէ,-ասաց Ստ. Դադայանը։- Պետք է կարողանալ այդ տեսականը կիրառել ինչ-որ բնագավառում, երկրի տնտեսության մեջ, ինչո՞ւ չէ՝ նաև շուկա դուրս գալ ու շահույթ բերել կառույցի համար՚։ Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ