Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը ՙՀույսի կամուրջ՚ հասարակական կազմակերպության հետ համատեղ նոյեմբերի 1-ին ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրում անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն` նվիրված Արցախում ներառական կրթության ներդրման հիմնախնդիրներին:

Մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ կառույցների ղեկավարներ և աշխատողներ: Երևանից ժամանել էին ՙՀույսի կամուրջ՚ ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, կրթության հարցերով փորձագետ Անահիտ Բախշիյանը:

Ներկաներին ողջունեց ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը` տեղեկացնելով, որ  նախարարությունը ներառական կրթության խնդիրների շուրջ տարբեր ձևաչափերով քննարկումներ է ծավալել շահագրգիռ կազմակերպությունների, գործընկեր կառույցների հետ և  առաջին անգամ է նման ներկայացուցչական կազմով խորհրդակցություն հրավիրել: Նպատակն է հստակեցնել հայեցակարգը և դրանից բխող պետական քաղաքականությունը ոլորտում:

 Ներառական կրթությունն Արցախի հանրակրթական դպրոցներում իրականացվում է 2010 թվականից և, համաձայն ՙՀանրակրթության մասին՚ ԼՂՀ օրենքի պահանջների, մինչև 2025 թ. պետք է անցում կատարվի  համընդհանուր ներառական կրթության` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: ՙԿա հաստատված պլան-ժամանակացույց, որի համաձայն էլ իրականացվում է ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացը, սակայն մեր դիտարկումներով համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ և առաջին հերթին` այս համակարգի և ընդհանրապես ներառականության ոչ ճիշտ ընկալումը հանրության շրջանում ու դրանից բխող տարբեր խնդիրներ, մասնավորապես`  մասնագետների, համապատասխան պայմանների բացակայությունը՚,-ասաց Ն. Աղաբալյանը` ակնկալելով այս հարցերի շուրջ արդյունավետ քննարկում: Հենց այդ նպատակով էլ խորհրդակցությանը հրավիրվել է ՙՀույսի կամուրջ՚ կազմակերպության հիմնադիր ղեկավարը, որը 2001թ. առաջինն է Հայաստանում սկսել իրականացնել ներառական կրթության ծրագիրը` փաստացի նաև ստեղծելով այն հիմքը, որի վրա մշակվեց ներառական կրթության պետական քաղաքականությունը ՀՀ-ում և Արցախում: 

Մասնակիցներին ողջունեց Անահիտ Բախշիյանը, որը դպրոցի տնօրեն եղած ժամանակ  Հայաստանում առաջինն է իրականացրել ներառական կրթություն` Ս. Թադևոսյանի հետ ծանոթության շնորհիվ և դրանից հետո իրապես համոզվել , որ  չսովորող երեխա չկա, ինչպիսի առանձնահատուկ պայմանի կարիք էլ ունենա, յուրաքանչյուր երեխա կարող է սովորել, եթե նրան համապատասխան կրթական միջավայր ստեղծվի,  իր կարողությունների վրա կրթություն կազմակերպվի: 

Նրա համոզմամբ` ներառական կրթության գաղափարախոսությունից շահում են բոլորը: Նշեց ներառականության կարևորոթյունը նաև  միջազգային արտաքին քաղաքականության տեսանկյունից: Նույնիսկ շատ բարձր փաստաթղթերում ընդգծվում է ներառական հասարակության անհրաժեշտությունը: Եվ դա սկսվում է կրթությունից: 

Արցախում ներառական կրթության գործընթացն իրականացնում է ԿԳՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը` մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի միջոցով: Բաժնի պետ Հասմիկ Եսայանը ներկայացրեց  ներառական կրթության գործընթացն Արցախում: Մեր հանրապետությունում ներառական կրթությունը մեկնարկել է  2010-ից. սկզբում` 7 դպրոցում և 4 շրջանների վարչակազմերի աշխատակազմերին կից  ստեղծվելով բազմամասնագիտական խմբեր, որոնց նպատակը երեխաների ինտեգրումն էր հասարակությանը, քանզի շատ երեխաներ կրթությունից դուրս էին, ստանում էին տնային ուսուցում, որն այնքան էլ  որակյալ չէր: 2013թ.ԳԹԿ-ում  բացվել է կրթական կարիքների  գնահատման բաժինը, որը հետո անվանափոխվեց մանակավարժահոգեբանական  աջակցության բաժնի: 

Այս ուստարում հանրապետությունում կա 467 ԿԱՊԿՈՒ երեխա, որից  63-ը ստանում է տնային ուսուցում:  Բանախոսը նշեց, որ մի շարք երեխաներ, ունենալով  թեթև ու միջին աստիճանի խանգարում, հայտնվել են տնային ուսուցման երեխաների շարքում, այսինքն` խախտվել է  երեխաների իրավունքը: Առաջին տարում ավելի շատ էին  տնային  ուսուցում ստացող երեխաները: Բանախոսը բարձրացրեց մի շարք հարցեր, որոնք  քաղաքաշինության, սոցապ, առողջապահության նախարարությունների հետ մեկտեղ պետք է լուծվեն:  Դրանցից են մանկավարժահոգեբանական աջակցության խմբերի ստեղծում դպրոցներում, գոնե` 100-ից ավելի աշակերտ ունեցող կրթօջախներում, մանկավարժահոգեբանական հանրապետական կենտրոնի ստեղծում, ուսուցչի օգնականի հաստիքի ներդրում, երեխաների առողջական խնդիրների վաղ հայտնաբերումը,  

սոցիալական աշխատողի ինստիտուտի, ցերեկային կենտրոնների ստեղծում, դպրոցների հարմարեցում և այլն:

Գլխավոր բանախոս ՙՀույսի կամուրջ՚ ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը ներկայացրեց  ներառական կրթության համակարգի ներդրման իրավական հիմքերը: Ելույթի առաջին մասը նվիրված էր հաշմանդամությանը, երկրորդ մասը` ներառական կրթության օրենսդրությանը: 

Նրա պարզաբանմամբ` հաշմանդամության մոդելները երեքն են` բարեգործական, բժշկական, սոցիալական: 

Սոցիալական մոդելի վրա հիմնված մոտեցումը  ներառական կրթության առանցքն է: Սոցիալական մոդելը հավատում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է, ի վիճակի է, եթե   վերացվեն սոցիալ մշակութային և վերաբերմունքային (որն ամենակարևորն է) արգելքները: Հաշմանդամությունը մարդունը չէ, մարդուց դուրս է: 

Սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք: Այս մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա: Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու` որպես երկրի լիարժեք քաղաքացու կարողություններին և ներուժին: 

Սոցիալական մոտեցման դեպքում վերացվում են ներքին և արտաքին բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներառմանը: 

Ներառումը մտածելակերպ է, սկսվում և կայանում է նախ մեր մտածողության, համոզմունքների և արժեքների  ու նոր միայն քաղաքականության մեջ և պրակտիկայում: 

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը նշանակում է` առարկայական ծրագրերի հարմարեցում, սոցիալական և այլ ծառայությունների, մանկավարժական ծառայությունների տրամադրում,ուսուցման տարբեր մեթոդների կիրառում, անհատական տեխնիկական միջոցների տրամադրում, հարամարեցված միջավայրի ապահովում:

Քննարկման ընթացքում հասունացվեց այն գաղափարը, որ ներառականությունը գլոբալ հասկացություն է, վերաբերում է բոլորին:  Մեկուսանալ ոչ մեկս չենք ուզում, առավել ևս` պետությունները: Մեր Արցախի Հանրապետության պայքարի նպատակն է, որ աշխարհի պետությունների շարքում իրավահավասար լինի, մեկուսացված չլինի մյուս երկրներից, նրա պայքարն էլ  ներառման համար է: Ներառումը  բոլորինն է մարդու իրավունքի և ազգերի  ինքնորոշման տեսանկյունից:  

Մասանվորեցնելով կրթության վրա` ընդգծվեց, որ չկա մի երեխա, որ առանձնահատուկ չլինի: 

Մանկավարժների ամբողջ ջանքերը պետք է ուղղված լինեն ծրագրերի ճկունությանը, ինչը, բացակայում է մեզանում:  Ս. Թադևոսյանը բերեց ՙԱյբ՚ դպրոցի օրինակը` որը լավ կրթություն տալու համբավ ունի: Այս դպրոցի ամբողջ  հայեցակարգը  հիմնված է անհատական ուսուցման վրա.  յուրաքանչյուր երեխա գնահատված է  և իր կարիքին համապատասխան կրթություն է ստանում:  Չի բացառվում, որ մի օր մեր կրթական համակարգն ամբողջությամբ մի օր  հասնի սրան: Բայց այսօր դեռ  առաջին քայլերն են արվում: Խնդիրը բարձրացված է: Աշխարհը գնում է այս ուղղությամբ` անկախ քո  ուսուցչի գիտելիքից, նրան տրված աշխատավարձից: Սրանք բոլորը երեխայից դուրս հանգամանքներ են: 

ՙՍա մարտահրավեր  է մեզ համար, և այսօր մենք խոսեցինք  մեր տեսլականից: Այդ տեսլականին պետք  է գնանք, բայց այդ տեսլականին  պետք է հասնել առաջին  քայլն անելով՚,-իր խոսքն ավարտելով` ասաց Ս. Թադևոսյանը: Նա պատասխանեց նաև ներկաների հարցերին:  

ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը, շնորհակալություն հայտնելով նրան` բովանդակալից ներկայացման համար, ասաց, որ  2019թ. Արցախում ուսուցիչների վերապատրաստումները կանցկացվեն հենց այս ուղղությամբ: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ