ՙԳՐՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ, ՈՎ ԿՐՈՒՄ Է ԻՐ ԵՐԿՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՚

Նոյեմբերի 10-ին  ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում տեղի ունեցավ հեռավար (ինտերակտիվ) ուսուցման  կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա էին դասախոսներ, մանկավարժներ, գրողներ, արվեստագետներ։

Ողջույնի խոսքում  համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը նշեց, որ կրթությունը, կրթական համակարգի զարգացումը մեր երկրի, մեր երկրամասի համար ռազմավարական նշանակություն ունի։ Հեռավար լսարանի ստեղծումը, համագործակցությունը Մոսկվայի, Կալիֆոռնիայի Գլենդելի և արտասահմանյան այլ առաջատար համալսարանների հետ, Արցախի ուսանողությանը և դասախոսական կազմին, մասնավորապես` նարեկցիներին, հնարավորություն կտա շփվել աշխարհի հետ, ծանոթանալ կրթական համակարգի նորույթներին, զարգացումներին, մասնակցել դասընթացների աշխարհի ցանկացած կետի հետ։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, և հարկ է նշել, որ առաջին փորձերն անցել են հաջողությամբ։ 

Նույն օրը հեռավար կենտրոնում հետաքրքիր ձևաչափով անցավ գրող, հրապարակախոս Աշոտ Բեգլարյանի 50-ամյակին նվիրված միջոցառումը։ Գրողին ներկայացրեց և միջոցառումը վարեց Գրիգոր Նարեկացի համալսարանի ռուսաց լեզվի և գրականության դասախոս Ելենա Գրիգորյանը։ Հոբելյարը ծնվել է Ստեփանակերտում, մտավորականի ընտանիքում։ Ավարտել է քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը, ապա Երևանի պետական համալսարանը` ստանալով բանասերի մասնագիտություն։ Երեք տասնամյակից ավելի զբաղվել է լրագրությամբ, գրական, հասարակական-քաղաքական գործունեությամբ։ Ութ գեղարվեստական գրքի, ՙԱրցախյան օրագիր՚ վավերագրական ժողովածուի, բազմաթիվ հոդվածների, ակնարկների ու վերլուծությունների հեղինակ է։ Հրապարակախոսական գործերը  թարգմանվել են գրական և հասարակական-քաղաքական հրատարակությունների կողմից, տեղադրված են օտարալեզու շատ կայքերում։ Նրա վիպակները և պատմվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով։ Աշոտ Բեգլարյանը զբաղվում է նաև թարգմանությամբ, խմբագրել է տասնյակ գրքեր։ ՙՏունը, որ կրակում է՚ պատմվածքի հիման վրա նկարահանվել է կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ։  Գրական և ժուռնալիստական մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ 

Վերջերս ԱՀ նախագահի հրամանագրով Ա. Բեգլարյանն արժանացել է վաստակավոր ժուռնալիստի կոչման։ 

ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը հոբելյարի արձակը որակեց նուրբ, ճշմարտացի, կյանքոտ։ Նա ունի իր ձեռագիրը, իր ոճը։ Նրա գործերում զգալի է վավերագրական տարրը, որը լավագույնս բարձրացված է գեղարվեստի աստիճանի։ Արցախյան պատերազմի տարեգրության մեջ մեծ ներդրում ունի Բեգլարյանը, ով ռուսերեն լեզվով, ռուսերեն լեզվի հմայքով, ճշմարտացիությամբ, առաջին ձեռքից Շարժումը ներկայացնում է օտարազգի ընթերցողին։ Ա. Հակոբյանը հատուկ շեշտեց, որ հոբելյարն աչքի է ընկնում քաղաքացիական լավագույն հատկանիշներով։

Կենտրոնի հեռավար միջոցը հնարավորություն տվեց, որպեսզի հոբելյարի մտերիմ ընկեր, բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը Մոսկվայից ՙմասնակից լինի՚ միջոցառմանը. ՙԱրցախի հողը տաղանդներ է ծնում, նրանցից մեկն էլ Աշոտն է, ով կրում է այդ չքնաղ երկրամասի հպարտությունն ու արժանապատվությունը։ Նրա հետ  ծանոթության միջոցով ես տեսա, ճանաչեցի Արցախը, որ Աստծո ընտրյալ երկիրն է, երկիր, որ ինձ համար հարազատ վայր է դարձել՚,-ապա ռուս բանաստեղծը և քաղաքական գործիչը կարդաց Ա. Բեգլարյանին և Արցախին նվիրված իր ստեղծագործությունը։ 

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր խոսքում նշեց, որ Ա. Բեգլարյանը գրում է ռուսերեն, բայց նրա արձակի բովանդակությունը ազգային է, քանի որ նա ապրում, ստեղծագործում է իր երկրում, իր հայրենիքում, ներկայացնում է իր երկրի կոլորիտը, հայկական աշխարհի կերպարների հոգեբանությունը։ Նրա յուրաքանչյուր պատմվածք մտերմիկ զրույց է ընթերցողի հետ։ 

Ազնվագույն մարդ, լավ ընկեր, հետաքրքիր արձակ,- հոբելյարին և նրա գործերն այսպես բնութագրեց ԱՀ գրողների միության անդամ, բլոգերների միջազգային ասոցիացիայի անդամ Ալբերտ Ոսկանյանը, ապա ավելացրեց, որ Աշոտն առաջին իսկ օրից մասնակցել է Արցախյան պատերազմին,  անցել տառապանքի ուղիներով, մնացել լավատես, կենսահաստատ, սիրով դեպի շրջապատը, հայրենիքը։ 

Բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը խոսելով հեռավար կենտրոնի գիտական, գրական-մշակութային կապերի ստեղծման լայն հնարավորությունների մասին, անդրադարձան Ա. Բեգլարյանի մարդկային տեսակին, որպես բարի, ազնիվ, պատրաստակամ, նվիրված մարդ, ընկեր, գործընկեր։ Նշեցին, որ այն, ինչ գրում է, անցկացնում է իր սրտի միջով, հետևապես գրավում, հուզում է ընթերցողին։ Բեգլարյանի վերլուծական հոդվածները, որ տպագրվում են հանրապետությունից դուրս, ճանաչելի են դարձնում Արցախը։ 

Հոբելյարի արձակ գործերից հատվածներ կարդացին Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողուհիներ Արեգա Սահակյանը, Մելինե Շումանյանը:

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ