[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ

Օրերս ՙԱրմատներ՚ մշակութային կենսակենտրոնի կազմակերպիչները` ի դեմս Սարինե Հայրիյանի, մշակութասեր ստեփանակերտցիներին ներկայացրել են Գյումրիի ՙԽազեր՚ երկսեռ երիտասարդական երգող խումբը, որն Արցախում է Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանի հրավերով: ՙԽազեր՚ խմբի հիմնադիրն ու ղեկավարը հայկական երգարվեստի, Կոմիտասի ստեղծագործությանը նվիրյալ Անի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ է:

 Առաջին իսկ օրերից ՙԱրմատներ՚ կենտրոնն առանձնանում էր իր անմիջական, ջերմ մթնոլորտով: Միջավայրի ջերմությունը կրկնապատկվեց, երբ ներս մտան մի խումբ հմայիչ երիտասարդներ` ՙԽազեր՚ երկսեռ խմբի անդամները: Պետք էր տեսնել այդ լուսավոր դեմքերը, երբ նրանք ներկայացնում էին ազգային երգերի մշակումները: Կատարվող երգերի հանդեպ սիրո մթնոլորտը գրավեց միջավայրը, մարդկանց, որոնք պատրաստակամությամբ միացան խմբի առաջարկին` ճանաչված երգերը կատարել միասին: Խմբի առաքելությունն է ազգային երգերը տարածել ժողովրդի մեջ: Ահա թե ինչու այդ երգերի խոսքերը հայտնվեցին և բաժանվեցին ներկաներին: Եվ մարդկանց ոգեղեն դեմքերը հուշում էին, որ երգչախմբին հաջողվեց մի պահ նրանց կտրել նյութական աշխարհից` հաղորդելով վեհ զգացմունքներ:

Ներկայացնենք խմբի ղեկավարին: Անի Նավասարդյանը ծնվել է Երևանում, 1998-2008թթ. երգել է աշխարհահռչակ ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախմբում` պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: 2008-2012թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ավարտելով վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարության բաժինը: 2012-2014 թվականներին ուսումը շարունակել է որպես մագիստրանտ: 2008-2017թթ. աշխատել է ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախմբի հետ` որպես խմբավար: 2013-ին հիմնել է ՙԽազեր՚ երկսեռ երիտասարդական` 16-հոգանոց երգչախումբը, 2017-ին հիմնել ՙՓոքրիկ խազեր՚ մանկական և ՙԳյումրիի խազեր՚ երիտասարդական երգչախմբերը: Եվ քանի որ նպատակն ազգային երգի քարոզչությունն էր, իսկ մեծ խմբով դժվար էր օպերատիվություն ապահովել,  2018-ին Անին հիմնում է Գյումրիի ՙԽազեր՚ փոքրիկ խումբը, որով հնարավոր է հաճախ  մեկնել շրջաններ: Այս ուսումնական տարում նա միաժամանակ ՄՍԿՀ-ում (Մխիթար Սեբաստացու կրթահամալիր) դասավանդում է անհատական վոկալ:

Համերգից հետո Անիին հրավիրեցինք ճեպազրույցի:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ