Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Օրերս Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը, աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Դավթյանը հյուրընկալվեցին Արցախի ձյուդոիստների և մարզասերների կողմից։

ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը հանդիպել է նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանի հետ և ներկայացրել միջազգային ու հայաստանյան ուսումնամարզական հավաքներին, առաջնություններին արցախցի մարզիկների ներգրավվածությունն առավել ակտիվացնելու, մարզաձևը համատեղ զարգացնելու և մասսայական դարձնելու խնդիրները։ 

Սպորտի վարչության պետը կարևորել է հանդիպման ընթացքում արծարծված հարցերը և պատրաստակամություն հայտնել վերոնշյալ խնդիրները լուծել համատեղ։ Ա. Դանիելյանի խոսքով՝ ձյուդոն օլիմպիական մարզաձև է, ուստի այն պետք է զարգացնել և պայմաններ ստեղծել, որպեսզի արցախցի ձյուդոիստներն էլ օլիմպիական մեդալներ նվաճեն աշխարհի և Եվրոպայի մրցաշարերում։ ՙԵրկու հայկական հանրապետությունների ձյուդոյի ֆեդերացիաների համագործակցությունը տարիների պատմություն ունի, սակայն  փոխգործակցության հնարավորություններն ամբողջությամբ չեն իրականացվել։ Արցախցի մարզիկներն ունեն բավականին ներուժ և անհրաժեշտ պայմանների ապահովման պարագայում արձանագրված հաջողությունները կբազմապատկվեն՚,-հանդիպման ժամանակ իր հերթին շեշտեց Վ. Ոսկանյանը։ 

ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի անդամները ծանոթացան և հաղորդակցվեցին նաև ԱՀ ձյուդոյի ֆեդերացիայի պատանի մարզիկների հետ՝ նվիրելով նրանց 15 կիմոնո (մարզահագուստ)։ Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանն ու աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Դավթյանն անմիջական կապ հաստատեցին Արցախի պատանի ձյուդոիստների հետ, նրանց ցուցադրեցին տեխնիկական որոշ հնարքներ, կիսվեցին իրենց փորձով։ 

ԱՀ ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում արցախցի սաների համար կստեղծվեն ավելի լայն հնարավորություններ տարբեր մրցաշարերին և ուսումնամարզական հավաքներին ակտիվորեն մասնակցելու համար։ Իսկ դա չափազանց կարևոր է մարզիկի զարգացման ու առաջընթացի համար։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ