[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԵՆ

Նոյեմբերի 8-14-ը ՙԹանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները՚ խորագրով միջոցառումներ են անցկացվել Երևանում, որոնց  մասնակցել են նաև թանգարաններ Արցախից:

Նպատակն էր թանգարաններին, ընկերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել քննարկել նոր համագործակցության ու փոխինտեգրման հնարավորությունները: Միջոցառումը նվիրված էր Թանգարանների միջազգային կազմակերպության` ԻԿՕՄ-ի 15-ամյակին և ԻԿՕՄ-ի հայկական կազմակերպության 10-ամյակին: Ֆորումում տեղի ունեցած դասընթացների օգտակարության, ձեռքբերումների մասին տեղեկացանք Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի նախկին տնօրեն, այժմ ԱՀ ՄԵՀԶ մշակույթի գծով փոխնախարար Մելանյա ԲԱԼԱՅԱՆԻՑ:

ՀԲԸՄ-յան հայաստանյան գրասենյակը, ՙԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե՚ և ՙԹանգարանների աշխատողների ու բարեկամների ասոցիացիա՚ ՀԿ-ները ֆորումին մասնակցության համար գործնական հրավեր են ուղարկել ԱՀ ՄԵՀԶ նախարարությանը: Արցախը ներկայացնում էին ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, փոխնախարար Մելանյա Բալայանը, պատմաերկրագիտական, Տիգրանակերտի, Նիկոլ Դումանի, Շուշիի թանգարանների ներկայացուցիչները:

Ըստ Մելանյա Բալայանի, ԻԿՕՄ-ի հայկական կազմակերպության ստեղծումը մեծապես խթանել է թանգարանների միջև կապերի սերտացմանը, աշխատողների փորձի փոխանակման գործընթացին, հատկապես՝ մեթոդական բազմազանությանը և, ընդհանրապես՝ թանգարանների գործունեության աշխուժացմանը: Մի քանի ամիս առաջ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ,   ինչը հնարավորություն ընձեռեց թանգարանների աշխատողներին հաղորդակից դառնալ Հայաստանի թանգարանագիտության ոլորտի առաջնակարգ մասնագետների փորձին, գիտելիքներին: Այս ֆորումը   հնարավորություն տվեց կլոր սեղանների միջոցով հաղորդակից դառնալ ԻԿՕՄ-ի մասնագետների արդի, կրեատիվ մոտեցումներին: Մ. Բալայանը կարևորեց  ԱՀ ՄԵՀԶ նախարարության, ՙԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե՚ և ՙԹանգարանների աշխատողների ու բարեկամների ասոցիացիա՚ ՀԿ-ների միջև նոյեմբերի 13-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը, ինչի շնորհիվ թանգարանային ոլորտում իրականացվող աշխատանքները կատարելագործելու և համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար տեսանելի հեռանկարներ են բացվում: Եռակողմ համագործակցությունը նախատեսում է թանգարաններում նորարարական տեխնոլոգիաների ներդրում, միջթանգարանային կապերի ակտիվացում, ավանդական և ժամանակակից արվեստի տարբեր ոլորտները, պատմությունն ու կենցաղը ներկայացնող ցուցահանդեսների փոխանակում, թանգարանային արժեքների պահպանություն ու վերականգնում, կադրերի վերապատրաստում ու վերաորակավորում և այլն:

Փոխնախարարն ընդգծեց, որ թանգարանների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է նաև նպաստավոր պայմանների առկայությամբ, մասնավորապես՝ շենքային, համապատասխան շինությունների, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունների և այլն: Նա վստահ է, որ թանգարանի համար կառուցվող նոր շենքը կհամապատասխանի արդի պահանջներին: Մ. Բալայանը տեղեկացրեց, որ մոտ օրերս Հայաստանից համապատասխան մասնագետներ կժամանեն, որոնց հետ կքննարկվի թանգարանի տեխնիկական վերազինման հարցը: Նա կարևորեց նաև արտաքին կապերի հնարավորության ստեղծումը, այսինքն՝ թանգարանների միջազգային ցուցահանդեսներին մասնակից լինելը, ինչը հաղորդակից կդարձնի աշխարհում կիրառվող արդի միջոցառումներին, կրեատիվ մոտեցումներին:

Միևնույն ժամանակ հնարավորություն կընձեռվի ներկայացնել մեր թանգարանների հետաքրքիր նմուշները, ինչի միջոցով տեսանելի կդառնա Արցախի հինավուրց պատմության առկայությունը: ՙԱյդ ամենի մասին խոսվել է ՙԹանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները՚ ֆորումի կազմակերպիչների հետ, ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն ու, հուսով եմ, որ մոտ ապագայում այն իրողություն կդառնա՚,-ընդգծեց փոխնախարարը:

Ֆորումի կարևոր մաս էր կազմում նաև ՙԹանգարանային էքսպո՚ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են Հայաստանի ամենատարբեր շրջաններից թե՜ պետական, թե՜ մասնավոր թանգարանները՝ ավելի քան 30 տաղավարներով: Տաղավարներ էին տրամադրվել նաև Արցախի թանգարանները ներկայացնելու համար: Դրա շնորհիվ  մարդիկ կարողացան ավելի հստակ պատկերացնել Արցախի թանգարանների ներուժը, ոմանք էլ՝ առաջին պատկերացումը կազմել:  

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ