Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՉՃՆԱՉՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ...

Միջազգային գիտաժողով 

 Նոյեմբերի 24-ին Ստեփանակերտում, Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում, մեկնարկեց  ՙԴե ֆակտո պետությունները հետխորհրդային տարածաշրջանում. զարգացման ուղղությունները և հեռանկարները՚ խորագրով միջազգային գիտաժողովը: Կազմակերպիչները ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունն ու Մեսրոպ Մաշտոց համալսարանի ղեկավարությունն էր։  Գիտաժողովին մասնակցել են տասնյակ գիտնականներ և փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Արցախից։  

Միջոցառման մասնակիցներին ողջունեց և բացման խոսք ասաց Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ գիտաժողովի կազմակերպման գաղափարը ծնվել է անցյալ տարի՝ համալսարանի 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ, ինչը ողջունել է բուհի լավագույն բարեկամ, Ռոստովի Դաշնային համալսարանի պրոֆեսոր Մ. Վասկովը: ՙԱյն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, ապացուցում է, որ մենք կատարել ենք ճիշտ քայլ,- ասաց Դ. Գաբրիելյանը։- Մեր նպատակներից մեկը համագործակցութունն է չճանաչված պետությունների բուհերի հետ, նաև՝ գիտության միջոցով մեր երկրների ճանաչմանը հասնելը։ Թող բոլորն իմանան, որ մեր պետությունները կան, կլինեն և կհարատևեն՚:

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։ ՙԱրցախի Հանրապետությունը, ինչպես և հետխորհրդային տարածաշրջանում դե ֆակտո գոյություն ունեցող մյուս պետությունները, տարիների ընթացքում միջազգային հանրությանը ցույց են տվել ոչ միայն իրենց կենսունակությունը, այլև զարգացումը։ Անշուշտ, յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում կրթությունն է։ Այսօր մեր առջև խնդիր է դրված մեր երիտասարդների համար ապահովել որակյալ կրթություն, ստեղծել նոր հնարավորություններ, կրթական գործընթացում ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, կապեր հաստատել այլ պետությունների հետ, ինտեգրվել միջազգային կրթական համակարգին...՚,- ասված է ԿԳՍ նախարարի ուղերձում։ 

Նա կարևորել է գիտաժողովում քննարկվելիք խնդիրները և մաղթել արդյունավետ աշխատանք։ ԱՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ այսպիսի թեմայով միջազգային գիտաժողովը յուրատեսակ հարթակ է ոչ միայն քննարկելու առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այլև նախանշելու դրանց հաղթահարման ուղիներն ու ձևերը։ ՙՎստահ եմ,  գիտաժողովի աշխատանքները կօգնեն առավել արդյունավետորեն լուծել մեր առջև ծառացած խնդիրները` ուսումնասիրելով և կիրառելով այլ պետությունների փորձը:  Ճանաչման հարցում պետությունները չեն առաջնորդվում միջազգային իրավունքի նորմերով, այլ` սեփական շահով: Առկա պայմաններում պետք է նախահարձակ լինել և փորձել արտաքին կապեր հաստատել այլընտրանքային ուղիներով: Դա կարող է լինել, ինչպես ԱՀ-ի դեպքում է, ապակենտրոնացված համագործակցությունը՚,- հավելեց ԱՀ փոխարտգործնախարարը:

Գիտաժողովի աշխատանքները ողջունել են նաև Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարարության, Հարավային Օսիայի պետական համալսարանի, Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարության, Ռուսաստանի Հարավ-Դաշնային Համալսարանի և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները:

Իր խոսքում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ներկայացուցիչ Ալեքսեյ Ցուրկանը երախտագիտություն է հայտնել կազմակերպիչներին՝ կարևոր և հետաքրքիր միջոցառման համար։ ՙԴժվար է գնահատել նման հաղորդակցման նշանակությունը, որը ծառայում է գիտությանն ու տարբեր գաղափարների փոխանակմանը։ Կարծում եմ, ներկայացված թեմայի արդիականությունը, որն այսօր դառնալու է քննարկման առարկա, չափազանց բարձր է։ Մեր երկրները կան, ապրում են և վստահ նայում են առաջ` դեպի ապագան։ Հենց այս համատեքստում էլ ցանկանում եմ նշել, որ նոյեմբերի 23-ին ԱՀ պետնխարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ ստորագրել ենք առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու վերաբերյալ համաձայնագիր՚,- ասել է Ցուրկանը։

Լիագումար նիստին զեկուցումներով հանդես են եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը (ՙՉճանաչվածության ֆենոմենը միջազգային իրավունքում և քաղաքականությունում՚, Հայաստան), իրավաբանական գիտությունների թեկնածու Սիրանուշ Պետիկյանը (ՙԻրավական գաղափարախոսության սահմանադրական հիմունքները Արցախի Հանրապետությունում՚, Արցախ), Սեդրակ Սուրմենիլյանը (ՙԱբխազ ժողովրդի դիմանկարը՝ մինչև անկախության ճանաչումը և դրանից հետո՚, Աբխազիա), Տայմուրազ Տաղտաևը (ՙԺողովուրդների տարանջատվածության երևույթը՝ օսեթական ժողովրդի օրինակով՚, Հարավային Օսիա), Լարիսա Ալավերդյանը (Հայաստան)։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ա. Իսկանդարյանի խոսքով՝ աշխարհում այսօր հինգ տասնյակից ավելի  չճանաչված պետություն գոյություն ունի։ Դրանք բոլորն էլ տարբեր են՝ սկսած Թայվանի պես տնտեսական ու քաղաքական լուրջ կշիռ ունեցող պետությունից մինչև փաստացի գոյություն չունեցող պետություններ, ինչպիսինն է, ասենք, արևմտյան Սահարան։  ՙԻհարկե, դրանք աշխարհամասի մի մասն են կազմում, դրանցից շատերը տարածաշրջանային քաղականության վրա են ազդում, որոշներն՝ անգամ համաշխարհային։ Եվ անտեսել դրանց, որ ճանաչված չեն՝ հնարավոր չէ։ Պարզապես չի ստացվի՚,- ասել է Ա. Իսկանդարյանը։

ՙՄենք շնորհակալ ենք հրավերի ու կարծիքներ փոխանակելու հնարավորության համար։ Նաև մեր երկրների հետագա ճակատագրերի վերաբերյալ արդիական և խոր ակադեմիական վերլուծություններ լսելու համար։ Նույն ճակատագրով և նույն ձգտումներով իրար հետ կապված երկու եղբայրական երկրների հարաբերությունները զարգանում են։ Մոտ ապագայում նպատակ ունենք մի շարք միջոցներ ձեռնարկել՝ մեր կապերը խորացնելու համար՚,- իր ելույթում նշել է Տայմուրազ Տաղտաևը։ 

Թե Արցախում, և թե հետխորհրդային տարածաշրջանում դե ֆակտո չճանաչված մյուս պետություններում քաջածանոթ են այն խնդիրներին, որոնք առաջանում են տվյալ պետության չճանաչված կամ մասամբ ճանաչված լինելու հանգամանքից։ Այդ հանգամանքը չի խանգարում, սակայն, որ մարդիկ շարունակեն այդտեղ ապրել, արարել, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու հիմնարար ազատությունների և  իրավունքների հիման վրա պետականություն կառուցել, զարգանալ տնտեսապես և սերունդներ կրթել, անվտանգ և ապահով կենսապայմաններ ստեղծել քաղաքացիների համար։  

Զեկուցողները համոզված են, որ չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա տվյալ երկրի քաղաքացիների կողմից իրենց անքակտելի իրավունքների՝ այդ թվում զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքների իրացման գործում։ 

Պլենար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են Մեսրոպ Մաշտոց Համալսարանում՝ առանձին մասնախմբերում:

Կազմակերպիչները նպատակ ունեն նման միջոցառումներն ու հանդիպումները դարձնել ամենամյա։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ