[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ

Լրագրությունն աշխարհի կարևոր մասնագիտություններից է։ Սա փաստել է նաև կոլումբիացի վիպագիր և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Դե, իհարկե, եթե չլինեին լրագրողները, մարդիկ տեղեկացված չէին լինի։ Լրագրողն ասելիք պետք է ունենա, նոր ոճ և մտածողություն բերի։ Լրագրողի գործը ոչ թե ապրելու միջոց է, այլ կենսաձև։ 

 Զրուցակիցս ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միության անդամ, ՙԺուռնալիստիկա՚ ուսումնամեթոդական ձեռնարկի և գրեթե երկու տասնյակի հասնող գիտական հոդվածների հեղինակ Շուշան ԱՍԿԱՐՅԱՆՆ է: 

ՙԼրագրություն մասնագիտությունը պետք է լայն հնարավորություններ ստեղծի ԱրՊՀ-ում, որպեսզի գիտահետազոտական աշխատանքներն արդյունավետ իրականացվեն,-ասում է նա:- Քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, որ կոշտ քաղաքականությունների կողքին այսօր փափուկ քաղաքականություն է տարվում տարբեր գերտերությունների կողմից, և պետք է մենք սպառազինվենք ոչ միայն զինամթերքով , այլև տեղեկատվական պատերազմների ոլորտում ունենանք պատրաստված մասնագետներ, փորձագետներ, ովքեր կկարողանան այդ հարթակում իրականացնել ճիշտ և նպատակային քաղաքականություն։ Ժուռնալիստիկա բակալավրիատի ծրագիրն այսօր իր գիտական ուսումնասիրությունները և դասընթացները ծավալում է ԶԼՄ տեխնիկայի , մեդիաոլորտի ժամանակակից տեսությունների, մեդիա և քաղաքական տեխնոլոգիաների հիմնական ուղղություններով։ Այն մասնագիտական գիտելիքներ է տալիս, մեծացնում է լրագրագիտության ոլորտում գիտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները՚։ Շ. Ասկարյանը նաև հավելեց, որ հաղորդակցություն, մեդիա հասարակություն մագիստրոսական ծրագրի նպատակը ուսանողներին բազմակողմանի գիտելիքներ տրամադրելն է։
Դիտարկմանը, որ ներկայիս լրագրության բաժնի ուսանողներին հանրային հեռուստատեսությունը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում իրենց առաջին քայլերը կատարելու մեդիաոլորտում, Շուշան Ասկարյանը պատասխանեց, որ ինքը մեծ երախտագիտությամբ է դրան վերաբերում, որովհետև Արցախի հանրայինն այն հարթակն է, որն առաջին քայլերը կատարելու հնարավորություն է տալիս ԱրՊՀ լրագրության բաժնի ուսանողներին։ Նա նաև նշեց, որ ներկա դրությամբ լրագրության բաժնում սովորող ուսանողներից 45-ից 10-ն այս պահին մասնագիտական գործունեություն է ծավալում: Շարունակելով զրույցը, Շուշան Ասկարյանը նշեց, որ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության կողմից օգնություն և աջակցություն է ցուցաբերվում մասնագետների ներգրավվածության առումով։
Համալսարանում գործում է ստուդիա, որը ուսանողներին հնարավորությություններ է տալիս իրականացնել գործնական աշխատանքներ։
ՙԱյսօր մեր բաժինը կարիք ունի ոչ թե փոքր, այլ՝ մասնագիտացված հեռուստաստուդիայի։ Տեխնիկապես հագեցված լաբորատորիա պետք է լինի, առաջիկայում մենք նախատեսում ենք սարքավորումներ տեղադրել, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան իրենց տեսական գիտելիքները նաև գործնականում կիրառել։ Նա նաև նշեց, որ տարվում է այնպիսի ռազմավարական գործընթաց, որպեսզի լրագրության բաժնի ուսանողներին դասախոսի կամ պրակտիկ մասնագետը, կամ էլ լրագրության ոլորտում գիտահետազոտական աշխատանք իրականացրած մասնագետը։ Այսօր մեր բաժնի կողմից տարվող քաղաքականության արդյունքում մասնագետներ են պատրաստվում ոչ միայն տպագիր լրատվամիջոցների, ռադիոյի և հեռուստատեսության համար, այլև գերատեսչական մարմինների , մամուլի ծառայությունների համար, որը շատ կարևոր է։ Մենք այսօր մամլո ծառայություններում տեղեկատվության հետ տարվող աշխատանքների գծով բաժիններում կարիք ունենք մասնագետների, ովքեր իրենց գործի գիտակն են՚,-նկատել է տալիս զրուցակիցս։
Ինչպիսին կուզենայիք տեսնել լրագրության բաժինը տարիներ հետո: Հարցին Շուշան Ասկարյանը պատասխանեց. ՙԿցանկանայի տեսնել որպես առանձին ամբիոն, որտեղ պաշտպանած մասնագետներ կլինեն և ովքեր կզբաղվեին Արցախի Հանրապետության տեղեկատվական ինֆոքաղաքականության հարցերով, ունենայինք պահանջված մասնագետներ, և, որպես ամբիոն, այն իր աշխատանքը արդարացված կհամարեր՚։

Արմինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ