Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ

Ստեփանակերտում ճանաչված ու սիրված քանդակագործ, Երկրաշարժի զոհերի հայտնի հուշակոթողի հեղինակ Արմեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ լավ հիշում ենք:

Նրա ստեղծած քանդակները` ՙԵրաժիշտներ՚, ՙՊըլը Պուղին և Մելիք Շահնազարը՚, ՙԹազբեհով ծերունին՚, ՙՀնձվորները՚, ՙԱրցախցի տատիկները՚, ՙՀայուհի՚, ՙԵրեք դիմակ՚, շնչում են մեղմ հումորով ու սիրով դեպի մարդ արարածն ու աշխարհը: Նրա գործերը և՜ ազգային են, և՜ համամարդկային, ուստի դրանով իսկ հասկանալի են յուրաքանչյուր մարդու: 

Կարծում եմ, ավագ և միջին սերնդի ստեփանակերտցիներ լավ են հիշում այն չարաբաստիկ օրը, երբ 1990 թվականի հունվարի 2-ին ազերի կուրսանտի դիմահար կրակահերթից զոհվեց տաղանդավոր արվեստագետ և ազնիվ քաղաքացի Արմեն Հակոբյանը: Նա բանակցում էր շարասյան հրամանատարի հետ՝ փորձելով ռուս-ադրբեջանական զինված սադրանքից պաշտպանել Ստեփանակերտի փողոցները ելած խաղաղ բնակչությանը: Լուրն ուղղակի ցնցեց բնակչությանը: Արմենը լի էր ստեղծագործական նոր երկունքով, ոգեշնչման աղբյուրը ազատագրական պայքարի ելած ողջ հայությունն էր: Դեռ չէր բոլորել նրա 50-ամյակը:
Արմեն Հակոբյանը հետմահու արժանացել է Եղիշեի անվան ամենամյա կառավարական մրցանակի /1996թ./, ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանի /2001թ./, իսկ 2003-ին նրան շնորհվել է ԼՂՀ ժողովրդական նկարչի կոչում:
Նրա քանդակները տեղադրված են Ստեփանակերտում, Շուշիում, Արցախի այլ բնակավայրերում, Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ նա սովորել և աշխատել է:
Արմենի ընկեր, նկարիչ ու քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի խոսքը, կարծում ենք, լավագույն կերպով բնորոշում է նրան. ՙՔաղաքացի և արվեստագետ: Նրա մեջ այս հասկացությունները միահյուսված էին: Աշխարհը տեսնում, ընկալում և վերարտադրում էր իր քաղաքացիական հավատքի տեսանկյունից: Ժամանակը՝ նրա գործերում, ինքը՝ ժամանակի մեջ, արվեստում` ազնիվ ու անկեղծ, ինչպես և ապրում էր: Խառնվածքի մեջ ժողովրդական միամտություն կար: … Զոհվելուց հետո միայն երևաց ՙծառի՚ բուն հաստությունը՚:
Հիշում եմ, երբ քաղաքում 1988 թվականին խոսում էին, որ Իջևանում անցկացվող քանդակագործության սիմպոզիումին մասնակցել է նաև արցախցի քանդակագործը: Դա երևացող իրադարձություն էր, քանի որ մինչ այդ երբեք արցախցի արվեստագետները չէին մասնակցում Հայաստանում տեղի ունեցող մրցույթներին, փառատոներին, սիմպոզիումներին: Այնտեղ նա կերտել է ՙԱրցախ՚ քանդակը, որն արժանացել է հատուկ մրցանակի: Քանդակը տեղադրվել է Իջևանում և մինչ այսօր կանգում է այնտեղ: Արվեստագետի հոգին ցնցված էր Սպիտակի երկաշարժով, սումգայիթյան ողբերգությամբ: Եվ 1989 թվականին նա ստեղծեց ՙՍումգայիթ՚ քանդակը և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, որոնք տեղադրվել են Ստեփանակերտի հուշահամալիրում:
Այսքանով հանդերձ, ցավով պետք է փաստեմ. Արմեն Հակոբյանի գործերը վերջին տարիներին կազմակերպվող բազմաթիվ ցուցահանդեսներին չենք տեսնում: Չենք տեսնում, ուրեմն և չենք շփվում նրա հարուստ ներաշխարհին` լի սիրով ու թախիծով, հումորով ու ժպիտով: Ինչո՞ւ: Հարցս ուղղեցի քանդակագործի այրի Դոնարա Բաղրյանին: Նա կիսեց իմ ափսոսանքը, բայց նաև բացատրեց, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել: 2011 թվականին, երբ ընտանիքի և Արցախի նկարիչների միության համատեղ ուժերով կազմակերպվեց Արմեն Հակոբյանի անհատական ցուցահանդեսը, մեկ աշխատանք կորել է: Ընտանիքը դիմել է ոստիկանություն, բայց քանդակն այդպես էլ չի գտնվել: ՙԱյդ դեպքից հետո,- ասում է Դ. Բաղրյանը,- մենք որոշեցինք ռիսկի չդիմել և Արմենի քանդակները պահել արվեստանոցում: Այո, մարդիկ այլևս հնարավորություն չունեն դիտել դրանք: Բայց այդպես ապահով է, մենք էլ հանգիստ ենք, որ նրա ստեղծած ժառանգությունից ոչ մի գործ չի անհետանա՚: Բայց չէ՞ որ կարելի է ավելի խիստ ու հստակ երաշխիքներ պահանջել այդ քանդակների համար և, այնուամենայնիվ, թույլ տալ հանել ի ցույց մարդկանց, հատկապես նոր սերունդներին: Սերունդ, որ չտեսնելով, չներշնչվելով Արմեն Հակոբյանի քանդակներից, կմնա անտեղյակ նրա ստեղծած հարուստ, ինքնատիպ, անկրկնելի ժառանգությունից: Ճիշտն ասած, նման իրավիճակը տեղիք է տալիս մտահոգության: Եվ այդ մտահոգությունից դրդված` նման հարցերով զբաղվող մարդիկ, Արմենի ընտանիքի հետ քննարկելով, բանակցելով, պետք է ձգտեն խնդրին լուծում տալ:

 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ