Logo
Print this page

ՀԱՆՃԱՐԵՂ ԼՈՌԵՑՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

 

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է Հովհ. Թումանյանի ծննդյան օրով։
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի ընթերցասրահում գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանի և ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրուն Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակին։

Միջոցառումը բացեց գրադարանի տնօրենը` հորդորելով միշտ բարձր պահել գրքի հեղինակությունը, իսկ գիրք նվիրելը դարձնել սովորական երևույթ։
Հովհաննես Թումանյանի կյանքին ու հայրենանվեր գործունեությանն անդրադարձավ Սիրուն Բաղդասարյանը. ՙԹումանյանը միշտ հայրենիքի հետ է, ժողովրդի կողքին, միշտ այնտեղ, որտեղ իր կարիքն ավելի շատ է զգացվում։ Նրա խոսքը միշտ գոտեպնդող է, իսկ կանխատեսումները փայլուն իրականություն են այսօր դարձել։ Թումանյանի բոլոր գրքերը հանապազօրյա հացի պես մեր սեղանին են՚։
Միջոցառմանն առանձնակի շուք հաղորդեցին ԱրՊՀ բանասիրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիները, ովքեր հանդես եկան ազգային մեծ բանաստեղծի ստեղծագործություններով՝ ասմունքեցին, կատարեցին Թումանյանին նվիրված և Թումանյանի մոտիվներով գրված երգեր։ Հանճարեղ բանաստեղծի շունչն ու ոգին համակել էր ներկաներին։
Փետրվարի 19-ը տոնական էր նաև Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում։ Գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը հագեցած էր ու բովանդակալից։ ՙԹումանյանը մեր գրականության տիեզերքն է, եզակի գործիչ, ում գրական ժառանգությունը նույնքան բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը՚,¬ իր խոսքում նշեց Մ. Խաչատրյանը։
ՙԲանաստեղծ, արձակագիր, գրող, ում ստեղծագործություններն արդիական են եղել բոլոր ժամանակներում։ Ի՜ր ուղերձներով, ի՜ր պատգամներով, իր ստեղծագործությամբ ու խորհուրդներով Թումանյանը միշտ մեզ հետ է։ Մանուկներն աշխարհը ճանաչում են հենց Թումանյանով: Թումանյանի հետ սիրահարվում ենք, Թումանյանի հետ հասունանում, սփոփում մեր տառապանքը, Թումանյանի հետ էլ իմաստնանում։ Թումանյանը համամարդկային մեծության գրող է՚,¬ շնորհավորելով ներկաներին` իր ելույթում հանճարեղ լոռեցուն անդրադարձավ ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, երիտասարդ բանաստեղծուհի Զարինե Սառաջյանը:
Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանն իր ելույթում խոսեց Թումանյանի՝ սերունդների վրա թողած ազդեցության մասին, ապա ասմունքեց մեծն բանաստեղծի ստեղծագործություններից։
Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկաներին հրամցրեցին Թումանյանի գոհարներից, իսկ փոքրիկ դպրոցականները հանդես եկան Թումանյանի ՙՇունն ու կատուն՚ կատակերգության բեմականացմամբ։
Գեղեցիկ օրը հիշարժան դարձավ գրքերի նվիրատվությամբ։ Գրադարանների տնօրենները գրքեր նվիրեցին ընթերցասեր հասարակությանը։ Գրքեր նվիրաբերվեցին նաև գրադարաններին։

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.