Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՆՇՎԻ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

 

 

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում փետրվարի 22-ին Պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Լալայանի նախաձեռնված ծրագրի շրջանակներում՝ Արցախում տոնելու սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակը, տեղի է ունեցել հանդիպում հայտնի կոմպոզիտորի հետ: Բուն համերգը նախատեսվում է հանրությանը ներկայացնել հոկտեմբերին: Իսկ մինչ այդ տեղի կունենան տարբեր ձևաչափի հանդիպումներ:

Ներկայացնելու առաջին իսկ պահից կոմպոզիտորն իրեն բնորոշ հումորով մթնոլորտը դարձրեց մտերիմ ու անմիջական՝ խնդրելով ներկաներին լինել ազատ, միանալ երգերի կատարմանը, ինչը սիրով ընդունվեց: Կատարվեցին ինչպես հայտնի երգերը՝ այդ թվում նաև սիրված մուլտիպլիկացիոն ֆիլմերից, այնպես էլ նոր ստեղծագործություն: Հանդիսատեսը մեծ սիրով արձագանքում էր երգերին, մթնոլորտն էլ այնքան ջերմացավ ու լիցքաթափցեց, որ մեր երգիչներից որոշները համարձակություն ունեցան բեմ բարձրանալ և երգել կոմպոզիտորի հետ: Հնչեցին բազում հիացական խոսքեր, որոնք ընդունվում էին հումորով, ինչը ավելի էր ջերմացնում մթնոլորտը:

 

-Պարոն Ամիրխանյան, կատարեցիք Ձեր նոր ստեղծագործությունը` գրված ՙՁախորդ Փանոսի՚ մոտիվներով: Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց այդ կերպարի մեջ:
-Ես հասկացա, որ ամեն մարդ իր կյանքի մեջ մի քիչ Ձախորդ Փանոս է: Հաճախ ենք ինչ-որ բան նախաձեռնում ու ձախողում: Բայց դրանով չի վերջանում գործն ավարտելու ձգտումը: Նույնիսկ հենց այդ հանգամանքն էլ կարող է դրական դեր խաղալ: Սկսում ես մտորել նպատակիդ հասնելու այլ ճանապարհների մասին: Վերջերս համակարգչով երաժշտություն եմ գրել, և ինչ-ինչ պատճառներով այն ջնջվել է: Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, ինչ վիճակում եմ հայտնվել: Քիչ անց սկսեցի մտորել եղածի շուրջ` ձախորդությո՞ւն էր, թե՞ հուշում Բարձրյալից: Կրկին գրեցի երաժշտությունը: Անշուշտ, դա նույնը չէր: Այն շատ ավելի լավն էր:
-Դուք պարբերաբար այցելում եք Արցախ, Ձեր երկրպագուներին պարգևում հաճելի, անմոռանալի երեկոներ:
-Բոլորս զարթոնք ապրեցինք Ղարաբաղյան շարժման շնորհիվ, և ես այն առաջին կազմակերպիչներից էի, որ 88-ի մայիսին Հայաստանի արտիստների մի մեծ խումբ բերեցի Ստեփանակերտի մարզադաշտում համերգով ներկայանալու: Առաջին շարքերում նստած էր զսպող ուժը` զինվորները` թույլ չտալու անկարգություններ: Հանկարծ հայտնվեց մի երիտասարդ` հայկական դրոշը ձեռքին, ու սկսեց վազել մարզադաշտով մեկ: Ի՞նչ լիցքեր էին գալիս հանդիսատեսից, գժվեցինք: Շատ հուզիչ և ոգևորիչ տեսարան էր: Իսկ երբ երգեցի ՙՀայի աչքեր՚-ը, ամբողջ մարզադաշտը վեր կացավ, վառեց թերթերը, որոնց վրա նստած էր: Ուղղակի ոգևորության խարույկ էր: Դա անհնար է մոռանալ: Հետո մաշտոցյան հետքերով գնացինք Ամարաս, որտեղ ծնվեց ՙԻմ Արցախ՚ երգը: Այնքան կապվեցի Արցախի հետ, որ երազեցի տուն ունենալ Շուշիում: Դա դեռևս երազանքի տիրույթում է, բայց երազանքները դրա համար են, որպեսզի մի օր իրականություն դառնան:
-Ամենուրեք խոսվում է ազգային մշակույթի ճգնաժամային վիճակում գտնվելու մասին: Համամի՞տ եք:
-Մենք մշակութային ճիշտ քաղաքականության կարիք ունենք: Երեխաները մեծանում են օտարների մշակութային տիրույթի ներքո: Երբ նրանց մերձեցնում ես ազգային մշակույթին, այդժամ արթնանում է ինքնագիտակցությունը, նրանք սկսում են ընկալել մեր մշակույթի յուրահատկությունը, խորությունը: Արթնանում է նրանց պատվախնդրության և արժանապատվության զգացումը, սկսում են հասկանալ, որ դա այն է, ինչով աշխարհին մենք կարող ենք ներկայանալ ու հետաքրքրություն առաջացնել: Առաջինը, ինչ պետք է անել մշակույթի ոլորտում, ազգային երաժշտական մշակույթի ինքնագիտակցությունը դարձնել մշակութային քաղաքականության հիմք, որը պետք է հեռու լինի դեկորացիաներից և դուր գալու սինդրոմից: Չի կարելի մշակույթը թողնել ինքնահոսի:
-Կատարվեց ՙԵրկու կռունկ՚ երգը, որի բովանդակությունը խիստ տարբերվում է ընդունված ՙԿռունկներից՚: Դուք հոռետե՞ս եք այս ցավոտ հարցում:
-Երգում կռունկներն աշնանը չվում են, բայց գարնանը չեն վերադառնում: Այսինքն` իմ հայ եղբայրները հեռանում են ու ստեղծագործում են այլ երկրներում: Անշուշտ, ունենք փայլուն օրինակներ, երբ նրանք` ստեղծագործելով այլ երկրների համար, մեծ ներդրում են ունեցել հայության խնդիրները, անունը բարձրացնելու մեջ: Քամիները վատ տնկած ծառերն են շուռ տալիս, տանում, քամիները նաև ամրացնում են տնկած ծառերը: Իրականում ծիրանենին լավ բերք է տալիս իր հողում:
-Դուք ընդգծում եք, որ ցանկացած ստեղծագործություն, որը կենսունակ է, ծնվում է հիացմունքից, ու Դուք չեք կորցրել այդ զգացումը: Ի՞նչ ստեղծագործությունների վրա եք աշխատում:
-Այո, եթե տարված չես ստեղծած կերպարով, չես ապրում այդ հիացումը, ստեղծագործությունը չի կարող լինել կենսունակ, նա կյանք չի ունենա: Երգիչը նա չէ, ով երգում է, նկարիչը նա չէ, ով նկարում է, արտիստը, ստեղծագործողը նա է, ով չի կարող չերգել, չնկարել, չստեղծագործել: Եվ ես չեմ կարող չստեղծագործել. անընդհատ մուսաները գալիս են, անընդհատ գրում եմ: Հունվար ամսվա մեջ գրել եմ երեք նոր մեծ ստեղծագործություն գերմանական հայտնի մանկական պոեմի մոտիվներով: Այն գրել եմ գերմաներեն լեզվով, այն դեպքում, երբ բառ անգամ չգիտեմ գերմաներեն: Այն արդեն ավարտված է, պետք է ներկայացնեմ գերմանացիներին: Ոգևորությունը պահպանվում է, պահպանվում է հիացումը: