ՄՈՄԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ ԱՅՐՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՍ ՀԱՄԱՐ
Մարտիրոս ՈԲՆ
(հատված վիպակից)
1993 թվականի դեկտեմբերն էր։ Իսկ պատերազմի ժամանակ մի տեղից մեկ այլ տեղ գնալու համար փոխադրամիջոց գտնելը անասելի դժվար էր, ուր մնաց թե երթուղային ավտոբուս լիներ։ Այնպես որ՝ մերը ոչ թե երթուղային, այլ երջանկության ավտոբուս էր։ Մեկը մյուսի ականջը գցելով՝ դեռևս լուսումութին, արդեն ահագին ուղևորներ էին խմբվել վարորդի տան բակում, ուր կայանված էր նաև մեր երջանկության ավտոբուսը, երբ ես ոտքով տեղ հասա։
Օխրայագույն ավտոբուսը իր շուրջը ծովացածներին սպունգի պես կլլեց մինչև վերջին մարդը։ Սրահում, նստածներից երեք անգամ շատ, կանգնածներ էին։ Գրողը տանի, նույնիսկ մի ոտքից մյուսին հենվելու համար ստիպված էիր լինում կողքինիդ հրել։ Ու այդ վիճակում՝ տասը ժամ։ Եվ, այնուամենայնիվ, դա մեզ համար երջանկության ավտոբուս էր թեկուզ հենց այն պատճառով, որ ռազմաճակատից մեզ թիկունք էր տանում, որտեղ կյանքը, այնուամենայնիվ, նման էր կյանքի։ Ու հիմա՝ ողջ ճանապարհին՝ երբ մեկնումեկի սիրտը խառնում էր, սրահի առաջնամասում կանգնածներից յուրաքանչյուրը ներքուստ ցնծում էր, որովհետև ավտոբուսից դուրս գալու առիթ կար, իրենք պիտի իջնեին, որպեսզի վատացած ուղևորը կարողանար դուրս գալ։ Իսկ այդ մի քանի րոպեն նրանց համար մաքուր օդ շնչել էր, ծխախոտ ծխել էր, վերջապես անշարժությունից ընդարմացած մարմնիդ ճմլկոտելու հնարավորություն ընձեռել էր։
Ձյունն առատորեն տեղալ սկսեց Գորիսում, երբ վարորդը այս անգամ ավտոբուսից իջավ ու զրույցի բռնվեց երկու տղամարդու հետ, որոնցից բեղավորի ափի մեջ, ի վերջո, սկսեց հատ¬հատ դնել ծոցագրպանից հանած թղթադրամները, որոնց փնջած պահողը ռետինե օղակապն էր։ Նույն այդ ժամանակ մյուս տղամարդը ցրիվ գալու պատրաստ ՙԺիգուլու՚ բեռնախցիկից ծանրորեն հանեց քսան լիտրանոց կանիստրը և, ինքը մի կողմի վրա ծռված, կանիստրը բերեց ավտոբուսի մոտ։ Բայց սպասեց, որ վարորդն ինքը սոլյարկան լցնի ավտոբուսի բաքը։ Այդ ժամանակ է, որ ձյունը սկսեց առատորեն տեղալ։
Ավտոբուսի դիմապակու մաքրիչները չէին հասցնում վարորդի տեսադաշտը պարզ անել, մանավանդ որ՝ քամին էլ, պտտահողմի պես դաշտերի ձյունը օդ հանելով՝ բերում¬թափում էր գրեթե ամայի մայրուղու վրա ու երկվայրկյան անց, դեռևս այսուայնտեղ սևին տվող ասֆալտը կորչում էր համատարած կաթնամշուշ մռայլության մեջ։ Մի երկու տեղ նույնիսկ վարորդի խնդրանքով (ես նրա վաղեմի ծանոթներից էի) իջա ու սկսեցի գնալ ավտոբուսի առջևից՝ ինքս վարորդի համար դառնալով ուղեցույց։
Կապան տանող մայրուղու մի զգալի հատվածը թուրքերի նշանառության տակ էր, և այդ էր պատճառը, որ մեր ավտոբուսը գնում էր շրջանցիկ ճանապարհով, անցնում էինք և՜ գյուղերի միջով, և՜ հանդամիջյան խճուղով։ Դա մի տեսակ շուրջերկրյա ճանապարհորդություն էր, իսկ ավելի ստույգ՝ դա էլ մեր գողգոթայի ճանապարհն էր, որտեղ հայտնվածը Քրիստոսին միայն երանի էր տալիս... Եթե ոլորապտույտ, կիրճ իջնող ճանապարհով ավտոբուսը զգուշորեն, փնչալով, այնուամենայնիվ, մեզ անփորձանք հասցրեց ձորատակ, հիմա՝ հանդիպակաց սարալանջն ի վեր, պարզ է, որ տղամարդ ուղևորներս էինք ավտոբուսը առաջ հրում։ Այդպես մինչև սարագլուխ, որտեղ Տաթևն էր։ Մեզ այդքանը իբր քիչ էր, գյուղատակի ձորակում էլ ավտոբուսը ՙշունչը փչեց՚։
Սարալանջն ի վեր ավտոմեքենան հրելիս չէի նկատել կոշիկներիս մեջ լցվող ձյունը, միայն հիմա, երբ լռվել էինք գյուղատակի ձորակում, կոշիկներիս մեջ զգում էի անասելի տհաճ թացություն, ու որպեսզի ոտնաթաթերս չսառչեն, կանգնած տեղս՝ ավտոբուսի սրահում, մատներս վրա¬վրա շարժում էի, շարժելիս զգում, թե ինչպես է մատներիս արանքով ջուրը պզզում թաց գուլպաներիս մեջ։ Բայց ոչ այնքան դրանից, որքան քաղցած լինելուց էի սկսել մրսել։ Թե որ ասեմ առավոտվանից ոչինչ չէի կերել, ինքս էլ պիտի հավատամ, որ երեկ կուշտ էի, մինչդեռ պատերազմի ժամանակ մարդ մշտապես քաղցած է լինում։ Դուրսը արդեն տեսանելի չէր ու դժվար էր ասել՝ ձյունը շարունակում էր տեղա՞լ, թե՝ ոչ։ Եթե ուզենայիր քրտնած պատուհանից դուրս նայել, միայն պիտի տեսնեիր քո աղավաղված արտացոլանքը, երբ սրահի լույսը միացնում էր վարորդը։ Իսկ դա անում էր ծայրահեղ դեպքում, երբ ինչ¬որ մեկի երեխան սկսում էր լաց լինել, կամ երեխայի տակաշոր էր փոխել պետք, կամ ինչ¬որ մեկը ավտոբուսից դուրս գալու անհրաժեշտություն ուներ։ Մնացած ժամանակը նույն խավարն էր տիրում թե ավտոբուսի մեջ, թե դրսում։ Վարորդը մինչ այդ ուղևորներին ասել էր.
-Քանի դեռ շատ չի մթնել, հարկավոր է մտածել գիշերելու մասին։ Էստեղ բոլորիս համար դժվար կլինի։ Ովքեր երեխեքի հետ են, ովքեր կարող են, լավ կանեն բարձրանան գյուղ։ Էն ա գյուղը։
Համատարած ձյան մեջ գյուղի տները նման էին սև տուփերի, որտեղից նավթավառի ճպռոտ լույսեր էին ծիկրակում տարաժամի մթնում։
-Ինչ էլ լինի՝ հայ մարդիկ են, գիշերելու տեղ կտան։ Գոնե չեք սառչի։
Գնացողները գնացել էին, ու հիմա ավտոբուսում չնայած խեղդոց չէր, բայց նստելու տեղ չկար։ Միջանցքում, որը նկատելի թեթևացել էր, կանգնածները շարունակում էին ոտքի վրա մնալ՝ այս ու այնտեղից կառչած։ Իհարկե, շատերը պատրաստ էին հենց հատակին էլ նստել, բայց դա լինելու բան չէր. հատակն ամբողջովին ցեխալղոզ էր։
Ես մեծագույն հաճույքով կպառկեի գետնին, լինի՝ ծառի տակ, թե հենց խճուղու վրա, կպառկեի ցանկացած տեղ, միայն թե գետինը չոր լիներ։ Բայց գետինը ձյունածածկ էր ու դեկտեմբերյան ցուրտը հեշտությամբ էր մրսեցնում տանջահար ու քաղցած մարմինս։ Ցավում էր ամեն մի բջիջ, անգամ մազերս, իսկ կոշիկներիս մեջ մատներս ուղղակի ծփծփում էին...