Logo
Print this page

ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Մարտի 16-ին Արցախի գիտական կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Սամվել Հարությունյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ակադեմիկոսներ Աշոտ Սաղյանը, Լևոն Թավադյանը, Հայաստանի պատմամշակութային ժառանգության կենտրոնի տնօրեն, պատմաբան Տիգրան Սիմոնյանը, փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը, գեներալ Գագիկ Համբարձումյանը։ Նրանց հանդիպումը Կենտրոնի գիտաշխատողների հետ աշխատանքային խորհրդակցության ձևաչափով էր։ Խորհրդակցությանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։ 

Մինչ այդ, հյուրերը ծանոթացան կառույցի շենքային պայմաններին, առկա հնարավորություններին ու գիտատեխնիկական զինվածությանը։
Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը: Նա կարևորեց նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք միտված են կառույցի զարգացմանը և շարունակական բնույթ են կրելու։
Հյուրերին ողջունեց և ԿԳՍ նախարարության հրավերն ընդունելու համար երախտագիտություն հայտնեց Նարինե Աղաբալյանը։ Նրա խոսքով՝ Արցախի գիտական կենտրոնը բոլոր այս տարիների ընթացքում հատուկ տեղ է զբաղեցրել ՀՀ գիտության պետական կոմիտեի ծրագրերում, տասնյակ թեմաներ են ուսումնասիրվել համասեռ կառույցների համագործակցության արդյունքում։ ՙՀաճախ կարծիքներ են հնչում, իբր, քիչ ուշադրություն է դարձվում բնագիտական թեմաներին,-ասաց Ն. Աղաբալյանը։- Այդ թյուր կարծիքն առաջացել է այն պատճառով, որ մենք ամբողջական չենք ներկայացնում այն, ինչ կատարվում է ՀՀ գիտության պետական կոմիտեի համագործակցության շրջանակներում։ Կարծում եմ՝ հետագայում էլ ավելի արդյունավետ համագործակցության շնորհիվ կլրացվի այդ բացը՚։ ԿԳՍ նախարարը ներկաներին իրազեկեց, որ մի շարք փոփոխություններ և առաջարկություններ կան, որոնք նպատակ ունեն խորհրդակցությունից հետո քննարկել հայաստանյան գործընկերների և շահագրգիռ անձանց հետ՝ դրանք ԱՀ պետական քաղաքականության ծրագրերում ընդգրկելու համար։ Հարցերը հիմնականում վերաբերում են Արցախում գիտության զարգացման խթանմանը, երիտասարդ կադրերի պատրաստմանն ու խրախուսմանը, ինչպես նաև՝ գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար գրավիչ դարձնելուն։
Գիտության ոլորտում ՀՀ գիտպետկոմի համագործակցությունն Արցախի հետ վեց տարվա պատմություն ունի։ Արդյունքն ակնառու է. ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ համատեղ իրականացրած մի շարք ծրագրեր ունեն, ինչպես նաև՝ գիտության ասպարեզում արցախցի 8 թեկնածուներ։ Սամվել Հարությունյանի կարծիքով՝ դա մեծ թիվ է արցախյան կառույցի համար։
Իրենց հերթին հայաստանյան գործընկերները եկել են նորություններով ու արդյունավետ առաջարկություններով։ ՙԳիտությունը բաց համակարգ է, իսկ գիտական համագործակցությունը սահմաններ ու ազգություն չի ճանաչում։ Արցախի պարագայում դա շատ կարևոր է, քանզի վաղ թե ուշ՝ լուծվելու է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խնդիրը, և մենք պետք է ինտեգրված լինենք տնտեսության բոլոր ոլորտներին։ Մենք տարբերություն չենք դնում և արցախյան մեր գործընկերներին ընդունում ենք այնպես, ինչպես հայաստանյան գործընկերներին։ Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում, դրանց պետք է մասնակից դառնան նաև Արցախի մեր թիմակիցները՚,- ասաց Սամվել Հարությունյանը։
ՀՀ գիտպետկոմի նախագահը խոսեց նաև այն խնդիրների մասին, որոնք այսօր առկա են Արցախի գիտական կենտրոնում։ Նա հատկապես նշեց, որ արցախյան կառույցը չունի բազային ֆինանսավորում, չի մասնակցում երիտասարդական և միջազգային ծրագրերին։ Հայաստանյան գործընկերներն աշխարհի 12 երկրների հետ տարբեր աշխատանքներ են կատարում, խիստ կարևոր ծրագրեր են իրականացնում, այդ թվում նաև՝ ռազմական գիտության ոլորտում։ Դրանք մեծ նշանակություն ունեն պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրների համար։ Ս. Հարությունյանը գոհունակությամբ փաստեց, որ Արցախում իրականացվող այս տարվա ծրագրերից մեկը ռազմագիտության ոլորտից է։
ՙԵթե նկատել եք, ամեն անգամ, երբ գալիս ենք Արցախ, ավելանում է իրականացվող ծրագրերի թիվը, - ասաց ՀՀ գիտպետկոմի նախագահը։- Ներկայում իրրականացվող 7 գիտական ծրագրի համար բավականին կլորիկ գումար ենք ծախսում։ Լուծվել է նաև Արցախի մեր թիմակիցներին գիտական աստիճանի համար տրվող գումարների հարցը, ինչը չկար նախկինում։ Հայաստանում ունենք մեկ այլ ծրագիր, որը ցանկանում ենք կիրառել նաև Արցախում. խոսքը գիտության թեկնածուներին՝ թոշակի անցնելուց հետո տրվող 25 հազար և 50 հազար դրամների մասին է։ Պայմանների ու պահանջների մասին առայժմ չեմ ուզում խոսել, դրանց մասին կխոսենք հետո՚։
Ս. Հարությունյանը ԱՀ ԿԳՍ նախարարին առաջարկեց նամակով դիմել ՀՀ վարչապետին կամ Կրթության և գիտության նախարարին՝ թույլ տալ, որպեսզի արցախցի երիտասարդները ևս մասնակցեն Հայաստանում իրականացվող երիտասարդական ծրագրերին, ինչն անչափ կարևոր հանգամանք է։
ՙԳիտությունը բավականին ՙծերացել՚ է, մտահոգիչ տարիքային բաշխվածություն ունենք Հայաստանում, կարծում եմ՝ նույնն էլ նաև Արցախում է։ 65-ից բարձր տարիքի գիտնականների թիվը կազմում է 25 տոկոս, ինչը խնդիր է։ Երիտասարդական ծրագրերն ինչ-որ չափ կնպաստեն դրա լուծմանը՚,- հավելեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահը։
Ընդլայնված խորհրդակցության մասնակիցները լսեցին 2019թ. Արցախի գիտական կենտրոնում իրականացվող՝ ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմաների կատարման ընթացքի վերաբերյալ համառոտ հաշվետվությունները, որոնք ներկայացրին այդ թեմաների գիտական ղեկավարները։
Տեղի ունեցան մասնագիտական քննարկումներ, որոնց նպատակը ձեռքբերված արդյունքները գիտության բնագավառում, ինչպես և անմիջական արտադրությունում կիրառելն է։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.