[ARM]     [RUS]     [ENG]

ԱրՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

altՄայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի պետական համալսարանը միջոցառումների ծրագիր է մշակել, ըստ որի՝ բոլոր ֆակուլտետներում կկազմակերպվեն հանրապետական գիտաժողովներ և տարաբնույթ միջոցառումներ։ 
Ապրիլի 13-ին հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետում կազմակերպված՝ ՙԱրցախյան ազգային-ազատագրական պայքարի արտացոլումը հայ գրականության մեջ՚ թեմայով գիտաժողովը փաստորեն մեկնարկն էր վերոնշյալ միջոցառումների։ 
Գիտաժողովին մասնակցելու նպատակով ԱրՊՀ էին ժամանել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար մասնագետ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը և Գորիսի պետական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Թերմինա Մարությանը։
Ավանդույթի համաձայն՝ հյուրերը պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում նահատակված ուսանողների հուշակոթողին՝ հարգելով նրանց պայծառ հիշատակը։ 
Գիտաժողովը բացեց ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Մուսայելյանը։ 
ՙՏասնամյակներ անց մենք վերագտանք մեր ազգային ինքնությունն ու Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ ինքներս մեզ ոգեկոչելու ձևն ու բովանդակությունը՚,- ասաց բանախոսը։ Նրա խոսքերով՝ Եռատոնին նվիրված միջոցառումները նպատակ ունեն մեկ անգամ ևս հիշեցնել մեր անցած ուղու մասին, այն մասին, որ մենք եղել ենք, կանք ու դեռ նոր  հաղթանակներ պետք է կռենք։ 
Ողջույնի խոսքում ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը կարևորեց Շուշիի ազատագրումը, նշելով, որ հայ ազգը վաղնջական ժամանակներից սկսած հաղթանակներ շատ է ունեցել, սակայն ուրիշ էր Բերդաքաղաքի հաղթանակը, որը նոր էջ բացեց մեր ազատագրական պաքարի մեջ։ Շուշին հային ազատեց զոհի բարդույթից, ընդգծեց Ս. Դադայանը։ Անդրադառնալով Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը՝ նա նշեց, որ Արցախի մայր բուհի մի շարք դասախոսներ կանգնած են եղել նրա ակունքներում։ Նրանք էին, որ բուհի ուսանողների հետ միասին 1988-ի փետրվարի 13-ին առաջինը դուրս եկան ցույցի։ Առաջինը, ով բարձրացել է տրիբունա ու ելույթ ունեցել՝ եղել է ԱրՊՀ դասախոսը։ ՙԱյսօր այդ դասախոսներից ոմանք նստած են դահլիճում, ինչն ուրախալի է։ Անգամ մեր թշամիներն են գրում, որ ԱրՊՀ դասախոսներն ու ուսանողները Շարժման ավանգարդն էին։ Եվ այսօր 88-ի գործի շարունակողները դուք եք՚,- դիմելով  դահլիճում նստած ուսանողներին՝ ասաց ռեկտորը։
Մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ համալսարանի գիտակրթական բնագավառում մատուցած ծառայությունների և Արցախյան շարժմանը ակտիվ մասնակցելու համար ԱրՊՀ ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց բուհի դասախոսներ Լենա Գրիգորյանին, Արզիկ Մխիթարյանին և Սոկրատ Խանյանին։ Շնորհակալագրեր ստացան նաև հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի մի քանի ուսանողներ՝ ուսման մեջ ցուցաբերած առաջադիմության համար։  
ՙԱյս գիտաժողովը պատմական նշանակություն ունի,- ողջույնի խոսքում ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Անահիտ Աթայանը։- Ըստ իս՝ սա ոչ միայն կրթագիտական, այլեւ քաղաքական մեծ նշանակություն ունի։ Թերևս մեզ համար չէ ՙԵրբ որոտում են թնդանոթները՝ մուսաները լռում են՚ արտահայտությունը, որովհետև մեր մշակույթը, մեր ոգին, ոգեղեն մեր տեսակը ձևավորվեց խրամատներում, նկուղներում… Մի խոսքով՝ Եռատոնը մեզ համար նաև ոգու տոն է՚։ 
 Զեկուցումով առաջինը հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը։ Թեման Հովիկ Վարդումյանի ՙԲաժանարար գիծ՚ ժողովածուն էր։ Ըստ զեկուցողի՝ գիրքը խոսուն վերնագիր ունի՝ գիծ, որով բաժանվում են մարդու երկու՝ արարող և ավարառու տեսակները։ Վարդումյան հային, գրողին հետաքրքրում են անցյալի այն դրվագները, որոնց շնորհիվ կենդանի է դիմադրության մեր ազգային ոգին։ Մ. Խաչատրյանն անդրադարձավ Վարդումյանի ՙԿանթեղ՚ վեպին, ՙԳնացք՚ դրամատիկական պատկերին, ՙՀատուկ առաջադրանք՚ վիպակին, որոնք մեր օրերի մատյանն են՝ 1915-ից մինչև Արցախյան հերոսամարտ։ Նրա խոսքերով, այդ ընթացքում շատ բան է փոխվել, բայց հավերժական է չարի ու բարու, լավի ու վատի, արարողի և ավարառուի կռիվը։ Արցախյան ազատամարտը բացառիկ է մեր ազգային գոյամարտի պատմության մեջ՝ որպես մարդու արարող տեսակի հաղթանակի եզակի էջ։ Վարդումյանն այդ հաղթանակը կերտողներից է ու հարգանքի, երախտիքի, հիշատակի տուրք է մատուցում մարտական ընկերներին։ ՙԲաժանարար գիծ՚ ժողովածուի հեղինակն ու հերոսները՝ հայ ազատամարտիկները, այդ սահմանի մշտարթուն պահակներն են, ասաց Մ. Խաչատրյանը։ 
Գորիսի պետական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ Թերմինա Մարությանի  թեման, որ կրում էր ՙԶինվոր ենք եղել բոլորս՚, նվիրված էր Սյունիքի արձակագիր, բանաստեղծ Արկադի Ծատուրյանի ռազմաճակատային արձակին։ Արցախյան ազատագրական պայքարի թեման Ա.Ծատուրյանի տարերքն է և լայնորեն տողանցում է նրա ստեղծագործությունը։ Տարածական ընդգրկումը Գորիս քաղաքն է ու շրջակա գյուղերը՝ Խնձորեսկը, Տեղը, Կոռնիձորը, Խանածախը, Հարթաշենը, Խոզնավարը, Վաղատուրը, Քարահունջը և այլն։ Հեղինակը կենդանագրում է ղարաբաղյան շարժման տարիներին պատերազմական իրադրության մեջ գտնվող բնակավայրերի կյանքը. սահմանամերձ ժողովուրդը ծանր պայքար է մղում ազերիների դեմ՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն Արցախի ազատության։ ՙԱյստեղ բոլորը՝ կին, երեխա, տղամարդ, մեծ ու փոքր՝ պատերազմի մասնակիցներ են, քանզի ռազմաճակատն անցել է մեր փողոցով, մեր բակով՚,- պարզաբանում է գրողը։
Գիտաժողովի երկրորդ մասում զեկուցումներով հանդես եկան արձակագիր, ԼՂՀ ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, ԱրՊՀ դասախոսներ Սոկրատ Խանյանը, Լենա Գրիգորյանը, Անահիտ Աթայանը,  Զինաիդա Բալայանը, Սիրուն Բաղդասարյանը և այլոք։  
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ