ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐՆԱՆ ՏՈՆԵՐԻՆ
Գարնանային տոներին էր նվիրված ապրիլի 17-ին Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցած համերգը, որը նախաձեռնել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժինը։
Նախ նշենք, որ հավաքվել էր լիքը դահլիճ։ Համերգային ծրագիրը բաղկացած էր 2 մասից։ Առաջին մասում բեմահարթակում էին քաղաքի լավագույն վոկալիստները, այդ թվում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասատուները։ Կատարվեցին արիաներ, ռոմանսներ, զուգերգեր հայ և համաշխարհային երգահանների ստեղծագործություններից (Սպենդիարյան, Մոցարտ, Պուչինի և այլն)։
Համերգի երկրորդ մասում հանդես եկավ քաղաքապետարանի փողային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է երաժիշտ Ալբերտ Սաֆարյանը։ Խումբը ձևավորվել է 2 տարի առաջ և արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել։ Ա. Սաֆարյանը նշեց, որ քաղաքի կենտրոնում նվագախումբն անցյալ տարի հանդես է եկել 30 անգամ։ Այս տարի ընդամենը մեկ անգամ են հանդես եկել։
Հանդիսատեսն այս անգամ ևս ջերմությամբ ընդունեց նվագախմբի յուրաքանչյուր կատարում։ Ցանկում ընդգրկված էին փողային հանրահայտ երաժշտություն, Եվգենի Դոգայի, Շտրաուսի, Ռոզասի, Կյուսի հանրահայտ վալսերը, տանգոները, հայկական և լատինաամերիկյան ստեղծագործություններ։ Մասնակիցները հատկապես ծափողջույններով ընդունեցին Առնո Բաբաջանյանի երգերից մեկի կատարումը։ Համերգի անակնկալն էր 6 տարեկան Արսեն Սաֆարյանի կատարումը շեփորի վրա։ Զարմանալի էր այդ տարիքում նման կատարողական մակարդակը դժվարագույն տիրապետման գործիքի վրա։ Դահլիճը հոտնկայս և օվացիաներով ընդունեց փոքրիկ երաժիշտի կատարումը (ամերիկյան ժողովրդական հոգևոր երգ ՙԵրբ սրբերը քայլում են՚)։ Արսենը սովորում է թիվ 1 դպրոցում, նախադպրոցական խմբում, տիրապետում է նոտաներին և արդեն անում է իր կենսագրության առաջին քայլերը։
Համերգային ծրագիրը եզրափակվեց Թեյմուրազյանի ՙՄանուշակ՚ հայտնի քայլերգով՝ գրված գրեթե մեկ դար առաջ։
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ