ՇԱՆԹ ՈՒ ԿՐԱԿ ՂԱՐԱԲԱՂՑԻՆ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Հրաչյա Բեգլարյանը ծնվել է 1934-ի մայիսի 1-ին, Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթությունը ստացել է հեռակա, ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան մարզային գրադարանից, ապա աշխատել ժողստեղծագործության մարզային տանը, Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում։ Շուրջ քառորդ դար լրագրողական աշխատանք է կատարել ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի խմբագրությունում։ Մասնագիտությամբ և աշխատանքի բերումով եղել է Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում, ծանոթացել պատմաճարտարապետական հուշարձաններին։ Զբաղվել է նաև բանահավաքությամբ։ Կյանքի վերջին երկու տասնամյակում աշխատել է ԼՂՀ գրողների միությունում` որպես գրական ֆոնդի տնօրեն, ապա ՙԱրցախ՚ հրատարակչության տնօրեն, ՙՊըլը Պուղի՚ երգիծական հանդեսի գլխավոր խմբագիր։ 20-ից ավելի գրքի հեղինակ է։ Նրա գրական վաստակը, հասարակական-քաղաքական գործունեությունը բարձր է գնահատվել. ՙՈսկե գրիչ՚ մրցանակ, ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշամեդալ, ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալ, ՙՄովսես Խորենացի՚ մեդալ, ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակներ։ Արցախյան շարժման նվիրյալ էր, սաֆոնովյան շրջանում ենթարկվել է տնային կալանքի և տուգանքի։ Գրիչը բեղուն էր, կարող էր դեռ շատ գործեր ստեղծել, բայց արդեն 10 տարի է գրչի մշակը, լավ արցախցին հավերժի ճամփորդ է։
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը նրան բնութագրել է այսպես. ՙԻնչ-որ տարերային սկիզբ ունի Բեգլարյանի պոետական նկարագիրը. ենթագիտակցականն այնքան ինքնաբավ է, որ կարծես օտարվում է բանաստեղծությունը, քանզի կա բացարձակ մի եզերք, որ ավելի իմաստավոր է, քան բանաստեղծությունը։ Այդ եզերքն Արցախավանն է` որպես գաղափար, որպես գեղագիտական իդեալ և որպես տիեզերական արարչություն՚։
Լրացավ գրողի 85-ամյակը։ Արցախի գրողների միությունից հարազատների հետ այցելեցին գերեզմանատուն, հիշատակի տուրք մատուցեցին։ Գրողի մասին խոսք ասացին ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, ամերիկահայ գրող, մանկավարժ Հովսեփ Նալբանդյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը, բանաստեղծուհի Զինաիդա Բալայանը, գրողի այրին՝ Վարյա Բեգլարյանը։ Փոքրիկ Արամն արտասանեց պապիկի բանաստեղծություններից։ Հենց այս օրերին լույս էր տեսել Հր. Բեգլարյանի ՙԱրցախ¬Նամե՚ (Հուշապատում) գիրքը, որն ավագ որդին` Գագիկ Բեգլարյանը մակագրեց հավաքվածներին։
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ.¬Ինձ համար և՜ դժվար, և՜ հեշտ է խոսել հորս՝ բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի մասին։ Հեշտ է, քանի որ ես նրան խորապես ճանաչում եմ, քանի որ ես նրան, այսպես ասած, երկար տարիներ ՙուղեկցել եմ՚ նրա անցած բանաստեղծական ճանապարհին, նրա հասարակական¬քաղաքական գործունեությանը։ Ինձ բախտ է վիճակվել անդամակցել նույն հասարակական կազմակերպությանը` Արցախի գրողների միությանը, նրա հետ միասին մասնակցել գրական¬մշակութային միջոցառումներին, կիսվել ենք ոչ միայն նրա գրած բանաստեղծությունների, այլև շատուշատ գրական հարցերի շուրջ։ Պատահական չէր նաև այն, որ նրա կենդանության ժամանակ և մահից հետո կազմել եմ նրա ժողովածուները, ի մի եմ բերել արխիվը։ Իմիջիայլոց, 10-հատորյակով նրա գրական ժառանգության լույսընծայումը եղել է իմ գաղափարը։
Ինձ համար դժվար է նաև խոսել մի մտավորականի, անհատի մասին, ով ոչ միայն իմ հայրը` կենսաբանական ծնողն է եղել, այլև իմ և մեր ընտանիքում մեծացած քույրեղբայրներիս դաստիարակը:
Իմ առաջին դիտարկումը գուցե լինի այն, որ Հրաչյա Բեգլարյանը միշտ նույն մարդն է եղել, որտեղ էլ ուզում է լինի, տանը՝ ընտանիքում, աշխատանքի մեջ, մարդկանց հետ շփումներում. միշտ անկեղծ, բարությամբ ու սիրով լի, բայց նաև հախուռն խառնվածքով, իր հայտնի բանաստեղծության բառերով՝ ՙշանթուկրակ՚։ Տանը լիներ թե դրսում, կարող էր զայրանալ մեզ՝ երեխաներիս (նաև երբ մեծ էինք) վրա, րոպեներ անց՝ սիրաշահել, ոնց որ խաղաղ երկինքը փոթորկից հետո։ Ինքը մինչև վերջ մնաց նույնը՝ բարի, խաղաղասեր, սրտացավ, զգայուն, հախուռն ու փոթորկոտ։
Հայրս հետաքրքիր մարդ էր թե՜ ընտանիքում, և թե՜ դրսում (իհարկե, նաև ուրիշների վկայությամբ): Մանկությունից ես անմոռաց հուշեր ունեմ. սիրում էր երեխաներիս համար հեքիաթներ պատմել, երբեմն էլ փոքրիկ բեմադրություններ սարքել։ Դրանցից թեկուզ մեկը. տանը խաղում էինք ՙՉարի վերջը՚։ Ինքը դերաբաշխում կատարեց, մայրս մայր¬կկուն էր, ինքը՝ Աղվեսը, երեխաներս` կկուները։ Զավեշտական, բայց մեզ՝ երեխաներիս համար թե ինչ հրճվանք էր, անհնար է նկարագրել. մայրս ՙկկուների հետ՚ բարձրացել էր պահարանի վրա, որտեղից ՙաղվեսի՚ պահանջով մեկ¬մեկ ցած էր գցում մեզ...
Հայրս սիրում էր ուրախանալ, քեֆեր կազմակերպել և՜ ընտանիքում, և՜ ընկերական շրջապատում։ Բանջարանոց-այգի ունեինք քաղաքամերձ տարածքում, որտեղ նա սիրում էր հյուրեր ընդունել, քեֆեր կազմակերպել։ Օղակաձև հրապարակում հանրահավաքներ էին ընթանում, Երևանից եկած ռադիոլրագրողը հորս գրչակից ընկերների հետ այգում էր, հարցազրույցներ էր վերցնում, իսկ մի քանի օր անց լսում ենք հաղորդումը, որը հետո հումորի, կատակների առիթ դարձավ. լրագրողը ռեպորտաժը սկսել էր այսպես. ՙԻսկ այժմ մենք գտնվում ենք Լեռնային Ղարաբաղի գրողների միության ամառանոցում՚...
Երբ Հրաչյա Բեգլարյանը (1981 թվականն էր) գյուղում տուն կառուցեց, և՜ նրա, և՜ մեզ համար կյանքը մի նոր իմաստ ստացավ. հայրական տունը գրեթե ավերված խրճիթ էր, պապական տան քարերով առաջին հարկը սարքեց, հայրական տնից 50 մետր հեռավորության վրա, այն վայրում, այն թթայգում, ուր անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այդ տանը հյուրընկալվում էինք ընտանիքով, թոռներով, ընկերներով, համագյուղացիներով։ Սիրում էր երեխաներին անակնկալներ մատուցել... Տունը կառուցելուց հետո մշտապես այցելում էր, և նրա բանաստեղծությունների մեջ մի նոր շունչ մտավ։
Հիշում եմ, երբ դեռ տունը չկար, հայրս ինձ հետ քանի անգամ է պատահել, ամռանը գիշերել ենք թթենիների տակ, աղբյուրի մոտ...Բնության սիրահար էր, մենք էլ նույն ոգով ենք դաստիարակվել։
Հրաչյա Բեգլարյանի պաշտամունքը եղել է Արցախը, հայոց հողը։ Նա ինչ տեսել է` հող, ջուր, մարդ, բնություն, այդ ամենը բանաստեղծություն է դարձրել, նա կարծես թե ոչ թե հորինել, այլ տեսածն է նկարագրել: Պատահական չէր, որ Բագրատ Ուլուբաբյանը, ում հետ մտերմություն էր արել, նրա մասին գրել է` ՙազնիվ, արդար, արցախային, հողեղեն էություն...՚։ Հայրս եղել է երկրամասի գրեթե բոլոր սրբավայրերում, հնավայրերում, եկեղեցիներում, Ստեփանակերտի երկրագիտական թանգարանում աշխատելու տարիներին հիմնարկը հարստացրել է նոր ցուցանմուշներով։ Նա մամուլում հանդես էր գալիս հայրենագիտական հոդվածներով, որոնք արժանանում էին պատմությամբ, հնագիտությամբ զբաղվողների ուշադրությանը։
Արցախյան շարժումը Հրաչյա Բեգլարյանի համար սկսվել էր ավելի վաղ։ 1997-ին Բագրատ Ուլուբաբյանի` նրան գրած նամակում այսպիսի տողեր կան. ՙԵրբեք չմոռանաս, որ մենք 40 տարի առաջ ենք սկսել մեր հայկական հայրենասիրական աշխատանքը՚։ Նա միշտ եղել է հանրահավաքների, ցույցերի առաջին շարքում: Արտակարգ դրության շրջանի պարետ Սաֆոնովը տարբեր ժամանակներում չորս հրաման է տվել` տնային կալանք, տուգանք, բանտարկություն։ Նրա միջնորդությամբ, ջանքերով հայրենի գյուղում կառուցվեց դպրոցի երկհարկանի շենքը։ Դպրոցն այսօր կրում է Հրաչյա Բեգլարյանի անունը։ Գյուղում խմելու ջրի խնդիր կար, հարցը բարձրացրեց և այն լուծվեց։
Ասելիք շատ կա, գուցե մի օր ամբողջացնեմ հուշերս։
;