ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՌԱՏՈՆԻՆ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Արցախի նկարիչների միությունը, ավանդույթի համաձայն, Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 7-ին կազմակերպեց ցուցահանդես` նվիրված Եռատոնին: Ներկայացված էին միության անդամների` նկարիչներ Հովիկ Գասպարյանի, Լավրենտ Ղալայանի, Ալեքսանդր Աթայանի, Զորիկ Գալստյանի, Լիանա Քոչարյանի, Սամվել Թավադյանի, Արտակ Պողոսյանի, Գայանե Շուշեցու, Մերի Մուսայելյանի, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, քանդակագործներ Դավիթ Սարգսյանի, Արամ Ծատրյանի, Ալբերտ Սարգսյանի, ընդհանուր առմամբ` 44 աշխատանք: Միջոցառմանը ներկա էին մայրաքաղաքի արվեստասեր հասարակության ներկայացուցիչները:
Զանազան ու ինքնատիպ էին կտավները, քանդակները: Աչքի էին ընկնում Հ. Գասպարյանի բնապատկերները, որոնք միաժամանակ տարաբնույթ լիցքեր էին հաղորդում դիտողին` հայրենի բնաշխարհի կենսունակությունը, մարդու ուրախությունը նման հարուստ ու շքեղ բնության մեջ հայտվելուց, շփումից, թախիծ, հարազատ բնաշխարհի մեջ կորած հին շինությունները` փլված տները, կամուրջները… Թատերական աշխարհը ներկայացնող շարքին բնորոշ է կտավների ընկալման երկվությունը. այստեղ կան նաև կյանքի իմաստը որոնելու մտորումներ, ուրախություն` շոշափելի հաջողություններից, տխրություն` մտահոգող ինչ-որ մտքերից…
Աչքի են ընկնում Սամվել Թավադյանի` արևոտ ու զարմանալիորեն տրամադրող կտավները, որտեղ մարդն ու բնությունը ներդաշնակորեն միախառնված, միաձուլված են: Զանազան տրամադրություններ ու զգացմունքներ են առաջացնում Գայանե Շուշեցու նատյուրմորտները, Մերի Մուսայելյանի, Արմինե Ավագիմյանի աբստրակտ կոմպոզիցիաները, Լիանա Քոչարյանի արցախյան մոտիվները և ցուցահանդեսին ներկայացված այլ հետաքրքիր գործերը:
Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը բոլորին շնորհավորեց մայիսյան հաղթանակների կապակցությամբ` ընգծելով դրանց կարևորությունը հայ ժողովրդի պատմության մեջ: ՙԴարեր շարունակ մենք միայն կորցրել ենք: Այս հաղթանակները մեր առաջին նվաճումներն են, և սա մեր ամենամեծ տոնն է, որ մենք նշում ենք,- անթաքույց հպարտությամբ ասաց միության ղեկավարը:- Ցանկացած կոլեկտիվ յուրովի է նշում այս տոնը. դերասանները` նոր բեմադրություններով, երաժշտարվեստի, պարարվեստի ներկայացուցիչները` իրենց երգով, նվագով, պարով, նկարիչներն էլ` իրենց նկարներով, նման ցուցահանդեսներով: Առիթից օգտվելով` ուզում եմ բոլորին շնորհավորել Եռատոնի կապակցությամբ: Ես ինձ համարում եմ այն երջանիկ մարդկանցից, ում բախտ է շնորհվել վերադառնալ իր հարազատ քաղաք և ապրել ու շենացնել այն:
Նկարիչ Լավրենտ Ղալայանն իր ելույթում ևս շնորհավորեց ներկաներին, ողջ հայ ժողովրդին` Եռատոնի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ ցավ է ապրում, որ երիտասարդ նկարիչները քիչ գործերով են հանդես գալիս նման ցուցահանդեսներին:
Միության նախագահ Հ. Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե, արդյո՞ք, երիտասարդները պասիվ են և ինչու՞ նման իրողություն է ստեղծվել: Համաձայնվելով գործընկերոջ հետ, որ երիտասարդներն, ընդհանրապես, քիչ են ասպարեզում և եղածներն էլ քիչ նոր գործերով են հանդես գալիս, Հ. Գասպարյանը խոստովանեց, որ նման իրավիճակ ստեղծվելու գործոնները շատ են: ՙԿերպարվեստը հասարակության մեջ քիչ պահանջված ոլորտ է, ինչը նույնպես չի խթանում կերպարվեստի զարգացմանը: Այս իրողությունից դրդված, ասպարեզում ի հայտ եկած տաղանդավոր երիտասարդներից քչերն են հավատարիմ մնում արվեստին: Իսկ այդ եզակիներն էլ մեծ դժվարությամբ են կարողանում հոգալ ընտանիքի, տան հոգսերը: Եթե պետությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի արվեստին, ընդհանրապես, մշակույթին, նման մոտեցումից նաև հասարակության մեջ կմեծանա պահանջվածությունը արվեստի, մշակույթի հանդեպ: Միայն այս դեպքում արվեստը մեծ թափով կսկսի զարգանալ և մեծ նվաճումների հասնել, համոզված է նա: Տաղանդներ շատ են ծնվում մեզանում, վկայում է նկարիչը:
Տեղեկացնենք`ցուցահանդեսը կտևի մոտ 10 օր:
;