ՙԱՐԾԻՎՆԵՐԸ՝՚ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Թամար ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզի ՙԱրծիվներ՚ խմբի ուժերով անցկացված միջոցառումը նվիրված էր Մայիսյան եռատոնին: Ուրախ քայլերգով ներս մտան խմբի փոքրիկ սաները` մեր ապագա պաշտպանները: Ողջույնի խոսքով հանդես եկավ ուսուցչուհի Բելա Պետրոսյանը: Նա բոլորին շնորհավորեց տոների կապակցությամբ` մաղթելով արցախյան երկարակեցություն, խաղաղ ու ապահով ապագա:Ընկեր Բելայի (ինչպես երեխաներն են նրան կոչում) հորդորով ներս բերվեց պետական դրոշը, որից հետո երեխաները մեծ խանդավառությամբ երգեցին օրհներգը: Աղջնակներից մեկը ներկայացրեց դրոշի խորհրդանիշ գույները. կարմիրը` ազատություն, կապույտը` խաղաղություն, նարնջագույնը` աշխատանք, իսկ այդ երեքը միասին` հզոր պետություն, հզոր բանակ: Մարգարիտան և Գոռը սրտի թրթիռով թռցրին ճերմակ աղավնիները:
Փոքրիկ Դավիթը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր նահատակների հիշատակը. ՙՆրանց կյանքի գնով մենք այսօր ողջ ենք մնացել ու ապրում ենք խաղաղ երկնքի տակ՚,-ասաց նա:
Բավականին երիտասարդ ու ջանասեր ուսուցչուհին ջանք չէր խնայել անչափ հետաքրքիր և հուզիչ բեմականացում կազմակերպելու համար: Կրտսեր եղբայրը մարտի է ճանապարհում ավագ եղբորը. ՙԳնա, ախպերս, չես վախենում, չէ՞, ես էլ չեմ վախենում: Դու հանգիստ գնա, ախպերս, ես քեզ կփոխարինեմ: Դու հայրենիքի սահմանը պահիր, իսկ ես` մայրիկին՚: Բոլորը մի պահ փշաքաղվեցին փոքրիկ Մարկի խոսքերից, հուզվեց նաև մանկապարտեզի տնօրենը: Չէ՞ որ այդքան փոքր են, բայց արդեն գաղափար ունեն ՙպատերազմ՚ ասվածի մասին: Նրանք արդեն գիտեն իրենց առաքելությունը, մանավանդ աղջիկները, ովքեր բուժքույրի սրբազան գործն էին կատարում` առաջին օգնությունը ցուցաբերելով վիրավոր զինվորներին: Անշուշտ, ուսուցչուհու կազմակերպած այդ հրաշալի բեմականացումը միշտ վառ կմնա նրանց մանկական հուշերում:
Բեմականացումից հետո ականատես եղանք խմբի աղջիկների հեզաճկուն պարին:
Հանդեսի վերջում շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մանկապարտեզի տնօրենը` տիկին Նինա Լազարյանը: Բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեց նաև փոխտնօրեն Ռենա Բարխուդարյանը: