ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
ք. Ասկերան
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ շրջկենտրոնի մարզադաշտում տեղի ունեցավ հանդիպում շրջանի հանրակրթական դպրոցների 158 շրջանավարտների հետ։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջանը սպասարկող հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, ուսուցիչներ, բարերարներ:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Շամիրյանը.
Նա նշեց, որ միջոցառումը, որը տեղի է ունենում շրջվարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ, իր բնույթով և բովանդակությամբ տարբերվում է նախորդ հանդիպումներից։ Շրջանի բոլոր դպրոցների շրջանավարտների և գործընկերների անունից նա շնորհակալություն հայտնեց նման հաճելի և օգտակար հանդիպում կազմակերպելու համար։
Իսկ միջոցառումն սկսվեց բարերարների կողմից անակնկալների մատուցմամբ։
Միջոցառման վերաբերյալ գրառումներ կատարելու համար շրջանավարտները Վարուժան Գրիգորյանի կողմից ստացան գրենական պիտույքներ, իսկ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի կողմից՝ խորհրդանշական նվերներ։
Կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանն անթաքույց հպարտությամբ խոսեց 2018-2019 ուստարվա բազում ձեռքբերումների մասին, միաժամանակ շեշտելով, որ այս միջոցառումը երկար կհիշվի։
-Առաջին անգամն է, որ այսպիսի կազմով հավաքվում ենք, որպեսզի ի մի բերենք մեր արածն ու թողածը։ Դպրոցական առարկայական օլիմպիադաները կարևոր դեր ունեն տաղանդաշատ երեխաների բացահայտման գործում։ Ուրախ եմ տեղեկացնելու, որ մեր հանրակրթական դպրոցների աշակերտները պատվով են ներկայացել շրջանային առարկայական օլիմպիադայում և գրանցել բազում հաջողություններ։
Առարկայական օլիմպիադային առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած Ասկերանի, Նորագյուղի, Պատարայի, Ակնաղբյուրի և Ներքին Սզնեքի միջնակարգ դպրոցներն ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի կողմից գրքեր ստացան։
Միջոցառմանը շուք էին հաղորդում Ասկերանի ՄՊՍԿ-ի սաների հիանալի պարերը և Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների երգերը։
Ելույթներ ունեցան Ներքին Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան և Խաչենի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցների շրջանավարտներ Կարեն Մարտիրոսյանը, Լիլիթ Բեգլարյանը և Յուրի Մարգարյանը։
Նրանք նշեցին, որ օրվա խորհուրդն ընդունում և գնահատում են ամբողջ սրտով։ Բարերարների և այս գեղեցիկ միջոցառումը նախաձեռնողների հանդեպ երախտագիտությամբ լցված շրջանավարտները ոգևորված էին անսպասելի ուշադրության համար։ Նրանք երդվեցին հուսախաբ չանել ոչ ոքի և դառնալ երկրի համար պիտանի մարդիկ։
Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց լավ մարդ լինել կյանքի իրենց նոր շրջափուլում, քանզի բոլոր շրջափուլերում միշտ էլ մարդ լինելու մեծ պահանջ կա։
19 շրջանավարտ հայոց լեզու և գրականություն, ֆիզիկա և կենսաբանություն, աշխարհագրություն և պատմություն, ռուսաց լեզու և օտար լեզու, ՆԶՊ առարկաներից շրջանային առարկայական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար բարերարներ Վասիլի Բարսեղյանի, Գեղամ Բեգլարյանի, Դավիթ Դադայանի, Հայկ Ղազարյանի և Արթուր Հարությունյանի կողմից պարգևատրվեցին դրամական պարգևներով և շրջվարչակազմի պատվոգրերով։
Շրջանավարտներին շնորհավորանքի խոսքեր հղեցին Արթուր Հարությունյանը և Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Մելանյա Սարգսյանը:
Բոլոր շրջանավարտներն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի կողմից ստացան Արցախը խորհրդանշող ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշանվերներ։
Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշեց.
- Մինչ այս միջոցառումն սկսելը, մտովի փորձում էի պատկերացնել այլ ազգերի սերունդների համերաշխության, սերնդափոխության, պետականաշինության, ազգային ավանդույթների պահպանման, ազգային գաղափարների և պետությունների զարգացման ծրագրերի մասին զուգահեռներ անցկացնել: Սակայն, մասնակցելով այս հիանալի հանդիպմանը, համոզվեցի, որ ինձ մտահոգող հարցերի պատասխաններն արդեն կան, և հայրենիքի, պետության ապագան հուսալի ձեռքերում է և փոխարինող սերունդն՝ ասել է թե` դուք, ավելի զարգացած, հայրենասեր, սկզբունքային, նպատակասլաց, հետևողական, համերաշխ ու գրագետ եք: Դրա վկայությունն է այն, որ այս տարի կրթական, մշակութային և սպորտային օլիմպիադիաներում, փառատոներում և մրցություններում ձեր գրագիտության ու նպատակասլացության շնորհիվ շրջանն ունեցել է բավականին լուրջ ձեռքբերումներ նաև այս ոլորտում: Սերունդների համերաշխության մասին է ապացուցում Ձեր համագործակցությունը և շփումները տարաբնույթ հայացքների տեր մարդկանց հետ և քիչ առաջ տարբեր տարիքի բարերարների ցուցաբերած վերաբերմունքը՝ նյութական ու բարոյական աջակցությունը: Հայրենասիրության և սերնդափոխության վառ ապացույցը մեզ պարտադրված Ապրիլյան և, ընդհանրապես, Արցախյան պատերազմում երիտասարդ սերնդին բաժին հասած սահմանների և Հայրենիքի պաշտպանության համար նրանց ցուցաբերած հերոսությունն է:
Փառք ու պատիվ բոլոր նահատակներին։
Մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը։
Մանրամասնորեն չանդրադառնալով ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին՝ նշեմ, որ կրթությունն Արցախի Հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություններից է, և կարևոր նշանակություն ունի երկրի զարգացման, ազգային ավանդույթների պահպանման ու ազգային գաղափարախոսության մշակման գործում: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր, տիրապետելով անհրաժեշտ գիտելիքների, հաղթահարել են որոշակի հոգեբանական արգելքներ և մասնակցել դպրոցական, շրջանային, հանրապետական և ավելի բարձր մակարդակներում անցկացվող օլիմպիադիաներին, փառատոներին ու մրցություներին, ցուցաբերել են կայուն գիտելիքներ, կամք և բարձր են պահել հարազատ դպրոցի, համայնքի, շրջանի և ինչու չէ՝ նաև հանրապետության պատիվը:
Միջոցառման վերջում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Էլինա Ավանեսյանը ներկայացրեց շրջանի հանրակրթական դպրոցների շրջանավարտների ուղերձը։ Շրջանավարտները, գիտակցելով երիտասարդության դերակատարումը մեր Հայրենիքի բարօրության և բարգավաճման ազգանպաստ գործում, կոչ են անում այսուհետ մայիս ամսին պաշտոնապես նշել Շրջանավարտի օրը…