ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ
Քարվաճառում գործող խառը մենամարտերի (MMA) ՙԱղվան Գևորգյան՚ մարզական ակումբի սաներն օրերս մասնակցել են Երևանում անցկացված խառը մենամարտերի հանրապետական մրցույթին։ Մարզական ակումբը գործում է մեկ տարուց ավելի, և մարզիկները բոլոր առաջնություններից վերադառնում են մեդալներով և պատվոգրերով։
Ինչպես մեզ տեղեկացրեց մարզիչ Աղվան Գևորգյանը, մրցույթին մասնակցում էին մարզիկներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, Արցախի տարբեր շրջաններից:
ՙՄեր մարզիկներից Արմեն Շահնազարյանը գրավել է առաջին, Արտուշ Ստեփանյանը՝ երկրորդ և Ռոմա Ֆահրադյանը՝ երրորդ մրցանակային տեղեր։ Հայաստանի առաջնությունում իսկապես դժվար էր առաջին տեղ գրավելը։ Եվ շատ հաճելի է, երբ մեր մարզիկները տարբեր առաջնություններում բարձր են պահում Քարվաճառի անունը՚,-ընդգծեց մարզիչը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին պարապմունքներն անց են կացվում երկու՝ 6-12 և 13-18 տարիքային խմբերով։
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Աղվան Գևորգյանը տեղեկացրեց, որ նպատակ կա առաջիկայում Քարվաճառում կազմակերպել խառը մենամարտերի մեծ առաջնության։ Ինչպես նաև՝ մասնակցել մի քանի մրցումների, այդ թվում՝ Արցախի առաջնությանը, բաց գավաթների առաջնությունների։ Նպատակ կա նաև լավագույն մարզիկներին ուղարկել միջազգային մրցումների։ ՙԲոլոր նախաձեռնություններում մեզ աջակցում է Արցախի խառը մենամարտերի (MMA) ասոցիացիան՝ ի դեմս նախագահ Գագիկ Աղաբալյանի՚,-ամփոփեց մեր զրուցակիցը։