ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ք. Մարտունի
Նորշենի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Արա Հարությունյանը և նրա աշակերտները գրանցել են հերթական ոգևորիչ հաջողությունը։ Այս անգամ նրանք մասնակցել են
ԱՄՆ-ի ՙՀայ ինժեներների և գիտնականների միության՚ (AESA - Armenian Engineers & Scientists of America) ամենամյա 18-րդ գիտական օլիմպիադային։ Օլիմպիադան հայ պատանիններին հնարավորություն է տալիս մրցել միմյանց հետ իրենց գիտական նորարարություններով։
Արա Հարությունյանի, 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Հարությունյանի և 11-րդ դասարանի աշակերտ Գեղամ Ղայամյանի ֆիզիկայի հետազոտական բնագավառում ներկայացրած աշխատանքն օլիմպիադայում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը և արժանացել ՙԴոկտոր Ագբաբյան և ընտանիք՚ և որպես Արցախից առաջին մասնակից՝ հատուկ մրցանակների՝ խրախուսվել դրամական պարգևով, մեդալներով, պատվոգրերով։
Պրպտուն ու եռանդով լեցուն ուսուցչի և պատանի գիտակների հաջողությունը դրամական պարգևով խրախուսել է նաև արմատներով նորշենցի Կոմիտաս Կարապետյանը։
Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ մրցանակակիրներն իրենց հերթին դպրոցի և սպասարկող անձնակազմի համար կատարեցին բարեգործություն. ՙԱշակերտների հետ որոշեցինք դրամական պարգևի մի մասը նվիրաբերել դպրոցի տեխաշխատողներին, մի մասն էլ նախատեսեցինք դպրոցի զանգն ավտոմատացնելու համար՚,- տեղեկացրեց Ա.Հարությունյանը։
Հուսանք, որ պատանի գիտակներն ապագայում նույնպես իրենց գյուտերով կկարողանան զարմացնել աշխարհին։