ՅՈԹԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մայիսի 11-13-ը ՀՀ Արամ Մանուկյանի անվան մարզառազմական ռազմագիտացված դպրոցում անցկացվեց դպրոցականների Նախնական ռազմական պատրաստություն (ՆԶՊ) առարկայի հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցեց Երևան քաղաքի, մարզերի ու Արցախի Հանրապետության 12 թիմ` յոթական անդամներով:
Արցախի թիմում ընդգրկված էր 5 տղա և 2 աղջիկ` զինղեկներ Արսեն Հարությունյանի (Ստեփ. հ. 9 դպրոց) և Նվեր Լազարյանի(12-րդ դպրոց) ղեկավարությամբ:
Մայոր Ա. Հարությունյանի տեղեկատվությամբ` օլիմպիադայի բացմանը ողջույնի խոսք է ասել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` բարեմաղթելով, որ հաղթեն ուժեղագույնները:
Թիմերը մրցել են շարային պատրաստություն, ԱԿ զենքի ոչ լրիվ քանդում և հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանից, ձգումներ պտտաձողի վրա (տղաներ), ձեռքերի ծալում և ուղղում (աղջիկներ), նռնակի նետում, վազք մարզաձևերում և թեստային աշխատանքի հանձնում:
Թիմային հաշվարկով առաջին տեղը յոթերորդ անգամ զբաղեցրեց Արցախի հավաքականը (թիմի անդամներ Նունե Գրիգորյան-ք. Ստեփանակերտ, 9-րդ հ/դ, Տիգրան Հայրիյան-11-րդ ա/դ, Արման Բադասյան-ֆիզմաթ, Արմեն Սարգսյան-Ասկերանի շրջ., գ. Իվանյան, Ալիկ Քոչարյան-Շահումյանի շրջ, գ. Չարեքտար, Սերգեյ Նավասարդյան-Հադրութի շրջ, գ. Քյուրաթաղ, Մերի Գաբրիելյան-Ասկերանի մ/դ): ՆԶՊ օլիմպիադա Հայաստանում անցկացվում է 8-րդ տարին, որին Արցախը յոթ տարի է, ինչ մասնակցում է և միշտ վերադառնում հաղթողի գավաթով:
;