ՄՆԱ~Ս ԲԱՐՈՎ, ԴՊՐՈՑ, ՈՂՋՈ~ՒՅՆ, ՆՈՐ ԿՅԱՆՔ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարդու կյանքում կարևոր իրադարձություններ շատ են լինում, որոնց մեջ իր հուզականությամբ առանձնանում է դպրոցական վերջին զանգը: Եվ դա միայն հրաժեշտի զանգ չէ, այլև հասունության ավետում: Հեշտ չէ, իրոք, առանց ներքին հուզմունքի հրաժեշտ տալ հարազատ դպրոցին. ինչպե~ս բաժանվել մանկության քաղցր օրերից, պատանեկան թանկ ու անմոռանալի հուշերից: Դրանք, միևնույն է, ուղեկցելու են ամբողջ կյանքում` ինչ-որ տեղ նաև հուսալի ուղեկից դառնալով երազանքների իրականացման ճանապարհին:
Վերջին զանգը հարցականներով լի նոր էջ է բացում շրջանավարտի համար` ո՞ւր կտանեն կյանքի ճանապարհները: Համոզված ենք, ամեն շրջանավարտ արդեն ունի իր ծրագրերը. մեկը պատրաստվում է արհեստագործ դառնալ` հմտանալով իր նախընտրած գործի նրբությունների մեջ: Մյուսը մտադիր է դպրոցական դասասենյակը փոխարինել ուսանողական լսարանով… Եվ նրանք բոլորն էլ անպայման իրենց մասնագիտական ունակությունները կծառայեցնեն հայրենիքին, որովհետև այդպես են դաստիարակել նրանց սիրելի ուսուցիչները, այդ անտրոհելի գենն են փոխանցել ծնողները, որոնց անթաքույց բերկրանքը ևս բացատրելի է:
Վերջին զանգի առիթով ուրախության ու թախիծի իրարխառն զգացումներ են ապրում նաև մեր մանկավարժները: Հասունության շեմին ոտք դնող հերթական սերնդին կրթելու և դաստիարակելու դժվարին գործընթացը, որ տարիներ է տևել, կենսական մեծ էներգիա է խլել նրանցից, որի ստույգ չափը հազիվ թե հնարավոր է հաշվել: Բայց մի բանում վստահ ենք` դրանք եղել են անմնացորդ նվիրումի տարիներ, որոնք արդյունավետ շարունակություն կունենան նորանոր սերունդներ կրթելու գործում: Եվ դա նրանց պատվաբեր առաքելությունն է, որի համար արժե երախտագիտության խոսքեր ասել ուսուցիչներին: Իսկ այդ խոսքերն այսօր ասվում են թե՜ շրջանավարտների և թե՜ ծնողների շուրթերով:
Դպրոցական վերջին զանգի առթիվ ուղերձ է հղել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նրանում մասնավորապես ասվում է. ՙՁեր առջև բաց են կյանքի նոր հորիզոններն ու անսահման հնարավորությունները: Ձերն է նաև ապագան կերտելու պատասխանատվությունը: Կյանքի ճանապարհն անցեք վստահ քայլերով: Հավատարիմ մնացեք այն արժեքներին, որոնք ամուր ու անսասան կպահեն հայոց պետականության հիմքերը: Սուրբ արյամբ ու արդար քրտինքով ստեղծված մեր երկրի արժանի զավակը եղեք: Ձեր գիտելիքներով, տաղանդով ու արժանիքներով ճանաչելի դարձրեք Արցախի Հանրապետությունը: Շնորհակալություն մեր ուսուցիչներին` նվիրումի և Արցախի ևս մեկ հայրենասեր սերունդ թողարկելու համար՚:
Վերջին զանգի կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորելու համար, ավանդույթի համաձայն, դպրոցներ այցելեցին պետական այրեր, պատգամավորներ, Պաշտպանության բանակի սպաներ…
Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցի հրաժեշտի արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ հետ, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:
Դպրոցն այս տարի թողարկեց 143 շրջանավարտ: Տոնական միջոցառման հանդիսավոր բացումը զուգորդվեց հայրենասիրական ներկայացման գեղեցիկ մուտքով. 8-րդ դասարանի տղաներն իրենց ավագ ընկերներին ողջունեցին զինվորական ցուցադրությամբ, իսկ աղջիկները` ոգեշունչ պարով:
Հիմնական դպրոցին հրաժեշտ տվող աշակերտներին շնորհավորեց նախարար Ն. Աղաբալյանը: ՙՁեզ համար սկսվում է կյանքի նոր փուլ` ավելի հասուն և ուղղորդված: Ձեզանից շատերն իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Առաջիկա երեք տարիները լինելու են նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման և մասնագիտական կողմորոշման տարիներ՚,- ասաց նա:
Դպրոցի տնօրեն Ժաննա Բալայանն իններորդցիներին մաղթեց հաջողություններ առաջիկա պետական, իսկ չորրորդցիներին` գիտելիքների ստուգման քննություններում: Բարի երթ մաղթելով դպրոցին հրաժեշտ տվող իր սաներին` տնօրենը նրանց կոչ արեց լինել նսխաձեռնող ու համարձակ, իրենց գիտելիքներով շենացնեն մեր երկիրը: Նա ՀՀ ԿԳՆ և ԱՀ ԿԳՍՆ պատվոգրեր ու հավաստագրեր հանձնեց առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունքներ արձանագրած աշակերտներին:
Շրջանավարտ Վլադիմիր Գալստյանը ներկաներին ողջունեց ուրախ երգով, իսկ Անահիտ Ղահրամանյանը ընկերների կողմից երախտագիտություն հայտնեց դպրոցի տնօրինությանը, մանկավարժական կոլեկտիվին` ստեղծագործական ողջ ներուժը, հոգու ջերմությունն իրենց ուսուցմանն ու դաստիարակությանը անմնացորդ նվիրելու համար:
Դիտարժան էր շրջանավարտ աղջիկների զանգվածային պարաշարը, խաղաղության աղավնիների թևածումը, գույնզգույն փուչիկների պարը երկնքում, ՙԲարի երթ՚- ի դրոշով փոքրիկ ինքնաթիռի պտույտները դպրոցների վրայով:
Միանալով ուրախության ու հրճվանքի համընդհանուր ալիքին` մենք էլ բարին մաղթենք կյանքի տարբեր հանգրվաններ մտնող շրջանավարտներին: Թո՜ղ հաջողությունները միշտ ուղեկից լինեն նրանց: