ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Մայիսի 25-ին Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում հնչեց վերջին զանգը։ Ռազմական նախակրթարանն այս տարի թողարկեց 40 շրջանավարտ, ովքեր իրենց ուսումը կշարունակեն բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում։ Ի դեպ, շրջանավարտներից 11-ը աղջիկներ էին, նրանց թվում էր նաև Սվետլանա Հովհաննիսյանը, ով արդեն կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում։ Սվետլանան ապագա մոտոհրաձիգ է։ Ուսումը շարունակելու է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։Շրջանավարտներն ու հրամանատարադասախոսական կազմը նախ ծաղիկներ խոնարհեցին Ք. Իվանյանի հուշարձանին։
Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով, այնուհետև շրջանավարտներին օրհնանքի խոսք ասաց ՊԲ հոգևոր սպասավոր Գոռ սարկավագ Գյուրջյանը:
Ողջունելով ներկաներին` ՌՎ պետ փոխգնդապետ Վ. Հակոբյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ 15 ուսումնական տարիների, ռազմամարզական վարժարանի 2018-2019թթ. ուսումնական տարին աչքի է ընկնում իգական սեռի ներկայացուցիչների ավելի մեծ թվով։ Կարևորելով աղջիկների ներկայությունը ռազմամարզական դարբնոցի սաների շարքերում` զորամասի հրամանատարն ասաց, որ հենց աղջիկների շնորհիվ վարժարանում բուռն թափ է առել նաև մշակութային կյանքը։ Վ. Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց շրջանավարտներին ու նրանց հարազատներին, շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ իրենց երեխաների ուսումն ու դաստիարակությունը ռազմական կրթօջախին վստահելու համար, համոզմունք հայտնելով, որ վարժարանը մեր հասարակությանը տալիս է լիարժեք դաստիարակված, ֆիզիկապես կոփված, գաղափարապես զարգացած շրջանավարտներ։ ԱՀ ՙԱֆղանստանի պատերազմի վետերանների միություն՚ ՀԿ նախագահ Վ. Ղահրամանյանը շնորհավորեց շրջանավարտներին և պատվոգրերով պարգևատրեց շրջանավարտ վաշտի սպայակազմին ու մատենավարներին։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ՊԲ մարտական պատրաստության բաժնի պետ գնդապետ Ս. Սուրենյանը, շրջանավարտ դասակի մատենավար, ուսումնական մասի դասախոս սերժանտ Ա. Գրիգորյանը:
Շրջանավարտների անունից հանդես եկավ շրջանավարտ Դ. Աղաբեկյանը. ՙԵս և իմ ընկերներն այն սերունդն ենք, ովքեր 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ենք որոշել, որ մեր կյանքը պիտի նվիրաբերենք հայրենիքի պաշտպանի գործին՚։
ՌՎ պետի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Հ. Բաղդասարյանը հրապարակեց զորամասի հրամանատարի՝ շրջանավարտ վաշտի սաների պետական, ավարտական և միասնական քննություններին թույլատրելու մասին հրամանը։
Միջոցառմանն առանձնակի շուք հաղորդեցին շրջանավարտների խորհրդանշական վալսն ու աղջիկների հեզաճկուն պարը։ Իրենց թոթովախոս մաղթանքներով միջոցառումը ՙհամեմեցին՚ դպրոցահասակ փոքրիկները։ 1-ին և 3-րդ ՈՒՎ սաները շրջանավարտներին ողջունեցին ձեռնամարտի հնարքներով և հրաձգային զենքին արհեստավարժ տիրապետելու ունակություններով։ Հպարտությունը, թախիծն ու բերկրանքը միախառնվել էին իրար, համակել բոլորին։
Բարի երթ, սիրելի՜ շրջանավարտներ: