ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Հակոբ Այնթափլյան կենտրոնը թողարկեց իր առաջին շրջանավարտներին` 26 հոգի: Այդ կապակցությամբ այստեղ տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման արարողություն, որին ներկա էին ԱՄՆ-ից ժամանած Հակոբ և Լուտովիկա Այնթափլյանները` Կենտրոնի հիմնադիրներն ու պահպանողները:
Միջոցառման բացման իր խոսքում համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն ասաց, որ Կենտրոնը դարձել է բուհի գիտական աշխատանքները համակարգողը, և նրա շնորհիվ այստեղ շառավիղներ են ձգում աշխարհի տարբեր բուհեր: Նշեց, որ Հակոբ Այնթափլյանն առաջին հերթին անվանի հրապարակագիր է, արևմտահայ բանաստեղծ, բառարանագետ և ԱՄՆ-ում ճանաչված սրտաբան, մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկը, որը նաև բարեգործական ծառայություններով է նպաստում նրա առաջընթացին: Կենտրոնի մասին խոսում են ամբողջ աշխարհի հայերը, որովհետև այն իր տեսակի և նպատակի մեջ եզակի հաստատություն է. այստեղ դասավանդվում է նաև արևմտահայերեն: ՙԵթե ժամանակակից հայ գրական լեզվի մեջ բացակայում է արևմտահայերենը, նշանակում է մեր լեզուն հայերեն չէ: Այս հարցերին է նվիրված նաև ՙՀայոց լեզուն անաղարտ պահենք՚ գիտաժողովը Գանձասարում, որն ավելի հանգամանալից կանդրադառնա մեր լեզվի երկատվածությանը, որը տեղի ունեցավ խորհրդային տարիներին, բայց այսօր ազատ, անկախ Հայաստանում ու Արցախում մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը և պարտավոր ենք երկու լեզուները մերձեցնելով` դարձնել միասնական, մոտենալ դասական ուղղագրությանը, գրաբարին, այսինքն` ինքներս մեզ՚,-ասաց Վ. Հակոբյանը:
Համալսարանի զարգացման գործում մեծ է պարոն Այնթափլյանի ներդրումը, և հրապարակելով բուհի գիտական խորհրդի որոշումը Հակոբ Այնթափլյանին ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի դոկտորի պատվավոր կոչում շնորհելու մասին` ռեկտորը նրան հանձնեց վկայականը, ինչպես նաև կաղնեփայտի վրա փորագրված Գրիգոր Նարեկացու դիմաքանդակը:
Գիտական կենտրոնում կատարված աշխատանքները ներկայացրեց նրա տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանը: Ըստ նրա` մեծ պատիվ ու հպարտություն է, որ ավարտական վկայականները շրջանավարտները ստանում են հիմնադիրների ձեռքից: Այս մեկ տարվա ընթացքում նրանք ուսումնասիրել են գրաբար, արևմտահայերեն, արևմտահայ գրականություն, Հայկական հարցի պատմություն, սփյուռքահայ գրականություն: Կազմակերպել են գիտական, մշակութային, գրական մեծ թվով միջոցառումներ, որոնք նույնպես նպաստել են ուսանողների զարգացմանը: Կենտրոնի նշանակությունը մեծ է նաև լեզվի անաղարտության պահպանման առումով, քանի որ տարափոխիկ աշխարհաքաղաքական պայմաններում ազգային դիմագծի պահպանման համար շատ կարևոր է մեր լեզվի անաղարտության, միասնականության պահպանումը, մեր պատմությանը, մշակույթին տիրապետելը, որով ավելի ամուր կկանգնենք մեր հողի վրա: Այդ իսկ պատճառով Կենտրոնը հայերենապահպանության ու հայապահպանման մեծ առաքելություն է կատարում շնորհիվ պարոն Այնթափլյանի:
Կենտրոնի տնօրենը նշեց, որ արևմտահայերեն ուսումնասիրող ուսանողների 27-հոգանոց արդեն երկրորդ խումբն է ձևավորվել և համալսարանի ղեկավարության անունից երախտագիտություն հայտնեց Այնթափլյան ամուսիններին:
Շրջանավարտների անունից սրտի խոսք ասաց Աննա Ավանեսյանը: Ասմունքվեցին Նարեկացու ՙՏաղ վարդավառի՚-ին գրաբարով, արևմտահայ բանաստեղծների, ինչպես նաև` Հակոբ Այնթափլյանի ստեղծագործություններից:
Իր ելույթում, դիմելով շրջանավարտներին, Հակոբ Այնթափլյանն ասաց. ՙԿեանքի նպատակը միայն հարստութիւն դիզելը չէ, այդ հարստութիւնը նպատակին ծառայեցնելը: Հայերս գերագույն նպատակ մը ունինք` ծառայելու հայրենիքին, ազգին: Այստեղ ամբարեցիք գիտութիւն արևմտահայերենի և թե արևելահայերենի և որպես առաքյալներ պիտի ջանանք տարածել Դանիել Վարուժանի ՙՍերմանող՚-ի նման՚: Նա խոսեց նաև հայոց լեզվի երկատվածության մասին և ասաց, որ ՙՀայաստան-Արցախը, օրինակ, պետք է ըլլան միասնականութիւն` մեկ բառապաշար, մեկ ուղղագրություն և մեկ լեզու՚: