ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գոհար Մարտիկյանի ՙԱպրելու բանաձև՚ մատենաշարի 11-րդ հատորի արցախյան շնորհանդեսը

Հունիսի 25-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ռադիոլրագրող, հրապարակախոս, ՀՀ գրողների միության պատվավոր անդամ Գոհար Մարտիկյանի ՙԱպրելու բանաձև՚ մատենաշարի 11-րդ հատորի արցախյան շնորհանդեսը: Այն նվիրված է 2016թ. Ապրիլյան պատերազմում նահատակված հերոս մարտիկներին:
Միջոցառումը, որին ներկա էին ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված քաջորդիների հարազատները, նախաձեռնել էր Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրինությունը։
20-րդ դարավերջի հայ հերոսներից շատերին ու նրանց սխրանքի պատմությամբ սնված ու զորացած հայ անմահ հերոսների հիշատակին է ձոնված պատմական, գեղարվեստական և վավերագրական բազմահատոր ՙԱպրելու բանաձև՚ մատենաշարի 11-րդ հատորը՝ որպես պատգամ սերունդներին։ Արցախյան ազատամարտի նվիրյալների ոգին էր կրողն ու զորացնողն այն սերնդին, որը 2016թ. ապրիլին ծառս եղավ թշնամու դեմ, բռնուցքվեց ու պահեց երկիրը։ 21-րդ դարի հայ հերոսների սխրանքը սույն հատորում ևս դարձավ արցախյան նորօրյա տարեգրության փայլուն էջերից մեկը։
Հեղինակի կատարած աշխատանքը բարձր գնահատեց ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը. միության նախագահ Հասմիկ Միքայելյանը Գոհար Մարտիկյանին ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալ հանձնեց։ Բարձր են գնահատել նաև ԱՀ պաշտպանության նախարարությունն ու Զոհված ազատամարտիկների հարազատների միությունը (ԶԱՀՄ). պաշտպանության նախարարի հրամանով Գ. Մարտիկյանը պարգևատրվեց պատվոգրով, իսկ ԶԱՀՄ-ի կողմից՝ շնորհակալագրով։
Հավելենք, որ ինչպես 11, այնպես էլ 12-րդ հատորները կյանքի են կոչվել ՀՀ Նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Միջոցառման մասին առավել հանգամանալից՝ թերթի առաջիկա համարներից մեկում։