ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՇՈՒՇԻՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հուլիսի 19-ին Շուշիում, կերպարվեստի թանգարանին մերձ տարածքում տեղի ունեցավ Քանդակների պուրակի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, կառավարության այլ անդամներ։
Միջոցառումը բացեց ՙՇուշիի թանգարաններ՚ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանը` ներկայացնելով պուրակի ստեղծման համառոտ պատմությունը։ 37 քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Չինաստանից, Լեհաստանից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հայաստանից և Արցախից, մասնակցեցին քանդակագործների միջազգային 5 սիմպոզիումներին, ստեղծեցին քանդակներ և թվով 62 աշխատանք նվիրեցին Շուշիին, Արցախին։ Սիմպոզիումները, որոնք կայացել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, Շուշիի շրջվարչակազմի, ՙԱպագա սերունդներ՚ հիմնադրամի և այլ կառույցների օժանդակությամբ, կրում էին անվանի շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը։
ԱՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, ում նախաձեռնությամբ ստեղծվել է պուրակը, իր ելույթում երախտագիտություն հայտնեց քանդակագործներին, որ եկել, մասնակցել են սիմպոզիումներին, ստեղծել են արվեստի գործեր, որոնք այսօր զարդարում են Շուշի քաղաքի այս տեղանքը։ Ակադեմիկոսը երախտագիտություն հայտնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին, բոլոր նրանց, ում օժանդակությամբ անհրապույր այդ վայրը վեր է ածվել գեղեցիկ պուրակի, և որտեղ մարդիկ կայցելեն ու գեղագիտական հաճույք կստանան։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալով, ստեղծագործելով հինավուրց հայկական քաղաքում, իրենց աչքով տեսել են, որ կա, գոյություն ունի Արցախի Հանրապետությունը, որ այստեղ ապրում են աշխատասեր, հյուրասեր, խաղաղասեր, ստեղծագործ մարդիկ, և նրանք գնալով իրենց երկրները` դառնում են յուրօրինակ ՙդեսպաններ՚, արցախյան հիմնախնդրի քարոզիչներ։ Գ. Գաբրիելյանցը տեղեկացրեց, որ տեղանքի վերաբերյալ այլ ծրագրեր ևս կան, որ վայրը կդառնա մշակութային կենտրոն, ապա պուրակի բանալին հանձնեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին, ով իր ելույթում կարևորեց Գարբիելյանցի դերը պուրակի ստեղծման գործում և խոսեց այդ նորաստեղծ մշակութային միջավայրի պահպանման, զարգացման հեռանկարների մասին։
Նույն օրը կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որի հեղինակը Գրիգորի Գաբրիելյանցն է։ ՙՄարդիկ սովորաբար քայլելիս նայում են ոտքերի տակ, իսկ ինձ միշտ հետաքրքրել է երկինքը, հատկապես Ղարաբաղի երկինքը։ Իսկ երկինքը անսահման է, անհուն, առեղծվածային, երկինքը հայտնություն է, այն ինձ ոգեշնչում է։ Պատահականորեն իմ պատուհանից սկսել եմ նկարել, նկարել եմ տարբեր դիրքերից, օրվա ամենատարբեր պահերի և 300-ից ավելի լուսանկարներ եմ արել՚,- ասաց Գ. Գաբրիելյանցը՝ հավելելով, որ էքսպոզիցիան որոշել է նվիրել Արցախի դպրոցներին, որտեղ ապագա սերունդն է աճում։